Լրահոս
Օրվա լրահոսը

Իրանի ֆերմերները ցանկանում են իրենց անասուններն արածեցնել Սյունիքի արոտավայրերում

Նոյեմբեր 01,2012 23:17

 Հարեւան Իրանի Իսլամական Հանրապետության Արեւելյան Ատրպատական նահանգի գյուղատնտեսները ցանկանում են  Սյունիքի մարզի հետ համագործակցել գյուղատնտեսության ոլորտի տարբեր ուղղություններով: Հարեւան երկրի գյուղացիական տնտեսությունների ներկայացուցիչները ցանկանում են իրենց անասունները արածեցնել Սյունիքի մարզի արոտավայրերում, որի դիմաց պատրաստ են արոտավարձ վճարել կամ դրան համարժեք գյուղտեխնիկա, գյուղգործիքներ տրամադրել տվյալ համայնքին:

Սյունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Սամվել Թանգյանը կարծում է, որ առաջարկը ձեռնտու կլինի գյուղական համայնքներին, իրենց վարչական տարածքում չօգտագործվող արոտավայրերը վարձակալությամբ տրամադրելով` գյուղտեխնիկայի կամ գյուղին հուզող այլ խնդիրները հնարավորություն կունենան լուծել:   «Իրանական կողմին հետաքրքրում են մեր արոտավայրերը, ցանկանում են իրենց մանր եղջերավոր անասունները բերեն մարզի արոտավայրեում արածեցնելու,  չեն թաքցնում, ասում են, որ մեր անասունների մսի որակը շատ լավն է եւ ցանկանում են այստեղի արոտավայրերում արածեցնելով` փոխել իրենց անասունների մսի համը:  Եթե, օրինակի համար տվյալ համայնքի արոտավայրի վարձը կազմի 2-3 մլն դրամ, իրենք պատրաստ են գումարային վճարում կատարել կամ համայնքին անհրաժեշտ գյուղտեխնիկա տրամադրել` 2 կամ 3 տարի արածեցնելու պայմանով, դա էլ կախված է գյուղտեխնիկայի գնից:  Նրանք նույնիսկ պատրաստ են այստեղ կաթի, պտղի, բանջարեղենի վերամշակման գործարաններ բացել:  Առաջարկեցին 70 տոկոս ներդրում կատարվի իրենց կողմից,  30 տոկոսը` մեր կողմից` ժամանակի ընթացքում  փոխադարձ պարտքերը մարելու պայմանով»,-տեղեկացրեց պարոն Թանգյանը:

2012թ-ին` նախորդ տարվա համեմատ, Սյունիքում մանր եղջերավոր անասունների գլխաքանակն աճել է 10 հազարով, իսկ խոշորինը` 550 գլխով: Անասնագլխաքանակի աճը մարզի գլխավոր գյուղատնտեսը պայմանավորում է  պանրի շուկայական գնի բարձրացման եւ հարեւան երկրի կողմից  ոչխարի գլխաքանակի գնման հաշվին, որից հետո մարդիկ սկսեցին ավելի շատ զբաղվել անասնապահությամբ:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930