Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Սարգսյան. երբ խոսում ես՝ ինչպիսին պիտի լինի մեր հայրենիքը, ունկնդիրներդ սկսում են հորանջել

Նոյեմբեր 02,2012 12:41

Հատված «Հանրապետություն» կուսակցության  նախագահ Արամ Սարգսյանի հարցազրույցից:

 Չե՞ք կարծում, որ ժողովուրդը պասիվացել է նաեւ այն պատճառով, որ ընդդիմությունը հարթակից, հիմա նաև խորհրդարանական խոսափողով՝ ասում է, որ իշխանությունը վատն է, սխալ է, կողոպտիչ է, բայց չի ներկայացնում ծրագիր, թե ինքն ինչպես է տեսնում վատը լավ, սխալը ճիշտ դարձնելու, կողոպուտը դադարեցնելու հնարավորությունը։

 

– Ես շատ կուզեի, որ այդպես լիներ, բայց վերջին շրջանում իմ ունեցած հանդիպումները վկայում են, որ երբ խոսում ես՝ ինչպիսին պիտի լինի մեր հայրենիքը, ինչ պետք է արվի, որ երկիրը երկիր դառնա, ունկնդիրներդ կոմունիստական ժամանակների ժողովականների են հիշեցնում և սկսում են հորանջել, իսկ երբ խոսում ես իշխանափոխության մասին, ակտիվանում են։ Գործնականում հասարակությունը չի հավատում որևէ ծրագրի իրականություն դառնալուն՝ առանց գործող դեմքերի փոփոխության։

Դուք փոփոխության հնարավորություն տեսնո՞ւմ եք։

– Այո, վերջին 20-25 տարում մենք այնպիսի փոփոխությունների ականատես եղանք՝ սկսած ԽՍՀՄ փլուզումից մինչև Սադամ Հուսեյն, Հոսնի Մուբարաք ու Մուամար Քադաֆի, որ փոփոխությունների հնարավորությունը շատ ավելի իրատեսական է, քան ճահճացած վիճակի պահպանումը։

Իսկ մեր պարագայում ժողովուրդն ի՞նչ պետք է անի։

– Ժողովուրդը, մենք էլ նրա հետ, պիտի թույլ չտանք, որ Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը մեր փոխարեն որոշեն, թե ով պետք է լինի երկրի նախագահ և ով՝ կառավարության անդամ։ Ընդհանրապես դա կարող է իրականություն դառնալ՝ առաջին՝ հասարակական լայն զանգվածների ճնշմամբ, այնպես, ինչպես Վրաստանում և Ուկրաինայում, և երկրորդ՝ իշխանական բուրգի փլուզմամբ, որը հեղաշրջում չէ ու համակարգային փոփոխություն է բերում, եթե հրապարակում կա հավաքված ու պայքարող ժողովուրդ։ Իսկ դրա համար մենք պետք է վերականգնենք ժողովրդի հավատը և ընտրությունը իշխանություն-իշխանություն դաշտից տեղափոխենք իշխանություն-ընդդիմություն դաշտ։

Դուք հավատում եք, որ ժողովուրդը նորից կհավատա՞ ընդդիմությանը։

– Ժողովուրդը հավատում է ինքն իրեն, ուզում է լուծված տեսնել նորմալ կյանքի ապահովման իր խնդիրները, և եթե դա չի անում իշխանությունը, բնականաբար, ձևավորվում է այն ընդդիմությունը, որ պիտի դա անի, և արդեն միմյանց հավատալ-չհավատալու հարց չի առաջանում։ Համատեղ քայլերի անհրաժեշտությունն է միաձուլում ժողովրդին ու ընդդիմությանը, ընդհանրական դարձնում թե հավատը, թե հավատարմությունը, թե կամքը, թե մարտավարական խնդիրների լուծման տարբերակների ընտրությունը։

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

«Իրատես de facto»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930