Ժամանակ առ ժամանակ ՀՀ մի շարք քաղաքացիների, տարբեր հասարակական կազմակերպությունների եւ միավորումների ներկայացուցիչների կողմից արվում են հարցադրումներ, թե ՀՀ քաղաքացիները ինչո՞ւ պետք է զինվորական ծառայություն անցնեն ԼՂՀ-ում, այն դեպքում, երբ վերջինս հանդիսանում է փաստացի անկախ պետություն:
Հարցի քաղաքական բաղադրիչի վերաբերյալ հետեւություններն ու եզրահանգումները թողնելով քաղաքագետների եւ քաղաքական գործիչների քննարկման տիրույթում, ստորեւ ներկայացվող հոդվածի նպատակն է հարցադրմանը մոտենալ բացառապես իրավական տեսանկյունից, եւ ՀՀ օրենսդրության ու նորմատիվ այլ ակտերի վերլուծության միջոցով հասկանալ հարցի բուն էությունը:
Միաժամանակ, իրավաբանական ուժով օժտված փաստարկումներով հարցադրումը հրապարակային քննարկման հարթակ տեղափոխելով՝ մեր խնդիրն ենք համարում փորձել այսուհետ հնարավորինս բացառել հարցի հետագա շահարկումները՝ նկատի ունենալով, որ քննարկվող հարցն ունի մի շարք նրբերանգներ եւ գտնվում է պետական ու ազգային շահերի հետաքրքրության շրջանակում:
Կարդացեք նաև
Ինչեւէ, ՀՀ նախագահի 2007թ. փետրվարի 7-ի ՆՀ-37-Ն որոշմամբ հաստատված ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության 1-ին գլխի 3-րդ կետի 2-րդ ենթակետով արձանագրված է, որ ՀՀ ազգային անվտանգության առանցքային խնդիրն է ԼՂՀ հակամարտության կարգավորումը:
Համաձայն վերը նշված փաստաթղթի, ՀՀ եւ ԼՂՀ հանդեպ Ադրբեջանի Հանրապետության կողմից զինված ուժի կիրառման բացահայտ սպառնալիքները դիտարկվում են որպես արտաքին անմիջական սպառնալիք:
Ավելին, իրադարձությունների սցենարը հիշատակված ձեւով զարգացում ապրելու պարագայում Թուրքիայի Հանրապետությունը, լինելով Ադրբեջանի ռազմավարական դաշնակիցը, նույնպես կարող է նման սպառնալիք ստեղծել: Հետեւաբար, ՀՀ-ն, հենվելով միջազգային իրավունքի հանրահայտ նորմերի վրա, Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից շրջափակումը դիտարկում է որպես իր դեմ ուժի կիրառում:
Եվ եթե նկատի ունենանք այն հանգամանքը, որ համաձայն ՀՀ սահմանադրության 46-րդ հոդվածի՝ յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է օրենքով սահմանված կարգով մասնակցել ՀՀ պաշտպանությանը, ապա պետք է հասկանալ, որ ՀՀ եւ ԼՂՀ նկատմամբ արտաքին անմիջական սպառնալիքի եւ ուժի կիրառման դեպքում ՀՀ քաղաքացիների մասնակցությունը ԼՂՀ բնակչության անվտանգության պաշտպանությանը դառնում է իրավաչափ:
Ավելորդ չենք համարում նշել նաեւ, որ «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է, որ զինապարտությունը ՀՀ պաշտպանությանը մասնակցելու քաղաքացիների սահմանադրական պարտականությունն է, ինչը բխում է ՀՀ սահմանադրության 46-րդ հոդվածի տրամաբանությունից:
Այդուհանդերձ, ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության 3-րդ գլխի 1-ին մասով ամրագրված է, որ ՀՀ-ն հանդիսանում է ԼՂՀ բնակչության անվտանգության երաշխավորը: ՀՀ դեմ ուղղված անմիջական ռազմական սպառնալիք է ԼՂ հիմնախնդրի նկատմամբ Ադրբեջանի վարած ռազմատենչ քաղաքականությունը, այն է՝ այդ հիմնախնդիրը լուծել Հայաստանի նկատմամբ ռազմական գերազանցության հասնելու միջոցով:
Գիտակցելով այս հանգամանքը՝ ՀՀ-ն «Ազգային անվտանգության ռազմավարության» հայեցակարգի մակարդակով արձանագրել է, որ Հայաստանի զինված ուժերի գլխավոր խնդիրն է ՀՀ սահմանների անձեռնմխելիության, ինչպես նաեւ Հայաստանի եւ ԼՂՀ բնակչության ֆիզիկական անվտանգության ապահովումը: Այսինքն, ՀՀ-ն՝ որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, ստանձնել է ԼՂՀ բնակչության ֆիզիկական անվտանգության ապահովողի առաքելությունը՝ դրա իրագործման միջոց համարելով իր զինված ուժերը:
Նշենք նաեւ, որ պաշտպանության մասին ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված է «Զինված ուժեր» հասկացությունը, ըստ որի՝ զինված ուժերը ՀՀ ռազմական անվտանգության համակարգի հիմքը կազմող պետական ռազմական կառույց է, որն ապահովում է ՀՀ անկախության, տարածքային ամբողջականության եւ անվտանգության զինված պաշտպանությունը:
Իսկ նույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է, որ ՀՀ պաշտպանությունը, ի թիվս այլոց, կազմակերպվում եւ իրականացվում է ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ընդգրկվածության հիման վրա:
Ասվածից հետեւում է, որ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ընդգրկվածությունը ՀՀ պաշտպանության կազմակերպման գործում պետք է ընկալվի ինչպես ՀՀ սահմանների անձեռնմխելիության, այնպես էլ ՀՀ եւ ԼՂՀ բնակչության ֆիզիկական անվտանգության ապահովման մասնակցություն, քանի որ, ինչպես վերը նշվեց, ՀՀ-ն հանդիսանում է ԼՂՀ բնակչության անվտանգության երաշխավորը:
Անհրաժեշտ ենք համարում ընդգծել նաեւ 2007թ. դեկտեմբերի 25-ին ՆՀ-308-Ն հրամանագրով ՀՀ նախագահի կողմից հաստատված ՀՀ ռազմական դոկտրինի նախաբանում ներառված դրույթն այն մասին, որ ՀՀ-ն ԼՂՀ ժողովրդի անվտանգության եւ նրա ընտրած զարգացման ուղու երաշխավորն ու աջակիցն է:
Աջակցություն ասվածի տակ, ի թիվս այլոց, միանշանակ պետք է հասկանալ նաեւ աջակցությունը մարդկային ռեսուրսի տեսքով, ինչը բխում է ՀՀ ռազմական դոկտրինով սահմանված՝ 1988-94թթ. ԼՂՀ ժողովրդի՝ օրինական եւ խաղաղ ճանապարհով ինքնորոշվելու ձգտմանը ռազմական ուժ հակադրելու եւ նրան պարտադրված պատերազմի մեջ ներքաշելու Ադրբեջանի Հանրապետության քաղաքականությունից, ԼՂՀ հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու Ադրբեջանի Հանրապետության ձգտումներով պայմանավորված՝ մշտապես ֆիզիկական բնաջնջման վտանգի ենթակա ԼՂՀ բնակչության անվտանգության ապահովման անհրաժեշտությունից, ինչպես նաեւ ՀՀ եւ ԼՂՀ անվտանգության ապահովման խնդիրների փոխկապակցվածությունից ու ընդհանրական ընկալումից:
Նկատենք նաեւ, որ ՀՀ ռազմական դոկտրինի 4-րդ գլխի 16-րդ հոդվածով հստակ ամրագրված է, որ ՀՀ անկախության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության ու սահմանների անձեռնմխելիության, ՀՀ եւ ԼՂՀ բնակչության ֆիզիկական անվտանգության համար անհրաժեշտ պաշտպանական ներուժի ապահովման ռազմական նպատակներից է բազմակողմ եւ երկկողմ հավասարակշռված ռազմական համագործակցության զարգացումը ԼՂՀ հետ:
Այսպիսով, պետք է փաստել, որ ՀՀ-ն իր բոլոր ռեսուրսները, այդ թվում եւ զինապարտ քաղաքացիների կարգավիճակ ունեցող անձանց ներուժը կարող է ներդնել ԼՂՀ բնակչության ֆիզիկական անվտանգության համար անհրաժեշտ պաշտպանական ներուժի ապահովման նպատակով իրականացվող միջոցառումների կազմակերպման գործում, ինչը կարող է դրսեւորվել ԼՂՀ տարածքում զինվորական ծառայության անցման տեսքով:
ՆՈՐԱՅՐ ՆՈՐԻԿՅԱՆ
փաստաբան
Հ. Գ. Հոդվածը գրելիս՝ առավել խորապես համոզվեցի, որ այս հարցը երբեք չպետք է դառնա այլեւայլ նպատակների իրագործման համար շահարկման առարկա:
Մենք գործ ունենք մեր ազգային ու պետական շահերի նրբերանգների հետ:
«Առավոտ» օրաթերթ