ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը վարչապետին հանձնարարել էր, որպեսզի կոռուպցիայի դեմ պայքարի միջոցներն ուժեղացնեն, հարկ եղած դեպքում կատարեն վիրահատական միջամտություններ: Լրագրողներն այսօր առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանից ճեպազրույցի ժամանակ հետաքրքրվեցին՝ ինչպես հասկանում ենք, վիրահատական մասի պատասխանատուն Դուք եք, ի՞նչ եք անում կոռուպցիայի դեմ պայքարի համար: Նախարարը պատասխանեց. «Մենք բացի վիրահատությունից, կոնսերվատիվ բուժման կողմնակից ենք, եւ վիրահատություններն անում ենք ծայրահեղ դեպքերում: Օրինակ, մի ժամանակ՝ մի 2-3 տարի առաջ շատ ընդունված էր սրտի բաց վիրահատությունը: Հիմա վիրահատությունները կատարվում են ծայրահեղ դեպքերում: Յուրաքանչյուր վիրահատություն օրգանիզմի համար տրավմա է»:
Հարցին՝ Սերժ Սարգսյանը դա չգիտի՞, որ տրավմա է՝ նախարարն ուղղեց. «Ես բժշկական վիրահատության մասին եմ ասում: Կոռուպցիայի դեմ պետք է լինի կատեգորիկ: Այդ պայքարը պետք է լինի, այո, վիրահատական, որովհետեւ կոռուպցիայի դեմ կոնսերվատիվ բուժումն օգուտ չի տալիս»: Հարցին՝ կոռումպացված պաշտոնյա գիտե՞ք՝ նախարարը պատասխանեց. «Գիտեմ, անուն չեմ տա»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ