Երեկ ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն ԱԺ-ում հարց էր բարձրացրել, որ պատգամավորները չեն կարողանում որակյալ բաճկոն գնել, ներկայանալի չեն, ԱԺ-ում անհրաժեշտ գույք՝ տպիչ, գրիչ, սեղան, աթոռ, բազկաթոռ չկա: Նա , խոսելով ԱԺ-ում բարոյահոգեբանական մթնոլորտի մասին, նշել է. «2012-ի քննարկման ժամանակ մենք պայմանականորեն անվանեցինք պատգամավորների նյարդերի պահպանման ծախսեր, որոնց հետ կապված նշեցիք, որ 2013-ին դա պիտի ներառել: Հասկանում եմ, որ գոյատեւման բյուջե ունենք, որ պատգամավորի աշխատավարձը վաղուց չի բավարարում նույնիսկ մեկ որակյալ բաճկոն գնելու, որով մենք չենք ամաչի ասենք, ադրբեջանական պատվիրակության առջեւ որեւէ միջազգային միավորմանը մասնակցելու եւ այլն: Հասկանում եմ, որ սա այն հիմնարկն է, որտեղ, ես առաջին անգամ եմ այդպիսի բան լսել, որ գալիս պիտի հետդ սեղան-աթոռ բերես, գիրք, գրիչ, տպիչ եւ այլն, բայց, այդուհանդերձ, հույս կապելով ձեր պաշտոնավարման նոր դարաշրջանի հետ, համապատասխանաբար եւ որակական փոփոխությունների հետ՝ ուզում եմ հարցնել՝ նախատեսվե՞լ են դրանք, թե՞ ոչ»:
Արդյոք բաճկո՞նն է, որ պետք է գեղեցկացնի և ներկայանալի դարձնի պատգամավորին: Այս հարցով Aravot.am-ը զրուցեց որոշ երգիծաբան-հումորիստների հետ: Հումորիստ, երգիծաբան Սամվել Բաղդասարյանը մեր զրույցում նշեց. «Ինչ խոսք, կարևոր է նաև կոստյումը: Շորն էլ պիտի սազի մարդուն: Բայց պետք է այդ աշխատավարձի մեջ տեղավորվեն: Ավելի ցածր աշխատավարձով էլ մարդիկ կան, որոնք կարողանում են ճիշտ հագնվել, ավելի ներկայանալի լինել»:
Հետաքրքրվեցինք՝ արդյոք դա այնպիսի ազգային նշանակության հա՞րց է, որ պետք էր երկրի խորհրդարանում քննարկել, Ս.Բաղդասարյանը արձագանքեց, թե քաղաքացին չի էլ նայում այդ ուղղությամբ, նա արդեն իմունիտետ է ձեռք բերել տարբեր խնդիրների նկատմամբ:
Կարդացեք նաև
Հումորիստ Մկրտիչ Արզումանյանն էլ (Մկո) պատասխանեց. «Իհարկե, կոստյումն էլ նշանակություն ունի, բայց առաջին հերթին պատգամավորը պիտի անի այն, ինչ պիտի անի: Իր աշխատանքի հիմնական իմաստը պիտի լինի այն, ինչի համար ինքը ընտրվել է, ոչ թե լավ կոստյումի: Կոստյումը ուզում է հագնի, ուզում է՝ չհագնի, իր գործն է»:
Իսկ այն մասին, թե ինչո՞ւ է պատգամավորի բաճկոնի հարցը հասել խորհրդարան, Մկրտիչ Արզումանյանը կես կատակ-կես լուրջ ասաց. «Երևի բոլոր հարցերը քննարկել են, այդ մեկն է մնացել: Դա լուրջ հարց է երկրի համար»:
Իսկ արդյոք Մկոյի աշխատավարձը բավականացնո՞ւմ է լավ բաճկոն գնելու համար, մեզ հետ զրույցում ասաց. «Ես պատգամավոր դեռ չեմ, երբ դարձա, այն ժամանակ կասեմ, բավականացնո՞ւմ է, թե՞ ոչ»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ