Լրահոս
Օրվա լրահոսը

Չհավատալով՝ մասնակցելու են Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստին

Նոյեմբեր 02,2012 12:02

 ՀՅԴ եւ «Ժառանգություն» խմբակցությունները, չհավատալով վարչապետ Տիգրան Սարգսյանի հրավիրած հավաքի նպատակի անկեղծությանը, այնուամենայնիվ, մասնակցելու են Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստին։ «Անկախ ամեն ինչից՝ հանրապետության վարչապետն է, եւ վարչապետը հրավիրել է, կգնանք եւ ներկա կլինենք այդ նիստին։ Սա՝ զուտ քաղաքական էթիկայի տեսանկյունից»,- մեզ հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը։

Նրա մասնակցությունը նիստին զուտ էթիկայի տեսանկյունից է լինելու, որովհետեւ, ինչպես ինքը նշեց, Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը առնվազն տասը տարի գործում է եւ որեւէ արդյունավետություն չի ունեցել։ Վարդանյանը չի հավատում Սերժ Սարգսյանի՝ արմատական վիրահատություններ անելու վերաբերյալ «ուղերձին», ելնելով այդ խորհրդի գործունեությունից։ Ըստ Դաշնակցության՝ մեզ նման կոռուպցիոն ռիսկեր պարունակող երկրներում շատ ավելի ճիշտ է ունենալ այդ ոլորտի հաճար հատուկ մարմին՝ կոռուպցիայի դեմ պայքարի գործակալություն, որը կունենա հատուկ պայմաններ եւ իսկապես կզբաղվի դրա դեմ պայքարով, ոչ թե տասը տարի միայն խորհրդի նիստեր կանի եւ կասի, որ վիճակը խայտառակ է։

Ո՞րն է հատուկ կառույց ստեղծելու իմաստը, եթե արդեն ստեղծված են ԱԱԾ-ն, դատախազությունն ու ոստիկանությունը՝ մեր դիտարկմանն ի պատասխան դաշնակցական պատգամավորը մատնանշեց աշխարհի փորձը։ «Եվ ի վերջո, բոլոր այդ մարմիններն ունեն իրենց բազմաթիվ այլ գործառույթներ, եւ շատ հաճախ, ցավոք՝ մեր երկրում նաեւ, դրանց խաչաձետւմներն են ոչ հարմար վիճակներ ստեղծում»,- ասաց Աղվան Վարդանյանը։

Նիստում ՀՅԴ-ի կողմից հնարավոր է լինեն առաջարկություններ, հնարավոր է՝ ոչ։ Դա, պատգամավորի խոսքով, կախված կլինի նիստի ընթացքից: Անկախ դրանից, հատուկ մարմին ստեղծելու առաջարկությունը ՀՅԴ-ն շարունակելու է պնդել հնարավոր բոլոր տարբերակներով։

Ըստ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանի՝ խորհրդի նիստին կմասնակցի իրենց խմբակցության պատգամավոր Ռուբեն Հակոբյանը։ Իսկ կլինեն հակակոռուպցիոն բնույթի առաջարկություններ, թե ոչ, ըստ Փոստանջյանի, ցույց կտա նիստի ընթացքը։ «Կգնանք, կտեսնենք, թե ինչ է իրենից ներկայացնում, մեր ապագա անելիքը կորոշենք, նաեւ ձեզ կտեղեկացնենք։ Հնարավոր է, որ դա լինի հերթական քարոզարշավի բաղադրիչներից, բնականաբար՝ մենք մասնակցություն չենք ունենալու»,- ասաց Փոստանջյանը՝ հավելելով. «Պետք է դեռ պարզենք, թե այդ խորհուրդն ինչ լիազորություններ կունենա, եւ որքանով այդ լիազորությունների շրջանակում կարող ենք իրականացնել մեր պատկերացրած պայքարը կոռուպցիայի դեմ»։

Կարծում եք, սա հերթական PR ակցիայի՞ է վերածվելու՝ մեր այս հարցին պատգամավորը պատասխանեց. «Իհարկե՝ չեմ կարող բացառել»։ Իսկ հարցին՝ նախապես հակված եք չհավատալու հրավերի ազնվությանը, այսպես արձագանքեց. «Իհարկե։ Էնպիսի մարդիկ են հրավիրում, որ երբեւիցե հավատ չեն ներշնչել։ Իրենք իրենց հավատալու խնդիր ունեն, հետո՝ նաեւ մեզ հավատացնելու»։

Գագիկ ԱՂԲԱԼՅԱՆ

Հայկական ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930