Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ կլինի, եթե ԲՀԿ-ն ու ՀԱԿ-ը միավորվեն կամ դաշինք կազմեն։ Միավորումը կկոչվի ԲՀԱԿ

Նոյեմբեր 02,2012 12:55

Վերջին շրջանում հաճախակի են դարձել անդրադարձերը առաջիկա նախագահական ընտրություններում «Բարգավաճ Հայաստանի» ու ՀԱԿ-ի հնարավոր համագործակցության ու միասնական ճակատով հանդես գալու խնդրին։
Ի՞նչ կլինի, եթե ԲՀԿ-ն ու ՀԱԿ-ը միավորվեն կամ դաշինք կազմեն։ Ինչպես ֆեյսբուքյան սրամիտ օգտատերերից մեկն էր նկատել, տեղի կունենա այն, որ նման միավորումը կկոչվի ԲՀԱԿ (բարգավաճած ՀԱԿ կամ ՀԱԿ-ացած «Բարգավաճ»)։ Ինքնին հասկանալի է, որ երկու կամ ավելի քաղաքական ուժերի միավորումը, դաշինք կազմելը, տեւական համագործակցությունը այդ ուժերի, դրանց մարդկային, կազմակերպչական, նյութական ռեսուրսների ընդամենը մեխանիկական համատեղում չէ։
Ավելին՝ մեխանիկական միավորումը չի կարող կայուն լինել, ըստ այդմ, խոցելի է եւ ենթակա արագ կազմալուծման։ Նման համագործակցության համար անհրաժեշտ են գաղափարական որոշակի ընդհանրություն, տեսանելի հեռանկարում այդ ուժերի շահերի ու հետապնդած քաղաքական նպատակների մեծ մասի համընկնում։
Բայց ՀԱԿ-ԲՀԿ ենթադրյալ համագործակցության պարագան որքանո՞վ է համապատասխանում հիշյալ «դասական» նախադրյալներին։ Թույլ տանք մեզ նկատել, որ մեծապես չի համապատասխանում։ Խոսքը, իհարկե, ոչ թե դեկլարատիվ կանոնադրական ձեւակերպումների, այլ բուն, խորքային գաղափարական հենքի մասին է։ Ու այստեղ, նախ, դժվար է ասել, թե ԲՀԿ-ի ու ՀԱԿ-ի դեպքում ի՞նչ գաղափարական ընդհանրություն կարող է լինել։
Առանձին վերցրած ԲՀԿ-ի դեպքում այդ «գաղափարաբանությունը» բավական լղոզված է. մի կողմ դրեք լայնածավալ «բարեգործական ակցիաներն» ու ֆինանսական հնարավորությունների շերտը, եւ կարող է պարզվել, որ տակը գրեթե բան չի մնում։
ՀԱԿ-ի դեպքում վիճակն ավելի խճճված է, քանի որ այն իր հերթին մի ամբողջ շարք զանազան ու տարաբնույթ կազմակերպությունների համախումբ է։ Կազմակեպություններ, որ միմյանցից էապես տարբեր դիրքորոշումներ ունեն արտաքին քաղաքական, տնտեսական, սոցիալական եւ այլ հարցերում։
Հանրագումարում կարող է պարզվել, որ, ասենք «օլիգարխիկ համակարգ» ասելով՝ ՀԱԿ-ը մի բան է հասկանում, ԲՀԿ-ն՝ բացարձակապես այլ բան։
Նույն վիճակն է նաեւ նպատակների դեպքում։ Կոնգրեսը, ինչպես հայտնի է, հանդես է գալիս (համենայն դեպս, հանդես է եկել) ամբողջական իշխանափոխության, համակարգային կազմալուծման ու վերակազմավորման, բոլոր պետական, քաղաքական, հասարակական կառույցներն ու ինստիտուտներն իր պատկերացրած «ժողովրդավարական չափանիշներին» համապատասխանեցնելու դիրքերից։ Իսկ տեսանելի հեռանկարում հռչակած նպատակը, ինչպես ՀԱԿ համակարգող Լ.Զուրաբյանն օրերս հայտարարեց, նախագահ Սերժ Սարգսյանին տապալելն է։
Այստեղ էլ հարցեր են ծագում. արդյոք ԲՀԿ-ն նման նպատակներ ունի՞։ Խիստ կասկածում ենք, թե այդ ուժն իր առջեւ այդպիսի խնդիր է դրել։ Համենայն դեպս Լ.Զուրաբյանի հիշյալ հայտարարությամբ, թե միայն ԲՀԿ-ն ու ՀԱԿ-ը միասնական ուժերով կարող են իր նշած նպատակն իրականացնել, «Բարգավաճ Հայաստանը» լռությամբ արձագանքեց։
Նաեւ ուշադրություն է գրավում այն, որ ԲՀԿ-ն ու ՀԱԿ-ը ինչպես իրենց բնույթով, այնպես էլ կառուցվածքով եւ որոշումների կայացման իրենց մոդելներով բոլորովին տարբեր, եթե չասվի՝ հակոտնյա ուժեր են։
Բայց, լավ, ենթադրենք, որ այս ուժերը գաղափարական, նպատակային եւ այլեւայլ նման «մանր» խնդիրներ չունեն, այսինքն՝ այս առումներով իրենց հարաբերություններն ու հնարավոր համագործակցությունը խնդիրներ չունեն, թեպետ իրականում ամենեւին էլ այդպես չէ։
Հասկանալի է, որ նախագահական ընտրություններում ԲՀԿ-ՀԱԿ ենթադրյալ համագործակցության առանցքային խնդիրը պետք է լինի նույն թեկնածուին սատարելը։ Բայց այստեղ մեկ այլ մեծ հարց է ծագում՝ ո՞ւմ։ Ո՞վ է այդ թեկնածուն, ո՞ր ուժի ներկայացուցիչը։
ՀԱԿ-ը, հասկանալի է, նախագահի իր թեկնածուն ունի՝ իր առաջնորդ Լ.Տեր-Պետրոսյանը։ Ճիշտ է, նա դեռ որոշում չի կայացրել, բայց նույնիսկ տարաձայնություններ ունեցող ՀԱԿ-ականները, գոնե Տեր-Պետրոսյանի թեկնածության առումով գրեթե նույն բանն են ասում։ Այսինքն՝ եթե դիտարկվող ուժերը համագործակցեն, ԲՀԿ-ն պետք է պաշտպանի Լ.Տեր-Պետրոսյանի թեկնածությունը։
Հենց այստեղ էլ սկսվում է հարցերի մեկ այլ շարան, որից առանձնացնենք հիմնականներից մեկը։ ԲՀԿ-ն ընդամենը կես տարի առաջ տեղի ունեցած ԱԺ ընտրություններում մի քանի անգամ ավելի շատ ձայն է ստացել, քան նույն ՀԱԿ-ը, որը մի կերպ հաղթահարեց դաշինքների համար անցողիկ 7 %-ի շեմը։ Ուստի, ինչո՞ւ պիտի շատ ավելի մեծ թվով կողմնակիցներ ունեցող ուժը պաշտպանի ուժով ու հնարավորություններով իրեն մի քանի անգամ զիջող ուժի ներկայացուցչին։ Թվում է, տրամաբանական կարող է համարվել հակառակը։
Իսկ հակառակն այս դեպքում այն է, որ ԲՀԿ-ն առաջադրի իր թեկնածուն, ի դեմս Գագիկ Ծառուկյանի, ինչի մասին, «անձնական կարծիքի» մակարդակով, նշել է «Բարգավաճ Հայաստանի» խմբակցության քարտուղար Ն.Զոհրաբյանը։ Սակայն այստեղ էլ մյուս կողմից է հարց ծագում. կցանկանա՞ ՀԱԿ-ը պաշտպանել ԲՀԿ թեկնածուին։
Զուտ քաղաքական կապիտալի առումով դա կլինի այն վերջին քայլը, որ իր գոյության օրոք կանի ՀԱԿ-ը, քանզի նման հայտարարությունից հետո Տեր-Պետրոսյանի խմբավորումից միայն անվանումը կմնա։ ՀԱԿ-ը պարզապես կվերածվի կամ կընկալվի որպես ԲՀԿ կցորդ, «քաղաքական բանավեճերի ակումբի» պես մի բանի։
Ողջ խնդիրն այն է, որ եթե անգամ բոլոր այդ խոչընդոտները ԲՀԿ-ն ու ՀԱԿ-ը կարողանան հաղթահարել եւ ինչ-որ միասնական թեկնածու առաջադրել, ապա արդեն պրոբլեմ կունենան ընտրողների շրջանում ընկալելի լինելու տեսանկյունից։ Ինչպես իրենց համակիրները, այնպես էլ քաղաքացիների մեծամասնությունը պարզապես չեն ընդունի «սրի եւ խոփի» այդ միավորումը, որքան էլ որ գեղեցիկ ճառեր ասվեն։
Թե ինչպիսի բուռն կրքեր են եռում ՀԱԿ-ի ներսում ԲՀԿ-ի հետ համագործակցության թեմայի շուրջ, անցած շաբաթ տեսանելի դարձավ նաեւ նրանց, ովքեր մինչ այդ դա չէին նկատում կամ չնկատելու էին տալիս։ Մինչդեռ կրքեր եռում են ոչ միայն այնտեղ։ ԲՀԿ-ում էլ, դատելով արտահայտվող «անձնական կարծիքների» թվից, ոչ պակաս կրքեր են եռում։
Ամփոփենք. ՀԱԿ-ԲՀԿ միավորման կամ համագործակցության ու միասնական թեկնածուով հանդես գալու հարցն ընթացիկ քաղաքական օրակարգում գուցե գրավիչ ու աշխուժացնող թեմա է, բայց գործնականում նման իրական համագործակցության հավանականությունը այնքան էլ մեծ չէ, հակառակ դրա շուրջ բարձրացված աղմուկի։
Երկրորդ. եթե անգամ նման միավորում տեղի ունենա, ապա քաղաքական «առեւտրով» նման որոշման հանգած կուսակցական «վերեւները» կարող են հանկարծ պարզել, որ եթե անգամ չեն մնացել առանց «ներքեւների», ապա առնվազն լուրջ կորուստներ ունեն։
Այլ կերպ ասած, դա կարող է լինել այնպիսի մի «ջերմ» գրկախառնում, որը ճակատագրական ու վերջինն է դառնում գրկախառնվող ուժերից առնվազն մեկի համար։

Մեսրոպ ՍԱՀԱԿՅԱՆ

«Հայոց աշխարհ»

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930