Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Մանուկյան. «Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք, հավատացեք, կոռումպացված համակարգ չի եղել»

Նոյեմբեր 02,2012 13:05

Հատվածներ ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանի հարցազրույցից:

 

– Իրականում ընտրված 1-ին պառլամենտը, այո, 90-ին էր և, փա՜ռք Աստծո, որ այդ ընտրություններն անցան իշխանությունը հանձնողի խոհեմության ներքո։ … Սեփական բարեկեցությամբ զբաղվելն այդ ժամանակ անբարոյականությանը հավասար մի բան էր, 260 պառլամենտականներից ոչ մեկը բիզնեսով չէր զբաղվում։ Հիմա հակառակն է։

– Հակառակի խնդրին, անշուշտ կանդրադառնանք, բայց այս պահին, կառչելով Ձեր այն արտահայտությունից, որ 90-ին ունեցանք իրականում ընտրված պառլամենտ, կառաջարկեի անդրադառնալ հաջորդ ընտրությունների ընտրական գործընթացներին ու արմատավորվող մեխանիզմներին։

– 95-ի ընտրությունները նույնպես արդար էին ու թափանցիկ…

– Անվերապահորեն համաձայն եմ 90-ի, բայց հաջորդող ԱԺի և նախագահականի հետ՝ ոչ։ 95-96-ին երկրի ռելս փոխելու անհրաժեշտություն այլևս չկար, հիմքերը դրված էին, և այս ֆոնի վրա արդեն նկատվում էին ախորժակը տեղը մարդիկ, որոնց ձեռքերը, աստիճանաբար երկարելով, դերակատարություն ունեցան նաև ընտրական գործընթացներում։

– Անընդունելի է Ձեր տեսակետը, 95-ի ընտրությունները շատ էլ նորմալ են անցել, միայն մի փաստ ֆիքսենք, էդ ժամանակ ոչ մի կոպեկ չի բաժանվել։ Բացարձակ։ Ընտրական ախտը մեր մշակույթ մտավ 98-ից հետո ու գնալով խորացավ։

– Ինչո՞ւ, ո՞րն է պատճառը։ Փողի դերի բարձրացումը անհա՞տը բերեց, թե՞ դա հասարակության անապահով խավի պահանջն էր, որն այնուհետ լայն տարածում գտավ։ Ի վերջո, ընտրակաշառքը սոցիալակա՞ն ծագում ունի, թե՞ քաղաքական։

– Քաղաքական կամքի խնդիր է։ Երբ 1-ին դեմքը փող չի ուզում, 2-րդը նրան չի տալիս, երբ 2-րդը չի ուզում, 3-րդը չի տալիս։ Այսինքն՝ սա մի ամբողջ շղթա է, փոխկապակցված, և հիմնականում պայմանավորված մեկ մարդով։ Այստեղից էլ առաջ է գալիս տվյալ իշխանության լեգիտիմության հարցը։ Ժողովրդի կողմից ընտրված կառավարությունը պատասխանատվություն է ունենում, ոչ լեգիտիմը կապանքներից ազատ է, սեփական ժողովրդի հանդեպ զուրկ պարտքի ու պատասխանատվության զգացումից։ Իզուր չի ասված՝ պատասխանատվությունը հաճելի բեռ է, որով դու առաջնորդվում ես, իսկ մյուս կողմից՝ այն քեզ կաշկանդում է։ 98-ից սկսած ընտրվողն այլևս չուներ պարտքի զգացում, որովհետև չէր ընտրվել էն մարդու կողմից, ում հաշվետվություն էր տալու։

– Շեշտադրում արեցիք՝ «կախված է մի մարդու կամքից»։ Եվ այդ մեկը երկրի նախագահն է, ճի՞շտ է։

– Այո։

– Այդ դեպքում ի՞նչ տեղի ունեցավ Լևոն ՏերՊետրոսյանի հետ, նա՞ էլ դիմափոխվեց, մի՞թե ախտի առաջ դռները նրա օրոք չբացվեցին։

– Չէ, չէ, ի՞նչ եք ասում, հանրապետության առաջին նախագահի ժամանակ այդ ախտը չի եղել։

– Վարչական լծակներ չեն օգտագործվել, ընտրությունների արդյունքներ չեն կեղծվել, քվեաթերթիկներով լի արկղեր չեն գողացվելԴե, մենք էլ ոչ 96-ի նախագահական ընտրություններն ենք անցկացրել, ոչ էլ դրա հետևանքները տեսել, ա՞յս եք ուզում ասել։

– Ամենևին։ Ես չեմ ժխտում վարչական ռեսուրսների կիրառումը, առանձին կուսակցականների նկատմամբ ճնշումները։ Այո, եղել են նաև տեղային, խմբակային հայրենասիրության դրսևորումներ ու էլի շատ վատ բաներ։ Եղել են կաշառք վերցնող և կոռումպացված մարդիկ, չարաշահման ոչ քիչ դեպքեր, մի խոսքով, ամեն ինչ էլ եղել է, բայց Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք, հավատացեք, կոռումպացված համակարգ չի եղել։ Երբ ես ասում եմ, որ մինչև 1998-ը ընտրություններին փող չի բաժանվել, դա չի նշանակում, որ չեն եղել մարդիկ, ովքեր մեկի թոշակի կամ մյուսի երեխայի ուսման վարձի խնդիրը այլ կերպ են լուծել։ Եկեք իմ փաստարկները շրջված վիճակում չդիտարկենք։ Դեպքեր և երևույթ, համակարգ և անձեր, սա է խնդիրը, հետևապես՝ համակարգը դառնում է միջոց պառլամենտ մտնելու համա՞ր, թե՞ դա կիրառվող էլեմենտ է ընտրությունների ժամանակ։

Վահե ՄԵԼԻՔՅԱՆ

«Իրատես de facto»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930