ՀՀ քաղաքաշինության նախարարությանը մոտ կանգնած մեր աղբյուրներից տեղեկացանք Երևանի Խանջյան 20 հասցեի հարևանությամբ կառուցվող շինությունում օրերս տեղի ունեցած փլուզման պատճառների մասին:
Երբ երկրում գրեթե ամենուր բացակայում է կարգուկանոնը, հրդեհները և պայթյունները` փուչիկներից սկսած մինչև ավտոմեքենաների գազի բալոններ և ավտոգազալցակայաններ, մինչ «Արմենիան մոլիբդեն փրոդաքշն», «Նաիրիտ գործարան» ընկերություններ, դառնում են օրինաչափ: Իրավիճակի շտկման առումով լավատեսության հիմք, ցավոք, դեռ չկա, հետևաբար առանձնապես չենք զարմանա, եթե այդօրինակ դեպքերը շարունակվեն մեր երկրում:
Դեռ չէր մոռացվել Երևանի Շարուրի 37 հասցեում, զենքի արտադրությամբ զբաղվող «Էլեկտրոն» գործարանի արտադրամասերից մեկում մայիսի 29-ին տեղի ունեցած և գործարանի աշխատակիցներից երկու հոգու մահվան պատճառ դարձած պայթյունը և փլուզումը, երբ հոկտեմբերի 25-ին մայրաքաղաքում տեղի ունեցավ հերթական փլուզումը` այս անգամ շինարարությունում և առանց պայթյունի: Խանջյան փողոցի թիվ 20 շենքի մոտակայքում կիսակառույց շինության փլուզումից ֆիզիկապես տուժել են 11 հոգի, նրանցից երկուսի վիճակը դեպքի օրվա դրությամբ գնահատվել է ծանր: Միայն հրաշքով է, որ փլուզումը ողբերգությամբ չավարտվեց:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանի տեղեկացմամբ, հիշյալ վայրում զվարճալիքների կենտրոն և բացօթյա սրճարան կառուցելու համար 2009 թ. դեկտեմբերի 23-ին շինթույլտվության որոշում է տրվել «Լենա Թովմասյան» և «Մանկական զվարճալիքների կենտրոն» ՍՊԸ-ներին: Սկսենք նրանից, որ առանց այն էլ սրճարանախեղդ եղած մայրաքաղաքի կանաչ տարածքներում մի նոր, այն էլ երկաթբետոնե և առնվազն եռահարկ այդպիսի շինության կառուցման շինթույլտվություն տալը, Երևանի ճարտարապետական տեսքի աղավաղումն արդեն իսկ խստորեն դատապարտելի է: Թե ինչպես և ինչու են տրվում այսօրինակ թույլտվությունները, կարծում ենք, բոլորին էլ հասկանալի է: Պարզ է նաև, որ «շարքային մահկանացուներին» չեն տրվում: Երևանի քաղաքապետարանը վերոնշյալ որոշմամբ, փաստորեն, հերթական անգամ անտեսել է երևանցիների և, ընդհանրապես, մեր հասարակության շահը, արհամարհել քաղաքացիական հասարակության պահանջը` մայրաքաղաքի սրտում, հանրային կանաչ տարածքում արտոնելով ևս մեկ երկաթբետոնե խոցի առաջացումը:
Դարձյալ Ա. Գևորգյանի տեղեկացմամբ, 2011 թ. մարտի 17-ին քաղաքապետարանի որոշմամբ շինարարության իրականացման ժամկետներն երկարացվել են, սակայն այս տարի հերթական ստուգայցի ժամանակ քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումը պարզել է, որ այդ ժամկետը նույնպես լրացել է: Այդ պատճառով կիսակառույցի շինարարությունը դադարեցվել է: Դա եղել է այս տարվա օգոստոս-սեպտեմբեր ամիսներին, կազմվել է արձանագրություն, ինչից հետո քաղաքապետի որոշմամբ նշանակված 2 մլն դրամից ավելի տուգանքը վճարվել է: Առանց համապատասխան շինթույլտվության շինարարության փաստն առաջին անգամ հայտնաբերելու դեպքում տուգանքի չափը 2 մլն դրամ է, իսկ 2-րդ անգամ հայտնաբերելու դեպքում` 4 մլն դրամ և ավելի: Հետևաբար, քանի որ նշանակվել է 2 մլն դրամ տուգանք, կարող ենք եզրակացնել, որ դա ապօրինի (առանց համապատասխան շինթույլտվության) շինարարության արձանագրման ու դադարեցման առաջին փաստն է եղել:
Դրանից հետո աշխատանքների շարունակման նոր ժամկետի թույլտվություն ստանալու համար կառուցապատողը պետք է օրենքով սահմանված կարգով դիմեր քաղաքապետարան, սակայն հիշյալ դեպքի օրվա դրությամբ դեռ դիմած չի եղել, հետևաբար տվյալ պահին հիշյալ ընկերությունները շինարարական աշխատանքների իրականացման թույլտվություն չեն ունեցել: Պարզվել է նաև, որ մասնակիորեն փլված կիսակառույցի շինարարությունն իրականացրել է «Չիլինգարյան դիզայն և քոնսթրաքշն» ՍՊԸ-ն:
Դեպքի հաջորդ օրը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության համաձայն` «պարզվել է, որ «Չիլինգարյան դիզայն և քոնսթրաքշն» ՍՊԸ-ի կողմից շինարարական աշխատանքներ իրականացնելու ժամանակ տեղի է ունեցել նոր կառուցվող հարկի ծածկի` մոտ 800 քմ մակերեսով երկաթյա կառուցատարրերի փլուզում»: Իսկ ի՞նչն է եղել փլուզման պատճառը` նախագծից շեղո՞ւմը, անորակ շինարարությո՞ւնը, թե՞ շինանյութի կամ շինանյութերի անորակությունը…
Արդեն իսկ պարզ է, որ առանց Երևանի քաղաքապետարան դիմելու և շինարարական աշխատանքներ իրականացնելու կամ աշխատանքները շարունակելու թույլտվություն ստանալու, շինարարությունը շարունակելու համար պատասխան պետք է տան վերոնշյալ ընկերություններից առնվազն երկուսը` պատվիրատու հանդիսացող «Լենա Թովմասյան» և «Մանկական զվարճալիքների կենտրոն» ՍՊԸ-ները: Սակայն սա դեռ ամբողջը չէ: Ինչպես տեղեկացանք ՀՀ քաղաքաշինության նախարարությանը մոտ կանգնած մեր աղբյուրներից, հիշյալ շինարարության մի հսկայական հատվածն իրականացվել է ինքնակամ կերպով, նախագծից կոպիտ շեղմամբ: Մասնավորապես` նախագծով նախատեսված է նկուղային երկու հարկ և մեկ հարկ էլ դրանց վրա, գետնի մակերեսին, սակայն գետնի մակերեսին կառուցվել է երկու հարկ, 3-րդի շինարարությունն էլ ընթացքի մեջ է եղել:
Այնուհանդերձ, փլուզման բուն պատճառը նախագծից կոպիտ շեղումը չէ, այսինքն` եթե շինարարությունը թեկուզ նախագծից շեղմամբ, բայց շինարարության նորմերին ու պահանջներին համապատասխան իրականացվեր, բազմաթիվ մարդկանց տառապանքների և նյութական մեծ վնասի տեղիք տված փլուզումը չէր լինի: Նախնական տեղեկությունների համաձայն` փլուզման պատճառը կաղապարի («աբալովկա») սխալ մոնտաժումն է եղել: Բացի այդ, շինարարությունում կիրառված երեք պարզունակների («ռիգելների») թռիչքը չափազանց մեծ է եղել, յուրաքանչյուրինը` շուրջ 18 մետր: Սա նշանակում է, որ եթե նույնիսկ կաղապարի մոնտաժը ճիշտ իրականացվեր, վերոնշյալ խախտման պատճառով հետագայում, նույնիսկ շինարարության ավարտից հետո հնարավոր է, որ փլվեր ամբողջ կառույցը, որն արդեն կարող էր շահագործման հանձնված լինել և իր ներսում ունենալ բազմաթիվ երեխաներ ու ծնողներ: Շինարարության պատվիրատու հիշյալ ՍՊԸ-ներից բացի, այս ամենի համար, բնականաբար, պատասխանատու է նաև «Չիլինգարյան դիզայն և քոնսթրաքշն» ընկերությունը: Վերջինս, ըստ ԶԼՄ-ներում օրերս հրապարակված տեղեկատվության, կառուցում է նաև Ամենայն Հայոց կաթողիկոսի երևանյան նստավայրը: Պատասխանատվության իրենց բաժինն ունեն նաև Երևանի քաղաքապետարանը, շինարարության որակի տեխնիկական հսկողությունն իրականացնողը ու, թերևս, նաև այլ կառույցներ: Ինչո՞ւ…
ՀՀ քաղաքաշինության նախարարության տեղեկացմամբ, քաղաքաշինական պետական տեսչությունը կառուցապատող «Մանկական զվարճալիքների կենտրոն» ՍՊԸ-ի նկատմամբ դեռ այս տարվա հուլիսին կազմել է արձանագրություն: Ստուգումները խոչընդոտելու վերաբերյալ կազմված այդ փաստաթղթի հիման վրա, օգոստոսին, քաղաքաշինական պետական տեսչության պետի համապատասխան որոշմամբ, «Մանկական զվարճալիքների կենտրոն» ՍՊԸ-ի տնօրեն Հ. Հակոբյանի նկատմամբ նշանակվել է տուգանք նվազագույն աշխատավարձի 100-ապատիկի չափով, որը կառուցապատողը վճարել է: Մասնավորապես` տվյալ ընկերությունը չի ներկայացրել ստուգումներին առնչվող համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերը: Տեսչությունը հաշվի առնելով վերոնշյալը, դիմել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչություն: Ինչպես տեղեկացանք ՀՀ քաղաքաշինության նախարարի մամուլի քարտուղար Լուսինե Մարգարյանից, քաղաքաշինական պետական տեսչության տեսուչները և Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության աշխատակիցները ս. թ. օգոստոսի 15-ին միասին գնացել են շինհրապարակ և նույն օրը համատեղ ուժերով դադարեցրել տվյալ օբյեկտի շինարարական աշխատանքները:
Վերոնշյալով փաստվում է, որ քաղաքապետարանի աշխատակազմի հիշյալ վարչության համապատասխան աշխատակիցները օգոստոսի 15-ին անձամբ տեսել են, որ չնայած իրենց կողմից դրանից կարճ ժամանակ առաջ ապօրինի շինարարության փաստը հայտնաբերելուն, այն դադարեցնելու պահանջին և արձանագրություն կազմելուն, «Լենա Թովմասյան» և «Մանկական զվարճալիքների կենտրոն» ՍՊԸ-ները դարձյալ շարունակել են ապօրինի շինարարությունը: Բնականաբար, հարց է առաջանում, թե ինչո՞ւ այս կապակցությամբ չի կազմվել երկրորդ արձանագրությունը, որով հիշյալ ընկերությունները տուգանվելու էին արդեն 4 մլն դրամ և ավելի: Իրենց այդ անգործությամբ վարչության աշխատակիցները, գուցե նաև` վարչության պետը, ո՞ւմ և ինչո՞ւ են լավություն արել:
Ի դեպ, հնարավոր է, որ օգոստոսի 15-ին ապօրինության փաստն առաջին անգամ է հայտնաբերվել, իսկ Ա. Գևորգյանի նշած ստուգայցի ժամանակ, որից հետո ավելի քան 2 մլն դրամի տուգանք է նշանակվել, ապօրինի շինարարության արձանագրումը և դադարեցման պահանջը եղել է երկրորդ անգամ (տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետն այդպես էլ, չնայած մեր բանավոր համառ հարցմանը, ստուգայցի օրը չնշեց, որպեսզի կարողանայինք որոշել, թե ապօրինի շինարարության որ արձանագրումը որից հետո է եղել, ասաց միայն ստուգայցի մոտավոր ժամկետը` 2012 թ. օգոստոս- սեպտեմբեր): Այնուհանդերձ այս դեպքում էլ հարց է առաջանում, թե օգոստոսի 15-ին օրինախախտման փաստին ականատես լինելուց հետո, ինչո՞ւ արձանագրություն չի կազմվել ու տուգանք չի նշանակվել, ինչից հետո արդեն, երբ ստուգայցի ընթացքում կրկին հայտնաբերվել է առանց համապատասխան շինթույլտվության շինարարության շարունակման փաստը, տուգանքի չափը դրա կրկնապատիկն էր լինելու:
Ավելին. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության աշխատակիցները, չնայած ս. թ. օգոստոս-սեպտեմբերին, երբ հիշյալ շինության նախագծային կոպիտ շեղումները, մասնավորապես` հարկայնության գերազանցումն ակնհայտ են եղել, երկու անգամ այցելել են տվյալ կառույցի շինհրապարակ, սակայն երկու անգամ էլ չտեսնելու են տվել նախագծային կոպիտ շեղման փաստը: Եթե այս ամենը կոռուպցիայի արտահայտություն չէ, ի՞նչ է: Եթե Երևանի քաղաքապետարանից ողջախոհ ժամկետում մենք վերոնշյալի կապակցությամբ չստանանք համապատասխան պարզաբանումներ կամ բացատրություն, թեմայի վերաբերյալ մեր հաջորդ հրապարակման մեջ արդեն ոչ թե հարց կտանք, այլ կատարվածը կգնահատենք որպես Երևանի քաղաքապետարանն ախտահարած կոռուպցիայի արտահայտություն:
Հիշյալ փլուզման փաստի առթիվ ՀՀ ոստիկանության Կենտրոնի քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի հատկանիշներով (աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելը), իրականացվում է նախաքննություն: Հետևաբար, վերոնշյալ փաստերի վրա հրավիրում ենք նաև հիշյալ բաժնի, ինչպես նաև ՀՀ ոստիկանության, գլխավոր դատախազության, հատուկ քննչական ծառայության ուշադրությունը:
«Հայացք»