Կառավարության երեկվա նիստին վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել է, որ նոյեմբերի 2-ին կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստ է հրավիրելու: Նա ասել է, որ հանդիպել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ, որի ընթացքում նախագահը մտահոգություն է հայտնել կոռուպցիոն խնդիրների առնչությամբ և «վճռական գործողություններ է պահանջել, այդ թվում՝ վիրահատական մեթոդների կիրառում»:
Ստացվում է, որ կոռուպցիայի դեմ պայքարելու համար Տիգրան Սարգսյանին խանգարում էր նախագահի պահանջի բացակայությունը: Մյուս կողմից, նույնիսկ լուրջ ցանկության դեպքում՝ Տիգրան Սարգսյանը չի կարող պայքարել կոռուպցիայի դեմ, եթե չունենա նախագահի համաձայնությունը:
Տիգրան Սարգսյանը, զբաղեցնելով կառավարության ղեկավարի պատասխանատու պաշտոնը, նման է փայտե ինքնաձիգով զինվորի կամ բութ նշտարով վիրաբույժի (եթե խոսենք իր եզրաբանությամբ), որը, ինչպես երկրի մնացած բոլոր պաշտոնյաները, առանց նախագահի համաձայնության և գիտության չի կարող որևէ լուրջ քայլ անել, որը կարող է սասանել կոռումպացված համակարգի հիմքերը:
Ինչ խոսք, անցած հինգ տարիներին կառավարության ղեկին վարչապետին պակասել է վճռականությունը կոռուպցիայի դեմ պայքարին հրապարակային բնույթ հաղորդելու հարցում, որովհետև ակնհայտորեն ոչ հրապարակային հարթությունում նա պարտություն է կրել: Վարչապետի ակնհայտ հակամարտությունը կոռուպցիան և բիզնեսի սերտաճումը քաղաքականությանը լավագույնս մարմնավորող Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի հետ ավարտվեց վերջինիս փաստացի հաղթանակով: Իսկ նման հաղթանակներն առանց Բաղրամյան 26-ի համաձայնության չեն լինում:
Կարդացեք նաև
Վարչապետը ամենևին էլ կարիք չունի քաղաքացիական հասարակության հետ համագործակցությունը սերտացնելու, ինչպես ինքն է երեկ հայտարարել: Կոռուպցիայի դեմ պայքարում հաջողություն ունենալու համար նրան վճռականություն է պետք խնդիրը բարձրացնելու հենց Բաղրամյան 26-ում: Եթե իհարկե նա անկեղծորեն ցանկանում է կոռուպցիայի դեմ պայքարել:
Հ.Գ.
Օրերս թերթերը (այդ թվում՝ «Օրակարգը») գրեցին, որ ՀՀ նախագահի զարմիկին պատկանող ընկերությունը Վարդենիսում շուկայականից շուրջ քսան անգամ էժան գնով հյուրանոց է ձեռք բերել (տե՛ս «Քարածխային կոմբինացիաներ» հոդվածը), որը գտնվել է էներգետիկայի և բնական պաշարների նախարարության հաշվեկշռում: Բնականաբար, այդ հրապարակմանը որևէ արձագանք չեղավ:
«Օրակարգ»