«Նոյեմբերի 6-ին Գ.Սունդուկյանի անվան թատրոնում կցուցադրվի «Ռոմեո եւ Ջուլիետ» բեմադրությունը, փորձերը արվել են մեզ հատկացված նոր դահլիճում, մինչեւ ավարտվեն վերանորոգման աշխատանքները: Մեզ հատկացվել է մեկ դահլիճ եւ փորձերը երեք ժամ են տեւում, կաշխատենք հավուր պատշաճի պատրաստվել, որպեսզի հանդիսատեսին ներկայանանք պատրաստ կազմով եւ պահպանենք մեր ֆիզիկականը: Ցանկանում ենք, որ մեր խոհանոցի հետ հանդիսատեսը ծանոթանա, իսկ վերջում կլինի հարց ու պատասխան հանդիսատեսի եւ դերակատարների միջեւ: Սա մի նոր ձեւ է, եւ հադիսատեսը ավելի մոտիկից կհասկանա թե ինչ է կատարվում կուլիսների հետեւում»,-Ալեքսանդր Սպենդարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետային խմբի գործունեության իրավիճակի զարգացումների եւ խնդիրների մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց գլխավոր բալետմեյստեր Ռուդոլֆ Խառատյանը:
Վերջերս Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմը վերանորոգման էր ենթարկվել, ուստի բալետային խմբի անձնակազմը մնացել էր ձեռնունայն եւ խումբը ստիպված էր թատրոնը լքել եւ իր փորձերն այլ վայրում տեղափոխել: Խմբին հատկացվել է Խաչատուր Աբովյանի անվան Պետական Մանկավարժական համալսարանի Կուլտուրայի ֆակուլտետի պարավեստի բաժնի դահլիճը: Երկու ամիս շարունակ խումբը իր պարապունքները այնտեղ կանցկացնի, մինչեւ ավարտվեն վերանորոգումները: Նախորդ ասուլիսի ժամանակ Ռուդոլֆ Խառատյանը շատ էմոցիոնալ վերաբերվեց նման որոշմանը, սակայն հիմա ամեն ինչ հանդարտվել է եւ փորձերը անցնում են հիանալի:
«Խնդիրը մասամբ լուծվել է, հնարավոր է, որ նման որոշում չլիներ եւ բալետը աղետի առաջ կանգներ: Բալետ սիրողները նախկինում շատ էին, հանդիսատեսը կա եւ այժմ նրանք նոստալգիայով են նայում, սակայն թիրախ ենք ընտրել երիտասարդներին: Մեր խնդիրն է երիտասարդներին բերել թատրոն, կրթել եւ ցույց տալ, թե ինչ արժեք է բալետը եւ ինչ հարցեր կարող են լուծվել բալետային ներկայացումներով»:
Գլխավոր բալետմեյստերը կարծում է, որ ունենք շատ լավ ֆուտբոլի ու շախմատի թիմ, դրանք մտային, էմոցիոնալ եւ ֆիզիկական են, ցանկանում է, որ դրանց կողքին լինի բալետի խումբ, որը կարողանա եւ ապահովել այդ ֆիզիկականը եւ մտայինը, գումարած դրան՝ թատերականը.
«Ունենք հումք, շատ լավ պոտենցիալ, սակայն գնում ու երկրից հեռանում են, որովհետեւ երկրում պանիկա կա, չեմ հասկանում ինչի համար, կոչ եմ անում, որ չգնան, քանի որ ուր էլ գնան նրանք էմիգրանտներ են լինելու, դա իրենց հայրենիքը չի լինելու: Բալետը արվեստ է , որը մարդու սրտին է կպնում, այլ ոչ թե մտքին, մենք ցույց ենք տալիս պատմություն, գրողների ու պոետների մասին, ցույց ենք տալիս մեր գեղարվեստական արժեքները»:
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ