Արդարադատության նախարարությունը Ազգային ժողով է ներկայացրել ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծ: Այսօր արդարադատության նախարարությունում լրագրողների հետ հանդիպման ժամանակ օրենսգրքի նախագիծը մշակող աշխատանքային խմբի ղեկավար Հրայր Ղուկասյանը ներկայացրեց գործող օրենսգրքի եւ նոր նախագծի տարբերությունները: Ըստ նրա, նոր օրենքը նախատեսել է քրեական գործերի քննության եւ լուծման ընթացքում ապահովել հանրային եւ մասնավոր շահերի հավասարակշռված պաշտպանություն, քրեական արդարադատության ոլորտում բարձրացնել դատական իշխանության, դատարանի դերն ու նշանակությունը, երաշխավորելու է քրեադատավարական ոլորտ ներգրավված անձի իրավունքների եւ ազատությունների պաշտպանությունը եւ արդար դատաքննության իրականացման համար երաշխավորող կարգեր է սահմանելու: Պարոն Ղուկասյանի խոսքերով, նոր օրենքը հստակեցնելու է նաեւ քննություն իրականացնող պաշտոնյաների լիազորությունների շրջանակը եւ պարտավորեցնելու է գործի վերաբերյալ հաշվետվություն տալ:
Աշխատանքային խմբի ղեկավարը բացատրեց, որ նոր օրենքը քրեական գործերի բացարձակ թափանցիկություն չի ենթադրում, որովհետեւ կան իրավական գործընթացներ, որոնք պահանջում են սահմանափակում. «Եթե խոսքը վերաբերում է նախաքննության գաղտնիության սահմանափակմանը կամ թափանցիկությանը, նախագիծը որոշակիորեն քայլ առաջ է կատարել այստեղ: Որովհետեւ, եթե հիմա գործող օրենքը դա թողնում է քննող անձի՝ դատախազի կամ քննիչի հայեցողությանը, եւ ցանկացած տեղեկություն կարող են ասել, որ սա նախաքննության գաղտնիք է ու չենք կարող հրապարակել, այսուհետեւ նախագիծը որոշակի չափանիշներ է մշակում: Ցանկացած տեղեկություն, որ քննություն կատարողը կարգելի հրապարակել, պետք է որոշակի չափանիշներից ելնի՝ կապված քննության շահերի, կապված անձանց իրավունքների պաշտպանության կամ օրենքով պահպանվող գաղտնիքի հետ»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ