Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ւր հասանք ու ո՞ւր ենք գնում…

Նոյեմբեր 01,2012 14:04

Վերջերս Ֆեյսբուքում հայտնվեց մի տեսաֆիլմ՝ հարսանիքային, այսպես կոչված, երաժշտության կատարում՝ Վարդանիկ կոչվող մենակատարով։ Որոշեցի այլեւս չլռել ու թղթին հանձնել իմ մտորումներն այդ երեւույթի եւ պատճառների մասին։ Իմ կարծիքով՝ շատերը, երեւի, անկախ իրենց կամքից, ականատես ու ունկնդիր են լինում նման կարգի երաժշտության, որն արդեն վարակի նման թափանցել է ռեստորաններ եւ այլ հասարակական վայրեր։ Այս կարգի երաժշտությունը ես կանվանեի ՆԵՈՌԱԲԻԶՄ։ Բայց չէի ուզենա կապել այն ռաբիս, թե չռաբիս հասկացության հետ։ Իմ սերնդի լսած ու իմացած ռաբիս երգերը արվեստի գոհարներ են՝ համեմատած դրա հետ։

Անցյալ տարի Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեի մի սուպերմարկետի մեջ բարձրախոսով երաժշտություն էր լսվում։ Երաժիշտը հայտարարեց հայկական երգի կատարում։ Կատարումը սկսվեց, եւ իմ տաջիկ ուղեկիցը հարցական նայեց իմ շփոթված դեմքին, իսկ ես հայացքս փախցնում էի……բոլոր հարցերին կարող էի պատասխանել՝ ինչո՞ւ է հայկական կոչվող այդ երգը նման արաբականին կամ պարսկականին… Ինչ- որ բաներ մրմնջացի՝ ի պատասխան։ Բայց զրուցակցիս մի հարցին այդպես էլ չկարողացա պատասխանել՝ ինչո՞ւ էր ռուսերեն բառերով երգում… Ամենաճիշտը, իհարկե, կտրուկ հրաժարվելն էր եւ ասել, որ ճիշտ է, հնարավոր է, որ հեղինակը ազգությամբ հայ է, բայց նրա «արածը» հայկական երաժշտություն չէ։

Ֆեյսբուքում հայտնված Վարդանիկի կլկլոցները շատերին վրդովեցրին ու ուղարկվեց բազմաթիվ քարկոծումներ՝ ուղղված այդ երաժշտության կատարմանը։ Ու ակամա ես սկսեցի մտածել, թե ինչո՞ւ պետք է մենք ունենանք այսպիսի իրավիճակ։ Հիմա կարծեմ շատերն են բարձրաձայնում այդ մասին՝ հայկական երաժշտության մակարդակի օրեցօր նվազման մասին…

Բայց կարծում եմ՝ ուշ է… ուշացած է մեր ընդվզումն այլեւս՝ «արվեստի այս արարչությունների» նկատմամբ, ինչպիսին Վարդանիկն է։ Երբ մեր արվեստի դատարկ տարածությունը իննսունականներից սկսած ճարպկորեն գրավեց Մոսկվայում հաղթած ԽԹծ-ի հայկական թիմը ու արվեստի գլուխգործոց դարձավ արդեն ճաշակ թելադրող «Մեր բակի» «հատընտիրը»…, որի շորշոփները տարածվել ու մտել են հայոց երիտասարդության մեջ ու նորանոր կուռքեր են ստեղծում՝ հանձինս Մոսկվայում «խորամանկ եւ ճարպիկ» հայերիս կողմից հիմնված գարիկմարտիրոսյանական քոմեդիքլաբների եւ նրանց հայկական մասնաճյուղերի ու երկրպագման առարկա հանդիսացող «Կարգին» ու անկարգ հաղորդումների սերիալներով։ Մշակույթի մշակ՝ ներկայիս նախարարի պուշկինյան դպրոցի «լավագույն» տրադիցիաների «ինծիլիգենտ» բարձիթողության կամ ավելի շուտ քաջալերման պայմաններում ծլած զանազան խմբեր, եւ արդեն ինքնահաստատված երգի ռահվիրաներ՝ Արթուր Գրիգորիչի տեսքով հետզհետե ավելի ու ավելի են իջեցնում որակի նշաձողը՝ արդարացնելով այն շոու- բիզնես անվանումով։ Այդ պատճառով էլ թափ են առնում «ԽԹծ»-ից «ՄԸՀԾ»- ի վերածված հոլդինգի նախաձեռնությունները Մոսկվայում «Տաշիր» կոչվող գավառական միջոցառումների շարքի ու ԲՐԵԺՆԵՎԱ- ՇՈՈՒ կազմակերպման միջոցով։ Այս հաղթարշավը հայկական իսկական երգի ու արվեստի նկատմամբ զարմանալի չի՝ եթե ամեն քայլափոխի ռուսերեն լեզվով թրքական կլկլոցները ձեւավորում են «Կայֆույեմ» հիթը հայերիս մեջ։ Դրա մեղավորը եւ մենք ենք, եւ անընդհատ իջնող նշաձողն է, որը կամա եւ ակամա ոգեկոչվում է վերեւներից նաեւ:

Ո՞վ պետք է կանգնեցնի այս ոտնձգությունների հաղթարշավը……ժամանակը աշխատում է մեր դեմ…

ՄԱՅԻՍ ՎԱՆՈՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930