Սեդա Ստեփանյանի «Իսկ արևը շարունակում էր լկտիաբար շողալ» ռադիոպիեսը Բրիտանական խորհրդի և BBC-ի համաշխարհային ծառայության Ռադիոպիեսների միջազգային 23-րդ մրցույթում ընդգրկվել է լավագույն 7 աշխատանքների ցանկում:
BBC-ի համաշխարհային ծառայությունն այս տարի ստացել էր 1000-ից ավելի ռադիոպիեսներ աշխարհի տարբեր անկյուններից: Ամենամյա մրցույթում հաղթող են ճանաչվում երկու հեղինակ երկու անվանակարգում` անգլերենը որպես մայրենիով գրված ռադիոպիես և անգլերենը որպես օտար լեզվով գրված ռադիոպիես: Հաղթողները մեկնում են Միացյալ Թագավորություն, արժանանում դրամական պարգևի և հետևում իրենց պիեսի բեմադրմանն ու հեռարձակմանը BBC-ի համաշխարհային ծառայությամբ:
«Այս տարի հատուկ այս մրցույթի համար գրել եմ «Իսկ արևը շարունակում էր լկտիաբար շողալ» ռադիոպիեսը, որը հիմնված է մեծամասամբ իրական դեպքերի վրա և կյանքի ու սիրո մասին է Ղարաբաղյան պատերազմի ընթացքում: Պիեսը առանձնանում է այն բանով, որ ներկայացնում է հայկական սովորույթներն ու կյանքը փոքրիկ սահմանամերձ գյուղում»,-ասաց Սեդա Ստեփանյանը:
Սեդան ավարտել է Երևանի Բրյուսովի անվան պետական համալսարանը, այժմ պրակտիկա է անցնում Ազատություն ռադիոկայանում: Իսկ դեկտեմբերին Երևանի պետական կամերային թատրոնում Գոռ Մարգարյանը կբեմադրի նրա հեղինակած «Ստրիպտիզ» պիեսը: Ասում է, որ Բրիտանական խորհրդի և BBC-ի համաշխարհային ծառայության Ռադիոպիեսների միջազգային մրցույթի համար գրված պիեսը նվիրել է իր համար թանկ մարդու, ում այլևս երբեք չի հանդիպի:
«Գրելիս, ես տողատակերում մեծ սեր ու զգացմունքներ եմ ներարկել և հուսամ, այդ ամենը շատ ու շատ մարդկանց սրտեր կջերմացնի և խորհելու ու իրենց կյանքը վերանայելու առիթ կտա», – ասաց Սեդան:
Մրցույթին Սեդան մասնկացել է նաև նախորդ տարի` ներկայացնելով «Մահվան սպասումով» ռադիոպիեսը և կրկին ընդգրկվելով լավագույնների ցանկում: 2011 թվականին մասնակցել է Բրիտանական խորհրդի Նա/Նե լրագրողական մրցույթին` արժանանալով առաջին մրցանակին լավագույն ուսանողական աշխատանք անվանակարգում` «Չեմ լռի» հարցազրույց-մենախոսության համար:
BBC-ի համաշխարհային ծառայության Ռադիոպիեսների միջազգային մրցույթի վերջնական արդյունքները հայտնի կլինեն տարեվերջին:
Բրիտանական խորհրդի մամուլի հաղորդակցություն