«Գազի գնի բարձրացումն անխուսափելի է, գինը որոշում են Կրեմլում եւ ես գտնում եմ, որ մենք այս հարցում անելիք չունենք: Գազը, իմ ունեցած տեղեկություններով, գարնանը, նախագահական ընտրություններից հետո կթանկանա եւ 1000 խմ-ի համար, երեւի, կլինի 200-250 դոլար»,-այսօր «Հենարան» ակումբում ասաց Հայաստանի սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը:
Նրա դիտարկմամբ, գազի թանկացումը բնականաբար կբերի նաեւ էլեկտրաէներգիայի թանկացման, քանի որ, այդ ապրանքի 40%-ն արտադրվում է գազով, եւ իհարկե կբարձրանան բոլոր այն ապրանքների գները, որոնք եւս գազով են արտադրվում:
Ասուլիսի մյուս մասնակիցը՝ կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանի խոսքերով էլ, եթե գազը սահմանից գալիս է եւ մինչեւ սպառողին է հասնում` կրկնակի թանկանում է, ուրեմն հարց է առաջանում` սա ի՞նչ է` բիզնես սեփական քաղաքացո՞ւ նկատմամբ. «Եվ եթե կրկնակի թանկ են վաճառել գազը, ապա ո՞ւր են այդ գումարները»:
Պարոն Մեսրոբյանը եւս մի հարց բարձրացրեց` քանի որ մեր կառավարությունը 20% մասնաբաժին ունի Հայռուսգազարդում, ապա հետաքրքիր է` հայ փայատերերը գազի թանկացման քննարկման ժամանակ, կո՞ղմ են քվեարկել, թե՞ դեմ. Երբեւէ չենք իմացել, ու չեն էլ տեղեկացրել»:
Կարդացեք նաև
Հարություն Մեսրոբյանն էլ այն կարծիքին է, որ գազը կթանկանա. «Քանի որ երկիրը բիզնես է անում իր քաղաքացիների վրա, ուստի չընտրություններից հետո, այո, գազի գինը կբարձրանա»:
Արմեն Պողոսյանն էլ հիշեցրեց, որ դեռ 2008 թվականին ՀՀ նախագահը կարգադրել էր միջոցներ հայթայթել Հառուսգազարդում Հայաստանի մասնաբաժինն ավելացնելու համար, սակայն, ըստ էության, նախագահի կարգադրությունը չի կատարվել:
Հարցին, թե ի՞նչ պիտի անի կառավարությունը, որպեսզի գազի թանկացումը շատ չազդի սպառողի վրա, պարոն Մեսրոբյանն ասաց. «Քանի որ կառավարությունը օլիգարխացված է եւ օլիգարխները ոչ միայն տնտեսական, այլեւ քաղաքական լծակներին են տիրապետում, ինչ էլ առաջարկեմ, կլինի բարի ցանկություն: Ուրիշ բան, որ ուղղակի գնահատենք, թե ինչքան միջոց է շրջանցում բյուջեն, քանի որ մեզ մոտ օլիգարխացված տնտեսություն է, չզարմանաք, որ մի օր պարզվի` այդքան էլ դժվար չէ կրկնապատկել բյուջեն, սա նշանակում է, որ բյուջեի ծախսային մասն էլ կարելի է կրկնապատկել, իսկ դա նշանակում է, որ հնարավորություն է լինելու նվազագույն աշխատավարձը հասցնել նվազագույն սպառողական զամբյուղին»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ