Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի շահերի ներկայացուցիչ, ՀՀ փաստաբանների պալատի անդամ
Լիանա Գրիգորյանը Aravot.am-ից է տեղեկացել իր վստահորդի դեմ Սենիկ Ջուլհակյանի հայցով դատարանի կայացրած որոշման մասին:
Պարզաբանելով, թե ինչու երեկ նա չէր կարողացել ներկայանալ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան (Թբիլիսյան խճուղի), փաստաբանը տեղեկացրեց, որ երեկ ժամը 16.45-ին մոտենալով Սախարովի հրապարակում կայանված իր մեքենային, հայտնաբերել էր, որ մեքենան չկա: Մոտակա գրասենյակ կարճ ժամանակով մտնելուց հետո փաստաբանի մեքենան իր բոլոր փաստաթղթերով, պայուսակը՝ գումարով, առանց զգուշացնելու, տարվել էր ճանապարհային ոստիկանության տուգանային հրապարակ: Փաստաբանը նշեց, որ տարածքը, ուր կայանել էր իր մեքենան, կային այլ մեքենաներ էլ եւ որեւէ նախազգուշացնող ցուցանակ չի եղել, որ արգելված է մեքենա կանգնեցնել: Դատական նիստից 20 րոպե առաջ փաստաբանը ստիպված է եղել ուղեւորվել տուգանային հրապարակ (այդ պահին նրա մոտ նույնիսկ գումար չի եղել), որպեսզի տուգանային հրապարակից վերցնի ըստ էության առեւանգված մեքենան: