Ըստ ջութակահար Կարմեն Թոսունյանի, սիմվոլիկ գումար ասվածը աշխարհահռչակ եւ հայկական նվագախմբի համար տարբեր է
«Հանուն խաղաղության» համաշխարհային նվագախումբը (World Orchestra for Peace), որ ստեղծվել է 1985թ., մաեստրո Գեորգ Շոտլիի կողմից, գերխնդիր է ունեցել տարածել հումանիզմի, խաղաղության գաղափարը մեկ հարկի տակ ընդգրկված տարբեր ազգերի երաժիշտների միջոցով: Ի դեպ, երաժշտությունը իբրեւ խաղաղության դեսպան ունենալու գաղափար, որը այդպես էլ չիրագործվեց, ժամանակին ծնվել էր Մստիսլավ Ռոստրոպովիչի մոտ:
1997թ. Շոտլիի մահից հետո նվագախումբ է հրավիրվում Վալերի Գերգիեւը: Մինչ 2003թ. ճանաչված այս կոլեկտիվում չի եղել ոչ մի հայ երաժիշտ եւ հենց այդ թվականից նվագախմբի կառավարման մարմինը Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Արա Բոգդանյանի խորհրդով հրավիրել է հայաստանցի ջութակահար Կարմեն Թոսունյանին: Վերջինս մինչ օրս ընդգրկված լինելով կոլեկտիվում, մասնակցել է Ռուսաստանում, Անգլիայում, Գերմանիայում, Չինաստանում, Հոլանդիայում, Բելգիայում, Հունգարիայում, Իսրայելում, Լեհաստանում, Ավստրիայում, Շվեդիայում, ԱՄՆ-ում եւ ԱՄԷ-ում «Հանուն խաղաղության» համաշխարհային նվագախմբի համերգներին: Ջութակահարուհին առայսօր նվագախմբի միակ հայ արտիստն է:
«Առավոտի» հետ զրույցում ՀՀ վաստակավոր արտիստ, Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր կոնցերտմայստեր Կարմեն Թոսունյանն ասաց, որ օրերս է վերադարձել ամերիկյան շրջագայությունից եւ համերգներ են ունեցել Չիկագոյում ու Նյու Յորքում: Նա տեղեկացրեց, որ այսօր 40 երկրից նվագախմբի շուրջ 90 հոգանոց երաժիշտների կազմում ընդգրկված են 5-6 ռուս եւ 1-ական վրացի ու լատվիացի արվեստագետներ: Ներկայացնելով նվագացանկը, ասաց, որ թեեւ ոչ մի հայ հեղինակի ստեղծագործություն առայժմ ընդգրկված չէ, սակայն մեջբերելով Գերգիեւի խոսքը՝ ՍՈՍ ՑՈՎ վՈՔՌ րՑՈՐՌփՍՌ (Խոսքը Ալեքսանդր Հարությունյանի ու Էդվարդ Միրզոյանի մասին է-Ս.Դ.), ասաց, որ գնահատում է հայ կոմպոզիտորական դպրոցը: Կարմեն Թոսունյանը փաստեց, որ Միրզոյանի մահը ցնցել էր Վալերի Գերգիեւին:
Ջութակահարը հայտնեց, թե մտահղացում կա, որ առաջիկա տարիներին հյուրախաղեր ունենան այն երկրներում, որոնց ներկայացուցիչներն ընդգրկված են նվագախմբում: Մեր հետաքրքրությանը՝ ինչո՞ւ World Orchestra for Peace-ը հանդես չի գալիս որեւէ հայ հեղինակի երկով, մեր զրուցակիցը նախ նշեց, թե հազվադեպ են հրավիրվում մենակատարներ, օրինակ, այս տարի իրենց հետ ելույթ է ունեցել ռումինացի սոպրանո Անժելա Գեորգիուն, հետո էլ անդրադառնալով հարցին՝ ասաց. «Նվագացանկի հարցով չի զբաղվում նույնիսկ Գերգիեւը, դա լուծվում է կառավարման խորհրդում ընդգրկված մասնագետների կողմից»:
Զրույցի ընթացքում ջութակահարը անդրադարձավ այն պայմաններին, որ առաջարկում են կազմակերպիչները: Հայտնեց, որ վերջիններս հոգում են ճանապարհի, հյուրանոցի ծախսերը, իսկ արտիստներին տրվում է սիմվոլիկ գումար: Ռեպլիկին, թե սիմվոլիկ գումար ասվածը աշխարհահռչակ եւ հայկական նվագախմբի արտիստի համար, բնականաբար, տարբեր է, Կարմեն Թոսունյանը միայն ժպտաց, բայց համաձայնեց:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ