Նոյեմբերի 1-ին բացվեց Երիտասարդ թատերական ռեժիսուրայի հանրապետական յոթերորդ փառատոնը: Այն կավարտվի նոյեմբերի 8-ին: Հայաստանի թատերական գործիչների միության քարտուղար, փառատոնի նախաձեռնող Սոնա Մելոյանն ասաց, որ այն երիտասարդ արվեստագետների, ռեժիսորների համար ստուգարքատիպ մի բան է, որը հնարավորություն է տալիս հասկանալու, թե ինչ ճանապարհով է գնում ներկայիս սերունդը, ինչ փնտրտուքների մեջ է: Նա նշեց, որ Թատերական միությունը ունի իր նախագծերը, բացի դրանից` արտասահմանյան համագործակցություններով էլ է հանդես գալիս ու այս փառատոնը թույլ կտա, որ հրավերքների դեպքում իմանան, թե ինչ ֆորմատի մեջ կարող են հանդես գալ: Փառատոնն ունի եւս մեկ դրական կողմ. երիտասարդ ռեժիսորները կշփվեն իրար հետ եւ փորձի փոխանակում կլինի նրանց միջեւ:
Երիտասարդ թատերական ռեժիսուրայի հանրապետական յոթերորդ փառատոնին մասնակցելու են եւ պետական թատրոններում գործող երիտասարդ ռեժիսորները, եւ անկախ երիտասարդներ, ովքեր փառատոնի մասին տեղեկացել են սոցիալական կայքերով:
Այս տարի փառատոնի ընթացքում կլինի 12 ներկայացում:
«Ոճերը տարբեր են լինելու»,- հավաստիացնում է Մելոյանը եւ ավելացնում, որ չնայած փառատոնի հանրապետական լինելուն, մասնակցում են Գյումրին եւ Վանաձորը: Նա նշեց, որ սա աշխատանքային փառատոն է, սակայն լավագույնները հնարավորություն կստանան մասնակցելու երիտասարդ ռեժիսորների ամենամյա ամառային դպրոցին, որն անցկացվում է Չեխովյան փառատոնի ընթացքում:
Փառատոնի հանդիսավոր բացումը կատարեց բեմադրիչ Անի Հարությունյանի` «Կյանքի հինգ տարրերը» ներկայացումը:
Անին սովորում է Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում: Պարարվեստի ռեժիսուրայի չորրորդ կուրսի ուսանողուհի է: Ասում է, որ իր բեմադրած ներկայացումը պարային է եւ ընթանում է մինիմալիստական երաժշտության տակ: Նպատակը` մոդեռն պարային ոճի զարգացումն է, ինչը դեռ մեր հանդիսատեսի կողմից ընդունված չէ:
Կարդացեք նաև
«Հիմնված է պլաստիկայի ու դեմքի միմիկաների վրա: Փորձում ենք դա դարձնել արտահատչամիջոց եւ այդ ամենը արտահայտել ներկայացումով: Արդեն երեք փառատոն հաղթել է ներկայացումը»,- «Առավոտ»-ին պատմեց երիտասարդ ռեժիսորը:
Արամ ԱՐԱՐԱՏՅԱՆ