«Doing business 2013» միջազգային զեկույցում Հայաստանը «Հարկերի վճարում» անվանակարգում 44 կետով առաջ է գնացել, իսկ «Ներդրողների պաշտպանվածության» անվանակարգում` 73 կետով ենք առաջ գնացել:
Aravot.am-ը խնդրեց Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանին՝ մեկնաբանել, արդյոք այս ցուցանիշներն իրականությանը համապատասխանո՞ւմ են: Պարոն Սաֆարյանն ասաց, որ չի կարող միջազգային կառույցի աշխատանքին գնահատական տալ, բայց նաեւ հավելեց, որ Հայաստանում ներդրողները պաշտպանված են.«Ինչ-ինչ, մեզանում սեփականատիրոջ իրավունքները շատ լավ պաշտպանված են, եթե մարդը սեփական կրպակ ունի, որեւէ մեկը չի կարող գա ու առանց իր ցանկության քանդի: Այլ խնդիր է, թե` այդ ներդրողը կարո՞ղ է դաշտում ազատ գործել, եթե մեկը 99.9% շաքարավազ է ներկրում, մեկ ուրիշը կարո՞ղ է ներմուծել: Ասենք` դրսից եկած ներդրողը կարո՞ղ է, բնականաբար` ոչ. դեմպինգային քաղաքականության ու տարբեր բաներով դաշտից դուրս կմնա: Մեզանում հիմնականը ազատ մրցակցության ապահովման խնդիրն է»:
Ինչ վերաբերում է «Հարկերի հավաքագրմանը», ապա պարոն Սաֆարյանն ասաց, որ Հայաստանում 30 հազար հարկատու կա, որից, անցյալ տարվա տվյալներով, 1000-ը վճարում է 470 միլիարդ դրամ հարկ, դա բյուջեի մոտ կեսից ավելին է, իսկ 10 խոշոր հարկատուն վճարում է 132 կամ 142 միլիարդ դրամի չափով, 30 հարկատու 205 միլիարդ դրամ է վճարում, ինչը նշանակում է, որ հարկերի վճարումը հավասարաչափ չի բաշխված. «Այս իմաստով խնդիր կա, այսինքն հարկային ճնշումները` շահութահարկի տոկոսադրույքը, ավելացված արժեքի հարկը (ԱԱՀ), մաքսատուրքը եւ մյուսներինը, պետք է մեղմ լինեն, որպեսզի հարկային դաշտն ընդլայնվի, իսկ մեզ մոտ քանի գնում է` հարկային ճնշումները բարձրանում են, ինչն էլ հարկային դաշտը նեղացնում է: Մեր բյուջեն տարիներ շարունակ հավաքագրվել է անուղղակի հարկերի հաշվին, որը բյուջեի 63-65 %-է եղել: Սա տնտեսական զարգացման ցուցանիշ չի բնութագրում: Դու ապրանք ես արտադրել, դրա վրա ավելացված արժեքի հարկ ես ավելացրել, իսկ դա վճարում է ժողովուրդը: Մենք ասում ենք, որ հարկերի ճնշման իջեցման այնպիսի քաղաքականություն տարվի, որպեսզի հարկային դաշտի ընդայնման հաշվին բյուջեի հիմնական մասը հավաքվի ուղղակի հարկերի հաշվին»:
Պարոն Սաֆարյանի խոսքերով`հարկահավաքության հիմնական ցուցանիշը, հարկերի եւ ՀՆԱ-ի հարաբերությունն անցյալ տարի 17.36%-է եղել, իսկ մեր միջազգային չափանիշներով այն պետք է լիներ 25 %. «Նշանակում է ունենք ստվերայնություն, լրիվ չենք կարողանում հարկերը հավաքել: Ամեն մի տոկոս ՀՆԱ-ի ավելացումը պիտի ավելացվի մեր հարկահավաքության մեջ, մեր 2013-ի բյուջեում 21.4%-ի կհասնի համամասնությունը, եկամտային հարկի հաշվին, բայց ոչ ոք չի թաքցնում, որ օլիգարխները մնում են ոչ լրիվ հարկված»:
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ