«Երեւանի փոքր կենտրոնի կառուցապատման մասին» ՀՀ օրենքի հայեցակարգի նախագծի քննարկման նպատակով նոյեմբերի 1-ին քաղաքաշինության նախարարությունում կայացավ այդ նպատակով ՀՀ վարչապետի որոշմամբ մայիսին ստեղծված աշխատանքային խմբի նիստը: Աշխատանքային խումբը վարչապետի որոշմամբ ղեկավարում է քաղաքաշինության փոխնախարար Ռուզան Ալավերդյանը, խմբում ընդգրկված են Երեւանի գլխավոր ճարտարապետը, Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի պաշտոնյաներ եւ ավագանու անդամներ, մշակույթի նախարարության աշխատակազմի, «Հայաստանի ճարտարապետների միության», «Հայնախագիծ» ԲԲԸ-ի, «Երեւանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակի», «Երեւաննախագիծ» ՓԲԸ-ի, «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի» ներկայացուցիչներ:
Նիստին հրավիրված էին նաեւ «Հանուն կայուն մարդկային զարգացման», «Էկոլոգիական կենսակայունություն» հասարակական կազմակերպությունների ու Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի ճարտարապետության դեպարտամենտի ներկայացուցիչները:
Նիստի ընթացքում աշխատանքային խմբի ղեկավար քաղաքաշինության փոխնախարար Ռուզան Ալավերդյանը ներկայացնելով հայեցակարգի հիմնական դրույթները կարեւորեց այն հանգամանքը, որ աշխատանքային խմբի անդամները նշել են Երեւանի «Փոքր կենտրոնում» առկա քաղաքաշինական հիմնահարցերի գրեթե նույն համախումբը: «Ինչը վկայում է այդ հիմնահարցերի բավականաչափ ակնառու լինելու մասին: Խնդիրների լուծման համար առաջարկվող մոտեցումները պարունակելով որոշակի տարբերություններ` համընկնում են հիմնական մտահոգությունների մասով»,- նշեց տիկին Ալավերդյանը:
Մասնավորապես, գրեթե միասնական կարծիք կա «Փոքր կենտրոնի» նկատմամբ քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման կարգավիճակ ճանաչելու, գործող գոտիավորման նախագծերն ու կառուցապատման սխեմաները վերանայելու, հանրային օգտագործման կանաչ տարածքները պահպանելու, բարեկարգելու եւ ընդարձակելու, կառուցապատման գործընթացներում հանրային կարծիքը հավուր պատշաճի ներառելու ու հնարավոր վիճահարույց հարցերի կարգավորման մեխանիզմներ սահմանելու անհրաժեշտության վերաբերյալ:
Կարեւոր նշանակություն է տրվում նաեւ հուշարձան շենքերի եւ դրանց պահպանական գոտիներում քաղաքաշինական գործունեության հետ առնչվող խնդիրներին ձեւավորված բարձրարժեք շարքային կառուցապատման պահպանմանը, ինչպես նաեւ «Փոքր կենտրոնի» բեռնաթափմանը, կառուցապատման էկոլոգիական բաղադրիչի («կանաչ ճարտարապետության») ուժեղացմանը, գեղագիտական միջավայրի կատարելագործմանը եւ այլն:
Հաշվի առնելով, որ նախատեսվում է բազմաբնույթ եւ կարեւոր գործընթացների կատարելագործման նպատակ հետապնդող օրենքի նախագծի մշակում, նպատակահարմար է համարվել սկզբում նախապատրաստել «Փոքր կենտրոնի» կառուցապատման խնդիրները կանոնակարգող օրենքի հայեցակարգը` «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին համապատասխան:
Հայեցակարգով ամրագրված կարգավորման ենթակա հարաբերությունների բնութագրերի, ապագա օրենքի նախագծի նպատակների, հիմնական դրույթների եւ նախնական կառուցվածքի վերաբերյալ համաձայնություն ձեռքբերելուց հետո անմիջապես անցնել օրենքի նախագծի մշակմանը:
Ներկայումս մշակվել եւ աշխատանքային խմբի անդամներին է տրամադրվել «Երեւանի փոքր կենտրոնի կառուցապատման մասին» ՀՀ օրենքի հայեցակարգի նախագիծը, որը ստացված կարծիքներն ամփոփելուց եւ շահագրգիռ մարմինների հետ համաձայնեցնելուց հետո կներկայացվի ՀՀ կառավարության քննարկմանը:
Ավելացնենք նաեւ, որ աշխատանքային խմբի գործունեությունը տարվում է առավելագույնս թափանցիկ: Որոշման ընդունումից անմիջապես հետո քաղաքաշինության նախարարության պաշտոնական կայքում տեղադրվել է հայտարարություն` ուղղված բոլոր շահագրգիռ անձանց, իրենց նկատառումները ներկայացնելու առաջարկությամբ: Ընդ որում, ինչպես աշխատանքային խմբի անդամների, այնպես էլ ստացված բոլոր առաջարկությունները եւս տեղադրվել են նույն կայքում: Օրենսդրական առաջարկությունների մշակման նպատակով ուսումնասիրվել եւ վերլուծվել են բոլոր առաջարկները:
ՀՀ Քաղաքաշինության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին