Ռուսաստանում Վրաստանի նախկին դեսպան, քաղաքագետ Զուրաբ Աբաշիձեն զբաղեցրել է Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի` Ռուսաստանի հարցերով անձնական ներկայացուցչի պաշտոնը։ Այդ մասին հաղորդում է «Թրենդ» լրատվական գործակալությունը։
Նույն աղբյուրի փոխանցմամբ` այսօր ինտերնետային ասուլիսի ժամանակ Վրաստանի վերաինտեգրման հարցերով պետնախարար Պաատա Զաքարեիշվիլին հայտարարել է, թե Ռուսաստանի եւ Վրաստանի իշխանությունները «ոչ միայն կարող են` նրանք պե՛տք է սկսեն կառուցողական երկխոսություն»։
Պետնախարարի խոսքերով` հիմնական վեկտորը լինելու է ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցությունը, ինչը որեւէ կերպ չի խանգարի Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը։
Միաժամանակ, Զաքարեիշվիլին կտրականապես բացառել է վրաց – ռուսական դիվանագիտական հարաբերությունների վերականգնումը այնպիսի պայմաններում, երբ պաշտոնական Մոսկվան ոչ մի փոխզիջման չի գնում Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հարցում։
«Ազատություն» ռադիոկայան