«Բարև». սա այն միակ բառն է, միակ կապող օղակը, որ ստիպում է Սոֆիին ու Ալեքսին ամեն անգամ վերապրել անցածը: Նրանք ծանոթացել են իրենց ընդհանուր ընկերներից մեկի կազմակերպած միջոցառման ժամանակ: «Հենց սկզբից միմյանց դուր չեկանք ու ամեն հարմար առիթով հակառակվում էինք իրար, վիճում… նույնիսկ կողքից թվում էր, թե մենք վաղեմի ծանոթներ ենք, որ ազատ բանավիճում ենք միմյանց հետ, – ժպտում է Սոֆին, – բայց ինչպես ասում են՝ սերը հաճախ հենց վեճից է ծնվում»: Այդ միջոցառումից երկու օր անց Ալեքսը ֆեյսբուքով գտնում է Սոֆիին ու ընկերության առաջարկ ուղարկում. «Ես իհարկե զարմացա, – ասում է Սոֆին, – բայց ընդունեցի, մտածելով որ անշնորհքություն կլինի չընդունելը»: Փոքրիկ վեճերը իրականից տեղափոխվեցին նաև վիրտուալ դաշտ. միմյանց հակառակվում էին գրեթե ցանկացած հարցում՝ կատարվող իրադարձություններից մինչև լրատվամիջոցներ: Դա այնքան էլ զարմանալի չէր, քանի որ Սոֆին մասնագիտությամբ լրագրող է, իսկ Ալեքսը՝ տնտեսագետ: Այդպես անցան ամիսներ, միմյանց հանդեպ հակակրանքն էլ փոխարինվեց կապվածության, և ինչպես Սոֆին է ասում՝ ևս մեկ անգամ ապացուցվեց այն, որ հակառակ բևեռները միմյանց ձգում են: «Սկսեցինք խոսել ոչ միայն ֆեյսբուքով, այլ նաև հեռախոսով: Գրեթե ամեն հարց միասին էինք քննարկում՝ ռեֆերատի թեմայից մինչև անձնական խնդիրներ, – ասում է Սոֆին, – եւ մի անգամ, երբ ես մի քանի օրով քաղաքից բացակայեցի, երկուսս էլ զգացինք, թե որքան դժվար է մեզ համար միմյանց չտեսնելն ու չխոսելը»: Ալեքսի ու Սոֆիի հարաբերությունները աստիճանաբար ավելի էին ջերմանում, սակայն ինչպես ասում է Սոֆին՝ իրենք ոչ ընկերներ էին, ոչ էլ ավելին՝ սիրելի մարդիկ, բայց առանց իրար չէին կարողանում: Ամիսներն անցան ու դարձան տարիներ, Ալեքսի ու Սոֆիի հարաբերությունները դեռ անորոշ էին, «Բայց ես զգում էի, որ երկուսս էլ անտարբեր չենք միմյանց հանդեպ, չգիտեմ դա սեր էր, սիրահարվածություն, թե կապվածություն, բայց մենք շատ թանկ ու կարևոր մարդիկ էինք դարձել միմյանց համար, – ասում է Սոֆին, – բայց ոչ ես էի համարձակվում այդ մասին բարձրաձայնել, ոչ էլ նա»: Այդ անորոշությանը վերջ դնելու համար Սոֆին որոշեց վերջապես նոր կյանք սկսել՝ մտածելով անձնական երջանկության մասին: Եվ հասկանալով, որ Ալեքսն ու ինքը միմյանց համար չեն՝ սկսում է ընկերություն անել մեկ այլ տղայի հետ: Սոֆիի խոսքով՝ նա ժամանակի ընթացում սիրեց այդ տղային՝ մոռանալով Ալեքսի հանդեպ զգացածը, բայց միևնույն է, Ալեքսն իր համար մի ուրիշ աշխարհ էր, ու այդպես է լինելու մինչև կյանքի վերջ: «Մի օր որոշեցի զանգել Ալեքսին ու ասել, որ ես ընկեր ունեմ և ուզում եմ ծանոթացնել նրան ընկերոջս հետ՝ որպես ամենամտերիմ մարդ, բայց չհասկացա Ալեքսի հետ ինչ կատարվեց. նախ ստիպեց, որ երդվեմ, որ չեմ խաբում, հետո էլ խառնվեց իրար ու կարծես չգիտեր՝ ի՞նչ ասեր, – պատմում է Սոֆին, – հեռախոսն անջատեցի ու շտապեցի Ալեքսի մոտ: Նա պնդում էր, որ ոչինչ չի եղել, պարզապես նա անակնկալի է եկել: Բայց այդ օրն արդեն ես համոզվեցի, որ Ալեքսն իմ հանդեպ անտարբեր չէ, իր զգացածն ավելին է, քան սովորական ընկերոջ հանդեպ կզգայիր, բայց արդեն ուշ էր որևէ բան փոխել, ես հաջորդ ամիս պետք է նշանադրվեի»: Այդ օրվանից հետո նրանց հարաբերությունները փոխվում են, Ալեքսն ավելի սառն է դառնում, իսկ Սոֆին, ինչպես ինքն է ասում՝ չի կարողանում նույնքան սառը լինել և պարբերաբար զանգահարում է Ալեքսին՝ որպիսությունն իմանալու համար: Սոֆիի համոզմամբ՝ նրանք կապված են միմյանց ու նույնիսկ եթե ամուսնանան միևնույն է՝ թանկ են մնալու իրար համար, որովհետև ըստ նրա՝ կապվածությունն ավելին է, քան սերը: Սոֆին զանգեց Ալեքսին նաև իր նշանադրության օրը և ասաց. «Ալեքս չե՞ս ուզում ինձ շնորհավորես, – Ալեքսն էլ, ի պատասխան հարցին, ասաց՝ երջանիկ եղիր նրա հետ, ով կարողացավ սերը բառերով նկարագրել, ես այդպես էլ չսովորեցի դա, քանի որ իմ քայլերը միշտ բառերիցս առաջ էին ընկնում»: Ալեքսի խոսքերից հուզված՝ Սոֆին սկսեց արտասվել և ինքն իրեն մեղադրել, թե ինչու էր կարծում, որ Ալեքսը սովորական ընկերոջ պես էր վերաբերվում իրեն, բայց իրավիճակը փոխել էլ չէր կարող, այն էլ հենց նշանադրության օրը: Գիտակցելով ամեն ինչ և հասկանալով, որ Ալեքսի համար ավելի դժվար է լինում մոռանալ սերը, երբ իրենց կապը դեռ պահպանվում է՝ Սոֆին որոշեց էլ չշփվել նրա հետ: Սկզբում դժվար էր, հետո ամեն ինչ սովորական դարձավ: Հիմա փողոցում միմյանց տեսնելիս ուղղակի բարևում են և շարունակում ճանապարհը, «Բայց ամեն անգամ այդ բարևը երկուսիս հոգիներն էլ «տակնուվրա» է անում», – ասում է Սոֆին:
Տիգրանուհի Թասլակյան