Լրահոս
Օրվա լրահոսը

Քոչարյանի տարիներից սկսած՝ անշարժ գույքի առուվաճառքի գործերը սկսեցին վատանալ

Նոյեմբեր 01,2012 15:29

«Նախընտրական շրջանը միշտ բացասական է անդրադառնում անշարժ գույքի շուկայի վրա, քանի որ ազգային մտածելակերպով պայմանավորված, քաղաքացին կամ գյուղացին սպասում է, թե ընտրություններն ինչպես կավարտվեն, որպեսզի իր ծրագրերն իրագործի»,-պատասխանելով այն հարցին, թե ընտրություններն ինչպե՞ս են անդրադառնում անշարժ գույքի շուկայի վրա ասաց «Ակցեռն» հոլդինգի նախագահ Հակոբ Բաղդասարյանը:

Aravot.am-ի հարցին, թե կարելի՞ է արձանագրել, որ նախընտրական շրջանում բնակարանների գները նվազում են, պարոն Բաղդասարյանն ասաց. « Չէի ասի նվազում են, հիմնականում վերաբերվում է կոմերցիոն գույքերին, բնակֆոնդն իր հունով շարժվում է: Պարզապես մարդիկ հետաձգում են, եւ երբ որ ընտրությունները վերջացած են եւ ավելի հստակություն, պարզություն կա, մարդիկ բիզնես ոլորտում կատարում են խաղադրույքները»:

Պարոն Բաղդասարյանը փաստեց, որ «լավ տարիների» համեմատությամբ, կառուցապատման ծավալները մի քանի անգամ զիջում են: Մեր հարցին, թե լավ տարիներ ասելով նկատի ունի Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած տարինե՞րը, Հակոբ Բաղդասարյանը պատասխանեց. «Նկատի ունեմ մինչեւ 2007-2008 թվականները: Խնդիրը 2007-ից սկսած արդեն կար, քանի որ այդ թվականին օրենքում փոփոխություն եղավ՝ ի վնաս անշարժ գույքի բեզնեսով զբաղվnղների: Տարվա կտրվածքով երկու եւ ավելի գույքի վաճառքի դեպքում 20 տոկոս ԱԱՀ է գանձվում եւ ամենավտանգավորն այն է, որ հաշվարկվում է ոչ թե գնվածի եւ վաճառվածի տարբերությունը, այլ ամբողջ արժեքից է հաշվարկվում եւ եթե բիզնեսի աչքերով նայեք, դա աբսուրդ ու կոպիտ մոտեցում է: Ինչ որ տեղ հասկանալի կլիներ գույքի առուվաճառքից ստացված եկամտից հարկելը: Ձեռք բերման ժամանակ 1 անգամ արդեն պետությունը հարկում է է ԱԱՀ»:

Պարոն Բաղդասարյանի խոսքերով, անշարժ գույքի շուկայում կատարած վերլուծությունները ցույց են տվել, որ 2007-ից սկսած, տնտեսության մեջ «մրցակցության նեղացում» եւ խաղի կանոնների խախտումներ սկսվեցին. «2007-ին, 2008-ին անշարժ գույքի ոլորտը համարվեց շատ հետաքրքիր ոլորտ եւ բոլորի ուշադրությունը սեւեռվեց այս կողմ, մտածեցին պետությանը լրացուցիչ օգուտ բերել, բայց մինչ այդ էլ պետության օգուտն այդ ոլորտից շատ էր»:

Պահանջարկի կտրուկ անկումը պարոն Բաղդասարյանը պայմանավորեց թանկացումներով ու հիփոթեքի տրամադրման կոշտ պայմաններով. «Հիփոթեքի բարելավման միտում չկա մեր երկրում: Մասնավորապես` տոկոսների իջեցում կամ վարկ տրամադրելու պայմանների խստացման թուլացում տեղի չի ունենում: Պետությունը պետք է որոշակի ռիսկեր վերցնի իր վրա եւ բանկերին երաշխավորի, որպեսզի անշարժ գույքի ոլորտն աշխուժանա»:

Հիշեցնենք, որ ճգնաժամով պայմանավորված, կառուցապատողներին պետությունը վարկեր տրամադրեց, պարոն Բաղդասարյանի կարծիքով, ճիշտ կլիներ, որ սպառողներին էլ նման աջակցություն տրամադրվեր եւ եթե ընտրություն կար կառուցապատողին, թե սպառողին, ապա նախապատվությունը պետք է տրվեր սպառողին:

Ինչ վերաբերում է 5000 սիրիահայ փախստականների` Հայաստան ժամանելուն, ապա պարոն Բաղդասարյանն ասաց, որ անգամ այդ պարագայում, անշարժ գույքի շուկայում գրեթե փոփոխություն չի նկատվել. «Ժամանակավոր բնույթ է կրում, չի կարող էական ազդեցություն ունենալ: Եվ եթե 5000 հոգի մուտք է եղել հանրապետություն, ապա էֆեկտիվությունը կարող է հավասարվել զրոյի, քանի որ 5000- ից 90 տոկոսը ժամանակավոր է այստեղ, բացի այդ, արտագաղթն էլ հաշվի առնելով, գրեթե փոփոխություն տեղի չի ունենում»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930