Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինտերնետը գրատախտակ է, որի վրա ջնջումներ արվում են»

Նոյեմբեր 01,2012 13:58

Աղվերանում ավարտվեց Ինֆորմացիայի ազատության կենտրոնի կազմակերպած երկօրյա սեմինարը, որը նվիրված էր Տեղեկատվական վեճերի խորհրդի փորձին՝ զրպարտության ու վիրավորանքի գործերով դատական պրակտիկային, անմեղության կանխավարկածի պաշտպանության միտումներին, առցանց լրատվամիջոցների կարգավորման մեխանիզմներին:

Աշխատանքային քննարկմանը մասնակցում էին լրագրողներ, եւ այն փաստաբանները, որոնք մասնակցել են լրատվամիջոցների դեմ վիրավորանքի եւ զրպարտության գործերով դատական գործընթացներին:

2012թ. հուլիս-հոկտեմբեր ամիսների Տեղեկատվական վեճերի խորհրդի փորձագիտական եզրակացությունները ներկայացրեց «Արնի Քնսալթ» փաստաբանական գրասենյակի փոխտնօրեն, ՏՎԽ խորհրդի անդամ Արա Ղազարյանը: Ըստ նրա, լրատվամիջոցների դեմ 47 դատերից 13-ն է մնացել: Դատական հայցերով դիմում են հիմնականում տպագիր մամուլի դեմ:

12 հայցերից որեւէ մեկը չի բավարարվել ամբողջությամբ: Ա. Ղազարյանն ասաց, որ մասնակի բավարարվել է 3 դատական հայց:

Ուշադրության հրավիրվեց եւ բազմաթիվ հարցերի տեղիք տրվեց այն դատական գործընթացներին, որոնք վաղեմության ժամկետի խախտմամբ են քննության առարկա դառնում:

ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանն անդրադարձավ անձնական կյանքի գաղտնիության իրավունքին, մասնավորապես, անմեղության կանխավարկածի հարգմանը, առանց կոնկրետ քրեական գործեր նշելու (դարձյալ անմեղության կանխավարկածի հարգումից ելնելով):

Ըստ փաստաբանների, մի դեպքում անձը, որի մասին փորձում են տեղեկություններ ստանալ լրատվամիջոցները, հանրային անձ է, եւ հանրային շահը պահանջում է ստանալ, տարածել տեղեկություններ, մի դեպքում էլ լրատվամիջոցները «մտնում» են մասնավոր կյանք, դրանով իսկ խախտելով անձնական կյանքի անձեռնմխելիությունը, նրա անմեղության կանխավարկածը:

«Զրպարտությունը եււ վիրավորանքը էլեկտրոնային լրատվամիջոցներում» զեկուցմամբ հանդես եկած «Aravot.am» առցանցի խմբագիր Աննա Իսրայելյանն ու «Լրագրողներ հանուն ապագայի» հասարակական կազմակերպության նախագահ Սուրեն Դեհերյանը նշեցին այն քաոսային իրավիճակը, որը ստեղծվել է առցանց լրատվամիջոցներում:

Աննա Իսրայելյանն ասաց, որ չնայած «ինտերնետը իրեն հիշեցնում է գրատախտակ, ու հնարավոր է ինչ-որ բան ջնջել», սակայն պատասխանատվության բեռը՝ խոսքի ազատության եւ իրավունքների, մնում է նույնը: Նա բերեց մի օրինակ, երբ կայքում սխալ էր տեղի ունեցել մի լրատվության հետ կապված, եւ կայքը հանել էր այդ հրապարակումը, բայց, միեւնույն է, կայքից հերքում պահանջվեց, եւ ստիպված ենք եղել պատասխան խոսքի իրավունքը հարգելով՝ տալ այդ հնարավորությունը ՀԱԿ-ին:

Սուրեն Դեհերյանը տեղեկացրեց, որ իրենք ուսումնասիրել են ընտրական գործընթացների ժամանակ 10 կայք՝ իր 16 700 լուրերով: 20 տոկոսը եղել է ԶԼՄ-ներից վերցրած, մնացածների աղբյուրը նշված չի եղել: «Ումից էր վերցված, աղբյուրը չկա»,- ասաց զեկուցողը, որը ներկայացրեց նաեւ «Առցանց լրագրողների էթիկայի կանոնները»՝ 10 կետից բաղկացած:

Խոսվեց նաեւ 20 կայքերի մասին, որոնք որպես իրավաբանական անձ գրանցված չեն եւ անհավասար մրցակցության մեջ են մտել (չգիտես ինչու) գործող, գրանցված ԶԼՄ-ների հետ:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930