Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ կապը քոլեջի հետ միայն Առուշանյանի կին լինելը չէ»

Նոյեմբեր 01,2012 14:00

Հայտարարում է Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի քոլեջի տնօրենի պաշտոնակատար Աննա Մնացականյանը

Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի քոլեջի տնօրեն Նարեկ Առուշանյանի մահից հետո սեպտեմբերի 1-ին տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց Գեւորգ Սողոմոնյանը, մեկ ամիս անց, Սողոմոնյանին փոխարինեց Առուշանյանի այրին՝ Աննա Մնացականյանը: Մամուլը բացասական լույսի ներքո անդրադարձավ այս փոփոխությանը, նշելով, որ Աննա Մնացականյանը Թերլեմեզյանի հետ որեւէ կապ չունի, բացի Նարեկ Առուշանյանի կինը լինելուց, գրվեց, որ նա չունի նաեւ մանկավարժական կրթություն:

«Առավոտի» հետ զրույցում տիկին Մնացականյանը նշեց, որ ճիշտ է, ինքը առաջին մասնագիտությամբ ծրագրավորող է, բայց ատենախոսություն է պաշտպանել ազգագրության թեմայով եւ 7 տարվա փորձ ունի սոցիալական ոլորտում: Նա փաստեց, որ լինելով ՀՕՄ-ի ատենապետուհի, աշխատել է մանկատան շուրջ 300 սաների հետ, ու հիշեցրեց, որ ինչպես արեւմտյան, այնպես էլ խորհրդային մանկավարժները մանկատան տնօրեններ ու վարիչներ են եղել, այդ թվում՝ Մակարենկոն, Օդոեւսկին, Պեստալոցցին:

«Մշակութային ընտանիքում եմ ծնվել՝ հայրս գրող էր, չնայած ուներ տեխնիկական կրթություն, մայրս Լիսիցյանների գերդաստանից է, կնքահայրս՝ Վիլյամ Սարոյանն է, ամուսնանալուց հետո էլ հայտնվել եմ մշակութային ընտանիքում: 14 տարի ամուսնուս հետ բնակվել ենք Քոչարի 13 հասցեում՝ նկարիչների արվեստանոցների շենքում: Այսինքն՝ իրականության մեջ իմ ամբողջ մթնոլորտը եղել է մշակութային եւ նկարիչների հետ շատ հաճախ եմ նույն օդը շնչել»,- ասաց Թերլեմեզյանի անվան գեղարվեստի քոլեջի տնօրենի պաշտոնակատարը ու փաստեր բերեց, թե ինչպես է տարիներ շարունակ կապված եղել կրթօջախի հետ եւ հիմա ինչ է փոխվել՝ իր գալուց հետո:

«Ես շատ բարձր վարձատրվող աշխատանք ունեի, ու աշխատանքի հարց լուծելու խնդիր չունեմ: Ծրագրեր էի բերում, ինձ այդ դաշտում ճանաչում են: Ես աշխատել եմ անընդհատ փոխվող սոցապնախարարների ու վարչապետի հետ, ընդ որում՝ դա չի եղել քաղցր-մեղցր հարաբերություն, բանավեճերի արդյունքում շատ լավ ծրագրեր են ծնվել: Ես եկել եմ, որովհետեւ քոլեջում կար խնդիր, ու քանի որ իմ ամուսինը իր վերջին 5 տարիները ուղնուծուծով տրվեց Թերլեմեզյանին, ես չեմ կարող անտեսել էդ էներգիան ու հոգին, որ ներդրվել է: Ու եթե ինչ-որ բան պիտի շարունակվի, կուզենամ, որ հենց իր նախագծած ծրագրերը շարունակվեն»,- ասաց տիկին Մնացականյանը:

Ինչ վերաբերում է տնօրենի նախկին պաշտոնակատար Գեւորգ Սողոմոնյանին, Մնացականյանը հավելեց, որ նա գեղանկարիչ չէ, ինչպես շրջանառվում է մամուլում, այլ հագուստի մոդելավորող է:

Կրթօջախի հետ կապված էլ նշեց. «Իմ ընտանիքը տարբեր տարիների խիստ ակտիվ մասնակցել է քոլեջի տարբեր գործընթացներին, երբ տնօրեն էին Սամվել Պետրոսյանն ու Նարեկ Առուշանյանը՝ երկու վառ անհատականություններ: Սամվել Պետրոսյանը տաղանդավոր նկարիչ էր եւ հրաշալի մանկավարժ, Նարեկ Առուշանյանը թեկուզ կարճ, բայց իսկապես ակտիվ ստեղծագործական կյանքով է ապրել, նաեւ մանկավարժության փորձ ուներ: Մասնագիտական առումով ծանրության կենտրոնը իրենք Թերլեմեզյանում ապահովում էին, սակայն վարչարարական բլոկն այստեղ միշտ թերի է եղել: Ու այն սիստեմը, որ այսօր տեսնում եմ եւ ընդունել եմ, շատ հեռու է 21-րդ դարից: Մի քանի օրինակ. մինչ 2010 թվականը այստեղ փաստաթղթերը գրվում էին տպագրական մեքենայով: Կամ՝ երեկ շենքով պտտվում էի, զուգարանի դուռը փակ էր, հարց տվեցի՝ ինչո՞ւ է փակ, ասացին, որ այդ զուգարանը նաեւ խոհանոց է ծառայում: Ես ազգագրական աղբյուրներ ուսումնասիրելով՝ որեւէ տեղ նման կենցաղավարության չեմ հանդիպել, գոնե մեր ժողովրդի պատմության մեջ զուգարանը զուգահեռաբար որպես խոհանոց չի օգտագործվել: Բնականաբար, այս եւ նման խնդիրներ բարձրացնելը հակառեակցիա է առաջացնում: Քոլեջում վարչարարական բլոկը իսկապես հեռու է իդեալական լինելուց, նաեւ եթե հաշվի առնենք այն, որ երկու փոխտնօրեն հայր եւ աղջիկ են՝ Ալբերտ եւ Արմինե Գեւորգյանները: Որակական առումով էլ որոշ խնդիրներ կան, փոքր ու մեծ դետալներ, ու երբ բարձրաձայնում ես, շեշտում են, թե իբր ես Թերլեմեզյանի հետ կապ չունեմ: Դեռեւս Սամվել Պետրոսյանի օրոք, երբ շենքը քանդվում էր, նրա քույրը՝ Ալվարդ Պետրոսյանը, զբաղվում էր շենքի փրկության հարցով: Բոլոր պետական այրերը եւ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը ներգրավված են եղել ու տեղյակ այդ գործին: Արդյունքում՝ գտնվեց գործարարը, որը գնեց 4000 քմ Լեոյի փողոցի վրա հողատարածք ու Արշակունյաց 39-ում՝ նախկին գործարանի տարածքը գնեց պետությունից եւ վերանորոգած հանձնեց Թերլեմեզյանին: Ի դեպ, շենքը հանձնվեց դափդատարկ, եւ երբ Առուշանյան Նարեկը ստանձնեց տնօրենի պարտականությունները, ինքը սկսեց այդ շենքը լցնել: Շենքը հնարավորություն չէր տալիս, որ ֆիզկուլտդահլիճը լինի ներսում, Նարեկ Առուշանյանը դիմեց նախագահին եւ նրա անմիջական հսկողությամբ դահլիճի ծրագիրը հաստատվեց կառավարության կողմից, իսկ անցյալ տարի սեպտեմբերին փոքր բացում արվեց, որովհետեւ Առուշանյանը տեղյակ էր, որ ունի առողջական խնդիրներ:  Այդ ընթացքում մեր ընտանիքի բոլոր անդամները մասնակցել են նաեւ կահավորման խնդիրներին, իմ բնակարանից պարբերաբար դուրս էին գալիս իմ բույսերն ու ծառերը, անձնական օգտագործման համակարգիչը, տիկին Ալվարդը դիմեց ԱԺ-ին եւ այն Թերլեմեզյանին տրամադրեց որոշակի գույք: Ես բերեցի 2 գրանտ, որոնցով Թերլեմեզյանի նկուղում կառուցվում է ձուլարան՝ քանդակի բաժնի համար ու կինոսրահ բացվեց լավագույն սարքավորումներով, ինչը հնարավորություն է տալիս արվեստի պատմության դասերն անցնել արդի մեթոդները կիրառելով»,- ներկայացրեց մեր զրուցակիցը: Նա հայտնեց, որ իր՝ ՀՕՄ-ի կապերով քոլեջին նորմալ գրադարան ստեղծելու գումար է տրամադրվել. «Ուզում եմ ասել, որ միակ կապը Թերլեմեզյանի հետ իմ՝ Նարեկ Առուշանյանի կին լինելը չէ. ես անմիջականորեն մասնակցել եմ այդ գործընթացներին, ու ես կարծում եմ, որ նախ եւ առաջ բարոյական խնդիր է շարունակել ամուսնուս ծրագրերը»: Աննա Մնացականյանը փաստում է՝ աշխարհում ընդունված կարգ է՝ թանգարանները եւ այլ կրթամշակութային օջախները պարտադիր չէ, որ անպայման արվեստի ներկայացուցիչների կողմից ղեկավարվեն. «Որովհետեւ, երբ ղեկավարը լինում է նկարիչ, նա սկսում է անգամ չափաձողերը իր ճաշակի եւ աշխարհընկալման համաձայն դնել, իսկ վարչարարը այդ տեսանկյունից նման խնդիր չունի եւ շահագրգիռ է առավել բարձր մակարդակ ապահովել»: Տնօրենի պաշտոնակատարը հիշեցրեց, որ Թերլեմեզյանի պատմության մեջ եղել է երկու սիրված ու կայացած տնօրեն, որոնք նկարիչ չէին, մեկը ֆիզկուլտինստիտուտի շրջանավարտ էր, մյուսը՝ պատմաբան:

Նախկին տնօրենի պաշտոնակատար Գեւորգ Սողոմոնյանի մասին էլ նշեց, որ իր գալուց հետո հանվել են նրա հրահանգով քոլեջում տեղադրված տեսախցիկներն ու լսողական սարքերը, որոնց գոյությունը սարսափելի ըմբոստություն էր առաջացրել ինչպես ուսանողների, այնպես էլ մանկավարժների շրջանում:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Հ. Գ. Պատրաստ ենք տպագրել նաեւ Գեւորգ Սողոմոնյանի տեսակետը:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930