Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արծրուն Հովհաննիսյան. «Բարոյազրկություն է, երբ մեկը ցանկանում է հաճույքներ վայելել՝ իր սրբության պաշտպանությունը տալով ուրիշին»

Նոյեմբեր 01,2012 16:23

 

«Հասարակության մեծ մասի համար հայ զինվորը գլխավոր հերոսն ու իր ազգի պահապանն է: Այն մարդիկ, ովքեր ունեն առողջ դիրքորոշում, այնուամենայնիվ փոքրամասնություն են»,-«Առավոտ երիտասարդականին» ասաց Ռազմական փորձագետ, ՀՀ Պաշտպանության նախարարության մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Նա կարծում է, որ բանակի դերի բարձացման համար պատասխանատու են այդ կառույցի աշխատակիցները, բայց եթե հասարակության մեջ չկա առողջ դիրքորոշում իրենց պետականությունը պահպանող գլխավոր օրգանիզմի նկատմամբ, մի քիչ դժվար է: Փորձագետն ասում է, որ ավելի բարդ է, երբ տանդ մեջ սեփական թշնամուդ փորձում ես բացատրել, որ դու թշնամի չես իրեն, այլ՝ բարեկամ: Այդ դեպքում ոչ ոք լուրջ հաջողության հասնել չի կարող, եթե ի սկզբանե չկա այդ սեփական ընկալումը:
Հասարակության մեջ բանակի դերի բարձրացման համար պատասխանատու են նաեւ լրագրողները: Հովհաննիսյանն ասաց, որ բանակում կատարված դեպք լուսաբանելիս չի կարելի ասել` հերթական դեպքը բանակում: Առաջին բառը ինքնին մարդկանց մեջ բացասականով է ազդում, քանի որ դա նշանակում է` հետագայում եւս նման դեպքեր լինելու են: Նա կոչ է անում լրագրողներին` բանակում կատարվող դեպքերի մեջ մեղավորներ չփնտրել. նրանք պետք է պարզապես ներկայացնեն փաստը, իսկ մեղավորներով կզբաղվեն պատասխանատու մարմինները:
«Ես դժվարանում եմ որակել այն մարդուն, ով իր նյութի մեջ գրում է` հերթական դեպքը, կրկին բանակը զերծ մնաց մեկնաբանություններից, կրկին փորձեցին կոծկել, ծնողներն ասում են, որ չեն հավատում վարկածին… Լրագրողի համար դե էական չէ: Ակնհայտ է, որ այս ոճի մեջ աշխատող լրագրողը սեփական վարկանիշի մասին է մտածում: Նա թքած ունի թե’ մեռնողի, թե’ սպանողի, թե’ պետության եւ թե բանակի վրա, այլապես նա իրեն թույլ չի տա այդ ձեւով գրել»,- ասում է ՊՆ մամուլի խոսնակը:
Լրատվական դաշտում Արծրուն Հովհաննիսյանը երեք տարի է, որ աշխատում է, բայց ասում է`ոչ մի մասնագիտական գիտելիք էլ պետք չէ լավ լրագրող լինելու համար, պարզապես պետք է «տեսակով մարդ» լինել: Ըստ Հովհաննիսյանի՝ մեծ գիտելիքներ պետք չեն հասկանալու համար, որ զորակոչի փուլում չի կարելի գրել սպանությունների մասին:
Մեզ հետ զրույցում ՊՆ մամուլի խոսնակ Հովհաննիսյանը կրկին անդրադարձավ ամիսներ առաջ ժպտացող զինվորների նկարների ծաղրման դեպքին: Ասաց` նրանք, ովքեր այդպիսի բան են անում, նշանակում է, որ վատ են վերաբերվում իրենք իրենց. «Ժպտացող զինվորը մեր պահապան ու սուրբ զինվորն է, իսկ հայ զինվորը ժպտալու իրավունք ունի: Նա հաղթանակած եւ պարտադրող բանակի զինվոր է»:

Երիտասարդներին էլ խորհուրդ է տալիս հիշել, որ ունեն սրբություն եւ ունեն նրանց պահպանման խնդիրը: Որքան էլ այսօր աշխարհը զարգացել է, միեւնույնն է` տարածաշրջանում ապրում ենք հարեւանների հետ, որոնց կողքին, առանց պաշտպանվելու, անհնար է ապրելը: Արծրուն Հովհաննիսյանը ասում է.  «Բարոյազրկություն է, երբ մեկը ցանկանում է հաճույքներ վայելել՝ իր սրբության պաշտպանությունը տալով ուրիշին»:

Արամ Արարատյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930