Հատված Հրաչ Քեշիշյանի հարցազրույցից «Գարեգին Նժդեհ» ֆիլմի մասին:
– Նման պատմական կերպարի մասին ֆիլմ նկարահանելուց առաջ ի՞նչ աղբյուրներից եք օգտվել, խորհրդատուներն ովքե՞ր են։
– Իրանք շատ են, գրականության թիվն էլ բազմաթիվ է, բայց հիմնական հեղինակը եղել է ինքը՝ Գարեգին Նժդեհը։ Նախապատրաստվել ենք մոտավորապես 7-8 ամիս, իսկ որոշ բաներ տարիների ընթացքում իմ մոտ գրառված էին, նշված։ Իմիջիայլոց, թեթեւ քոմենթներ կան, թե Նժդեհի մասին նոր եմ իմացել, եւ այլն, եւ այլն, դա էլ շատ ծիծաղելի է ինձ համար, որովհետեւ
Կարդացեք նաև
եթե ես, օրինակ, 5 տարեկանում գիտեի Նժդեհի մասին, էդ ի՞նչ ա նշանակում՝ ես 5 տարեկանո՞ւմ պիտի ֆիլմ նկարեի Նժդեհի մասին։
– Իսկ ինչո՞ւ Նժդեհի մասին ֆիլմ նկարելու պատվերը հիմա իջավ։
– Ես մոտավորապես 5 տարի ունեմ այդ մտահղացումը՝ նկարել «Գարեգին Նժդեհ» ֆիլմ։ Ուղղակի ես ունեմ հետեւողական բնավորություն եւ ամեն ինչ անում եմ, որ, այսպես ասած, իմ ոչ շատ ծանր երազանքները, նպատակները իրականություն դառնան, դա ես փորձեցի անել այս տարի, ու ստացվեց։
– Այնուամենայնիվ, Նժդեհի ֆիլմն ընկալվում է որպես ՀՀԿ–ի պատվեր՝ քարոզարշավի ռոլիկ նախագահական ընտրություններից առաջ, ու գուցե պատահական չէ, որ այն հենց այս տարի իրականացավ։
– Գիտեք ինչ, ես այսպես եմ մտածում, թող ֆիլմը լավ ստացվի, մնացածը ոնց ուզում է ընկալվի, ես ասել եմ ու հիմա էլ եմ ասում, այս ֆիլմը ես առաջին հերթին անում եմ իմ զավակների համար՝ 13 ու 14 տարեկան տղաներիս համար։ Ամեն դեպքում, դա ՀՀԿ-ի պատվերը չի եղել։
– Բայց կարծես թե ժամանակը հարմար ընտրեցիք կամ գուցե համընկավ։
– Դրանք ընդամենը պատահականություններ են։ Նժդեհի կերպարը յուրաքաևչյուր հայ կարող է կապել եւ երկրի ղեկավարի հետ, եւ զորավարի հետ, եւ սպարապետների հետ, ամեն դեպքում, նպատակաուղղված ընտրություններին ընդառաջ որեւէ բան չենք մտածել։
– Հաշվի առնելով Նժդեհի կերպարը, գուցե գաղափարախոսական մեսիջնե՞ր լինեն ֆիլմում։
– Ֆիլմն ամբողջությամբ արված է ազատ ոգով, ամբողջ սցենարը կառուցված է Նժդեհի գրչով, Նժդեհի ձայնն է, Նժդեհի խոսքերն են, նրա շատ հայտնի արտահայտությունները, եւ այնպիսի անհայտ հոդվածներ, նամակներ ենք օգտագործել, որ ոչ բոլորն են կարդացել։
– Տեղեկություն կա, որ Նժդեհի բարեկամները բողոքում են, որ ֆիլմի խորհրդատվության համար իրենց չեք դիմել։
– Մենք խորհրդատվության համար դիմել ենք Նժդեհի եղբոր որդուն, կոնկրետ դրվագի համար դիմել ենք Նժդեհի թոռնուհուն, նա նույնպես մեզ շատ օգնել է։ Գիտեմ, որ Նժդեհի թոռները Միացյալ Նահանգներում բողոքել են, որ մենք
չենք կապվել իրենց հետ, բայց, անկեղծ ասած, կապի ձեւը չենք գտել, որ կապվենք։ Քանի որ ողջ պատմությունը, ֆիլմի սյուժեն հիմնականում կապված է 1918–1944թթ. իրադարձությունների հետ, այդ պարագայում միգուցե այն խորհրդատվությունները, որ ստացել ենք Նժդեհի եղբոր որդուց եւ թոռնուհուց, բավարարել են։ Հույս ունեմ, որ անպայման ֆիլմի պրեմիերայից առաջ կփորձեմ հավաքել Նժդեհի ընտանիքին եւ առաջին պրեզենտացիան ցույց տալ նրանց։
– Իսկ եթե գոհ չմնա՞ն արդյունքից։
– Դե, արդեն չգիտեմ…, շատ դժվար հարց եք տալիս։
– Ինչպե՞ս է ստացվում, որ նման մեծամասշտաբ ֆիլմերի էկրանավորումը հենց Ձեզ է վստահվում։
– Ես ուրիշ կերպ պատասխանեմ. Հայաստանում մշակույթի նախարարության պատվերով տարին նկարահանվում է մոտ 6-7 ֆիլմ, գումարները, որ տրվում են այդ ֆիլմերին, փոքր չեն, թեմաները պետությունը եւ մշակույթի նախարարությունը ոչ մեկին չի պարտադրում, այսինքն՝ յուրաքանչյուր արվեստագետ ազատ է իր ընտրության մեջ…
– Ամեն դեպքում, հովանավորներ այդքան հեշտ չէ ձեռք բերել։
– Հովանավորը մի ընկերություն է, իսկ ես 20-ից ավելի տարի աշխատում եմ հեռուստատեսությունում, միգուցե իմ կապերն են ավելի մեծ, միգուցե իմ արած գործերի հանդեպ վստահությունն է ավելի մեծ։ Ես արել եմ 4 ֆիլմ, որոնք ունեցել են իրենց կոմերցիոն հաջողությունը։
– Հենց վստահության մասով էլ կասկածներ կան, մարդիկ Ձեզ ընկալում են որպես կլիպմեյքեր եւ կասկածանքով են վերաբերվում Ձեր ռեժիսորական աշխատանքներին։
– Ով ինձ վերաբերվում է որպես կլիպմեյքեր, թող այդպես վերաբերվի, ես շատ ուրախ եմ, որ ստեղծել եմ Հայաստանում կլիպմեյքեր արտադրության դպրոց եւ կարող եմ ինձ իրավունք վերապահել եւ մի քիչ մեծամիտ երեւալ, շատ ուրախ եմ, որ հեռուստատեսությունում կարողացել եմ անել բաներ, որոնք եղել են հեղափոխական, շատ ուրախ եմ, որ կինոյում նույնպես կարողացել եմ որոշակի իմաստով անել հեղափոխություն, կարողացել եմ պրոդյուսինգ անել հայկական նոր ժամանակակից ամենադիտվող ֆիլմերից մեկը։
– Բայց Ձեզ, միեւնույն է, որպես ռեժիսոր չեն ընդունում։
– Իսկ կլիպմեյքերը ռեժիսոր չէ՞, ովքե՞ր են այն հեղինակությունները, որ շարունակում են ինձ չընդունել։ Գիտեք ինչ, ամեն մարդու դատում են իր արած գործերով։ Իմ առաջին մասնագիտությամբ ես ֆիզիկ-մաթեմատիկ եմ եւ բավականին հաջողակ։ Երկրորդ մասնագիտությամբ ռեժիսոր եմ, ավարտել եմ 2 մոսկովյան բարձրագույն հաստատություն, ունեմ բոլոր դիպլոմները, դրանից հետո ինձ ոնց ուզում են, թող ընկալեն։ Իմ կյանքով
եւ գործունեությամբ փորձել եմ նվաճել այն իրավունքը, որ կինո նկարեմ։ Այս ֆիլմում ես փորձել եմ ավելի շատ հիմնվել փաստերի վրա եւ այդ փաստերով բացահայտել Նժդեհի կերպարը, իմ հակասությունները ես փորձում եմ լուծել ինքս իմ մեջ եւ չեմ փորձի հիմա խոսել, թե ինչ հակասություններ ունեմ կերպարի հանդեպ եւ ինչպես եմ դրանք լուծել։ Ես չափից ավելի եմ սիրում Նժդեհին, որպեսզի կարողանամ Ձեր հարցին ավելի օբյեկտիվ պատասխանել։
Սոնա ԱԴԱՄՅԱՆ
«Հրապարակ»