Ընդհանրապես կոռուպցիայի դեմ «պայքարը» ՀՀ-ում ամենահումորային թեմաներից է։ Օրինակ, ընդամենը 5 ամիս առաջ ՀՀ վարչապետը Բելգիայում մի հարցազրույց էր տվել։ Լրագրողը հարցրել էր. «Պարոն վարչապետ, հայտնի է կոռուպցիայի դեմ պայքարում Վրաստանի հաջողված փորձը, ինչո՞ւ դա չի կիրառվում նաեւ Հայաստանում»։ Վարչապետի պատասխանը սա էր. «Պատասխանը շատ պարզ է, որովհետեւ Հայաստանում ընդունելի չէ փոփոխությունների հեղափոխական ճանապարհը։ Մենք գնում ենք էվոլյուցիոն փոփոխությունների ճանապարհով…»: Հիմա էլ հայտարարվում է «վիրահատական մեթոդների», այսինքն՝ «Վրաստանի հաջողված փորձի» կիրառման մասին։ Ընդամենը 5 ամիս։ Միայն սրանից կարելի է պատկերացում կազմել, թե որքանով է լուրջ կոռուպցիայի դեմ պայքարը Հայաստանում։
Ուսումնասիրելով կոռուպցիայի դեմ հայկական պայքարի 8-ամյա պատմությունը, կհամոզվենք, որ ահռելի եռանդ է ծախսվել, որպեսզի կոռուպցիայի դեմ պայքար չտարվի։ Ինչ բառեր, ինչ նախադասություններ, ինչ տերմիններ ասես չեն հորինվել ու իրար միացվել, որ «պայքարի» պատմավեպը հնարավորինս հարուստ լինի։ Ու պետք է նկատել, որ Սերժ Սարգսյանն այդ իմաստով անգերազանցելի է եղել։ Մի քանի մեջբերում դեռեւս վարչապետ Սերժ Սարգսյանի 2007թ. հունիսի 26-ի ԱԺ-ում ունեցած ելույթից. «Կոռուպցիայի, ստվերային տնտեսության հաղթահարումը ենթադրում է նաեւ հոգեբանական բարդույթի հաղթահարում։ Հարկերից խուսափելը եւ կաշառակերությունը պետք է դիտարկվեն անպատվաբեր եւ հանրության կողմից դատապարտելի երեւույթ։ Մեր շարքերում չպետք է հանդուրժենք ներողամիտ մոտեցում եւ պետք է սկսենք մեզանից; Մենք չպետք է հաշվի առնենք բարեկամական կապերը… կուսակից չհամարենք այն մարդկանց, ովքեր խուսափելու են հարկերի վճարումից եւ հանդուրժելու են այս արատավոր երեւույթը…»: Զգում եք, չէ՞, որքան էքսպրեսիա կա այս խոսքի մեջ։ Իսկ դեռ որքան չասված բառեր կան…
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Կարդացեք նաև
«Հայկական ժամանակ»