Լրահոս
Օրվա լրահոսը

Առճակատում Թուրքիայի նախագահի եւ վարչապետի միջեւ

Նոյեմբեր 02,2012 11:40

Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը եւ վարչապետ Ռեջեփ Էրդողանը Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ հանրապետության նախկին ղեկավար Ռաուֆ Դենքթաշի հուղարկավորության ժամանակ, Նիկոսիա, հունվար, 2012թ.

Թե՛ Գյուլը եւ թե՛ Էրդողանը անընդունելի են համարում «երկգլխանի կառավարումը»։

Թուրքիայում է՛լ ավելի է սրվել վարչապետի եւ նախագահի միջեւ առճակատումը՝ երկրի կառավարման ղեկը ստանձնելու շուրջ, երկուսն էլ հրապարակավ մեկը մյուսին հիշեցնում են սեփական լիազորությունների շրջանակն ու հայտարարում, թե թույլ չեն տա երկգլուխ իշխանություն:

Հարաբերությունները սրվել էին Հանրապետության տոնի առթիվ օրեր առաջ Անկարայում կազմակերպված միջոցառումներից հետո, երբ Ռեջեփ Էրդողանի կառավարությունը արգելել էր ընդդիմադիրներին բողոքի ցույց անցկացնել Թուրքիայի հանրապետության հիմնադիր Աթաթուրքի դամբարանի մոտ: Արգելանքը բողոքի ալիք էր բարձրացրել երկրում, փողոցներում բախումներ էին արձանագրվել, ոստիկանները բռնություններ ու ջրցան մեքենաներ էին կիրառել:

Մինչդեռ նախագահ Աբդուլա Գյուլը, ըստ հրապարակումների, առավել հանդուրժողական վերաբերմունք էր դրսեւորել եւ հորդորել էր Անկարայի նահանգապետին թույլատրել ընդդիմադիրների երթն ու հանել բարիկադները:

Գյուլի այս դիրքորոշումն ակնհայտորեն զայրացրել էր կառավարության առաջնորդին, ով նախ ասել էր, թե կասկածում է, որ նախագահը կարող է նման բան ասած լինել, հետո էլ ակնարկել, որ ասելու դեպքում Գյուլն անցել է իր լիազորությունները:

«Թուրքիայում չի կարող երկգլխանի կառավարում լինել: Որպես վարչապետի` իմ պարտականությունները հայտնի են, նմանապես` նաեւ նախագահինը», – հայտարարել էր էրդողանը:

Հայտարարության արձագանքը չուշացավ։ Հենց երեկ, ընդունելով Բոսնիա-Հերցեգովինայի դեսպանին, Թուրքիայի նախագահն օգտագործել է առիթն ու հայտարարել. – «Չկա առավել նորմալ բան, քան այն, որ ես` որպես նախագահ, կոչ եմ անում իշխանություններին ըստ արժանվույն անցկացնել Հանրապետության օրվան նվիրված տոնակատարությունները՝ ողջ երկրով մեկ»։ Ընդ որում, Գյուլն ընդգծել է, որ երկգլխանի կառավարմանը դեմ է նաեւ ինքը, սակայն այս հարցում, եթե պետք է լինի մեկ գլուխ, ապա դա հենց նախագահինն է, ինչն ամրագրված է նաեւ Թուրքիայի սահմանադրությամբ ու օրենքներով։

Փոխադարձ այս հայտարարություններից հետո` երեկ արդեն, թուրքական Zaman-ի հաղորդմամբ, նախագահը վարչապետին հրավիրել է նախագահական «Չանկայա» պալատ, հանդիպման մասին, սակայն, առայժմ մանրամասներ չեն հաղորդվում:

Փոխարենը, ընդդիմադիր կուսակցություններն են ողջունում նախագահ Գյուլի դիրքորոշումն ու ակնհայտորեն աջակցություն հայտնում նրան՝ Էրդողանի հետ տարաձայնություններում։

«Նախագահի դիրքորոշումն այս հարցի վերաբերյալ շատ տրամաբանական է», – հայտարարել է ամենամեծ ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության առաջնորդներից մեկը՝ միաժամանակ քննադատելով վարչապետ էրդողանին։

Հեղինե Բունիաթյան

«Ազատություն» ռադիոկայան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930