Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց Թուրքիայի Տրապիզոն քաղաքում մարմնավաճառությամբ զբաղված կանանց դատական նիստը:
Հիշեցնենք, 31-ամյա գյումրեցի Հրանուշին մարմնավաճառության մղելու մեղադրանքով կալանավորված են գյումրեցի մեկ այլ մարմնավաճառուհի Նարինեն ու Տրապիզոնում բնակվող 60-ամյա երևանցի Սուսաննան: Այս երկու տիկնայք չեն ընդունում, որ Հրանուշը թրաֆիքինգի զոհ է, նրանց պնդմամբ, նա իր կամքով ու խնդրանքով է Թուրքիա եկել, գործ արել, ընտանիքին փող ուղարկել:
Միչդեռ, Հրանուշը դատական նիստերի ընթացքում իրեն «պատառոտում էր», թե իրեն զոռով են պահել Թուրքիայում: Տրապիզոնում «Դոկտոր» անունով հայտնի Սուսաննան իր վրա ահռելի թանկ գներով շորեր է վաճառել ու հարկադրել է մինչև պարտքը չփակել, չհեռանալ Թուրքիայից: Ինքն էլ Սուսաննայի սպառնալիքների ազդեցության տակ, զբաղվել է մարմնավաճառությամբ` 4 ամսվա ընթացքում չկարողանալով օր առաջ վերադառնալ Գյումրի:
Այսօրվա դատական նիստը անցավ բավականին լարված: Գլխավոր հերոսուհին` Հրանուշը, իր մոր հետ միասին մի լավ կռվեց հեռուսատեսության նկարահանող խմբերի հետ` ասելով, որ ինքը աշխատում է հացատանը ու իրեն ցույց տալով` խայտառակում են ամբողջ կոլեկտիվի մոտ: Դատավոր Էդուարդ Մանուկյանն առաջարկեց նրան չնկարահանել, տեսախցիկները ուղղել մյուսների կողմը:
Կարդացեք նաև
Նշենք, որ կալանավորված երկու տիկնայք բացարձակապես չեն վիճում լրագրողների հետ, մեծ սիրով նկարահանվում են:Ամբաստանյալներ Սուսաննայի ու Նարինեի փաստաբանները միջնորդություն ներկայացրեցին դատարան` բանկերից պարզելու, թե իրեն թրաֆիքինգի զոհ ձևացնող Հրանուշը ինչքա՞ն գումար է ուղարկել Գյումրիում գտնվող իր ընտանքին: Դատավորի այն հարցին, թե դա Ձեզ ի՞նչ կտա, փաստաբան Մամիկոն Մուրադյանն ասաց. «Բա ճշտենք, տեսնենք, եթե մեծ գումարներ է ուղարկել, ապա այդպիսի գումար տնօրինող կինը ինչպե՞ս կարող էր չվերադառնալ Հայաստան, եթե ուզեր»:
Հրանուշը ամեն անգամ վեճի էր բռնվում հակառակ կողմի հետ ` նրանց շշպռելով , անպատվելով : «Ասենք թե 10 հազար դոլար եմ ուղարկել, հետո՞: Ես ձեզ ասի,` եթե ես ունենայի ազատություն ու ուժ, անպայման հետ կվերադառնայի:Եվ հետո ես գնացել, զբաղվել եմ, որ իմ ընտանիքս ապրի, չէի գնացել, որ Գոգորի աղջիկը ապրի», -զայրացավ Հրանուշը:
Դատարանը մերժեց փաստաբանի միջնորդությունը, գտնելով, որ տուժողն ու իր մայրը արդեն իսկ խոստովանել են, որ Հրանուշը, մարմնավաճառությամբ զբաղվելով, Թուրքիայից փող է ուղարկել Գյումրի: Եվ երբ հերթը հասավ երկրորդ միջնորդությանը. «Դոկտոր» Սուսաննայի փաստաբանը դատարանին խնդրեց հետաձգել դատը, քանի որ այս տիկնոջ առողջական վիճակի մասին փաստաթղթեր են իրեն բերելու Թուրքիայից, զոհը տեղից բացականչեց. «Ես առարկում եմ հարգելի դատարան, որ դատերը հետաձգվեն, ես աշխատում եմ , ազատ օր չունեմ, ամբողջ օրը չպիտի զբաղվեմ դատարան գալով ու գնալով, և հետո ի՞նչ է եղել էդ կնկան, որ հիվանդ է, սուտ է»:
Դատավորը միջամտեց` հարցնելով` «Այ աղջի, դու ի՞նչ գիտես , որ հիվանդ չէ»: «Ես գիտեմ, նա միշտ էլ շատ առողջ է, եթե մարդը էդ տարիքում մարմնավաճառությամբ է զբաղվում, էլ ի՞նչ հիվանդ», – լեզվակռվի մեջ մտավ Հրանուշը:
Այսպիսով դատը հետաձգվեց 2 շաբաթով, մինչև որ փաստաբանը կներկայացնի «Դոկտորի» փաստաթղթերը դատարան ու այսպիսով կմիջնորդի փոխել խափանման միջոցը :
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ