Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյանը կառաջադրի իր թեկնածությունը

Նոյեմբեր 02,2012 12:23

«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննսիյանը այսօր «Փաստարկ» ակումբում հայտարարեց, որ առաջիկա նախագահական ընտրություններում իր թեկնածությունը առաջադրելու է. «Այսօր ես հայտարարում եմ առաջիկա նախագահական ընտրությունում իմ թեկնածությունն առաջադրելու մասին։

Սա ես անում եմ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ով կրում է պատասխանատվություն եւ մեղք այսօրվա իրավիճակի համար, ինչպեսեւ ուզում է մասնակցել դրա հաղթահարմանը, ապաքինմանն ու թողությանը:

Հավաքական թեկնածության այս հայտի մասնակցության հրավեր եմ հղում Հայաստանի շարքային քաղաքացիներին, մտավորականներին, երիտասարդներին, հանրային հոսանքների ակտիվիստներին, իրավունքի պաշտպաններին եւ քաղաքական կուսակցություններին, բոլոր հայերին ու հայաստանցիներին, ովքեր հավատում են, որ մեր երկիրը` դա մեկի կուսակցական սեփականություն չէ, այլ Հայաստանի Հանրապետությունն է, որի նախագահն անձնական օրինակով, ընտանիքով, շրջապատով, գործընկերներով պետք է կրի, առաջին հերթին, օրենքի ողջ ուժը` ե´ւ խստությունը, ե´ւ պատասխանատվությունը:

Նրա´նց մասնակցությունը եւ զորակցությունը, ովքեր ուզում են տեսնել Հայաստանը` որպես ժողովրդավարական խորհրդարանական հանրապետություն: Ովքեր ակնկալում են, որ իրենց նախագահի ընտանիքը ոչ թե կհարստանա, այլ կաղքատանա, քանի դեռ Հայաստանում թեկուզ մեկ աղքատ ընտանիք կա: Ովքեր ուզում են տեսնել իրենց Հանրապետությունը, մեր Հանրապետությունը` որպես ինքնիշխան, տարածաշրջանում սեփական ինքնությունը, արժեքն ու առաջատարությունը գնահատող երկիր: Ովքեր գիտակցում են ազգային շահի հետապնդման, հռչակման եւ իրացման անհրաժեշտությունը շատ կարեւոր այս ժամանակահատվածում: Եվ, ի վերջո, նրա´նց զորակցությունը, ովքեր համարում են, որ Հայրենիքին ու Մայր հողին համահավասար արժեք է Մարդը, եւ շարքային հայաստանցին պիտի իր երկրում ապրի արժանապատիվ աշխատանքով ու փողով, հավատքով ու արարումով:

Ես կրում եմ իմ քայլերի, իմ նախաձեռնությունների, իմ խոսքերի ողջ պատասխանատվությունը, բայց մի բան, որ ես չեմ հանդուրժել երբեք եւ չեմ հանդուրժելու ո՛չ ինձանից, ո՛չ իմ մերձավորներից, ո՛չ նախագահներից կամ ընդդիմադիր գործիչներից, կուսակցապետերից կամ շտաբի պետերից՝ դա սուտն ու կեղծիքն է, որն արվում եւ ուրացվում է, կրկնվում եւ խորացվում է` անգամ ժողովրդի մեջ մեղսակցության որոնմամբ: Ես դա չեմ հանդուրժելու:

Եթե առաջիկա ընտրությունները լինեն 1991 թվականից այսկողմ առաջին անգամ ազատ, արդար, ոչ թե միջազգային, այլ հայկական չափանիշներին համապատասխան, Հայաստանը կունենա նոր նախագահ կամ նվազագույնը` առանց չակերտների լուրջ մրցակցություն:

Իսկ եթե չեղան, ես պատրաստ եմ քաղաքացիական մեր պայքարը տանել ոչ թե մինչեւ վերջ, որովհետեւ վերջը շատ հեռու է, այլ մինչեւ ժողովրդին պատկանող, ժողովրդին վայել հաղթանակ: Եթե ժողովուրդը` մեր երկրի տերը, դա ցանկանա եւ պատրաստ լինի, ի վերջո, իր գործն ու խոսքը մեկ անել:

Սա իմ համեստ առաջարկն է Հայաստանի ժողովրդին եւ քաղաքացիներին: Ես մեկ անգամ, միայն մեկ անգամ եմ լինելու նախագահի թեկնածու, եւ այլեւս` երբեք: Հարակից ու ածանցյալ հարցերին կպատասխանեմ այս ակումբում` մի քանի օր անց»:

Ր. Հովհաննիսյանը հեռացավ առանց հարցերի պատասխանելու՝ խոստանալով հաջորդ ասուլիսին՝ երկուշաբթի օրը, պատասխանել բոլոր հարցերին:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930