Կովալենկո Շահգալդյանն ու Աշոտ Ղահրամանյանը վստահ են, որ իրենք առիթ չեն տվել՝ պաշտոնից հեռացվելու համար
Արդեն տեւական ժամանակ է՝ լուրեր են շրջանառվում, որ հանրապետության 3 մարզպետների գլխին, այսպես ասած, «սեւ ամպեր» են կուտակվել: Խոսքը մասնավորապես՝ Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանի, Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի եւ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մասին է: Իսկ վերջերս արդեն այդ «սեւ ցուցակին» միացավ նաեւ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: Կովալենկո Շահգալդյանը եւ Աշոտ Ղահրամանյանն այսօր կտրականապես հերքեցին իրենց պաշտոնանկության մասին լուրերը՝ վստահեցնելով, որ դրանք հեքիաթներ են:
Կովալենկո Շահգալդյանն «Առավոտի» հետ զրույցում մեր հարցին ի պատասխան՝ ասաց. «Դա պիտի շահարկողներին հարցնեք: Արդեն 12 տարի է՝ այդ հարցն անընդհատ շահարկում են եւ միշտ սխալվում»: Մեր հարցին՝ հնարավո՞ր է իշխանական թեւից են այդ լուրերը տարածում, որ կամաց-կամաց հարմարվեք, որպեսզի հետո թեթեւ տանեք՝ մարզպետը պատասխանեց՝ չեմ կարծում. «Ինչի՞ պիտի այդպես անեն: Եթե պաշտոնանկ արվելու պահը գալիս է՝ պաշտոնանկ անում են: Վատ աշխատանքն էլ չի թաքցվում. ասում են, որ վատ աշխատանքի համար հանում ենք»: Մենք ճշտեցինք՝ ձեր մարզում չարաշահումներ էր հայտնաբերել Վերահսկիչ պալատը, գուցե «ատկատները» շա՞տ են եղել, դրա համար ուզում են Ձեզ հանել՝ Կ. Շահգալդյանը պատասխանեց. «Մեր մարզում այդպիսի խնդիրներ չկան»:
Կարդացեք նաև
Մեզ հետ զրույցում Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն իր պաշտոնանկության լուրերի մասին այսպես պատասխանեց. «Ես նման լուրեր չեմ լսել ու ընդհանրապես այդ կարգի լուրերին ուշադրություն չեմ դարձնում»: Մեր դիտարկմանը, որ ժողովուրդն ասում է՝ առանց կրակ ծուխ չի լինում, կա՞ առիթ, որ Ձեր աշխատանքից դժգոհ են մնացել՝ մարզպետը վստահեցրեց. «Ես նման առիթ չեմ տվել: Տեղյակ էլ չեմ»:
Երեկ ԱԺ-ում մարզպետները ներկայացնում էին 2013-ի բյուջեի նախագծով իրենց հատկացումները, եւ առիթ եղավ, որպեսզի լրագրողներին ներկայացնեն իրենց մարզերի հիմնական խնդիրները: Ինչպես հայտնի է՝ Գեղարքունիքի մարզում հայտարարված կարանտինը սիբիրախտի համար շարունակվում է: Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը վստահեցրեց, որ արել են ամեն ինչ՝ խնդիրը լուծելու համար: Վարկած կա, որ տարածված սիբիրախտը դիտավորության արդյունք է՝ դիվերսիա է՝ պատերազմական իրավիճակը ցրելու համար, կամ պարզապես ոլորտն են ուզում մոնոպոլիզացնել ու պատվաստումների բիզնեսը կենտրոնացնել մեկի ձեռքում: Մարզպետը հերքեց այդ վարկածները. «Ես դիվերսիան բացառում եմ»: Մենք հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ է վերահսկվել պատվաստումը, ինչին Ռաֆիկ Գրիգորյանը պատասխաեց. «Ես չեմ կարող ասել այդ մասով: Քրեական գործ է հարուցվել, գործի վարույթը կավարտվի, այդ մասով ձեզ կտեղեկացնենք: Մեր կողմից վերահսկվում է, համապատասխան նախարարության կողմից վերահսկվում է: Ոստիկանության կողմից գործ է հարուցվել, վերջնական արդյունքների մասին դուք տեղյակ կլինեք»: Թե ովքեր են ներգրավված որպես մեղադրյալ՝ մարզպետը չկարողացավ ասել:
Ինչ վերաբերում է բյուջեի նախագծով մարզերի հատկացումներին, ամենագոհը, թերեւս, Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանն էր: Նա ժպիտը դեմքին այնպես սկսեց ներկայացնել, թե որ ուղղություններով են պատրաստվում ծախսել իրենց մարզին հատկացված գումարը, որ մյուս մարզպետները կատակեցին. «Մի խոսքով՝ ասա՝ գոհ ես, էլի»: Էդիկ Բարսեղյանն էլ պատասխանեց. «Ինչ խոսք, բոլոր ուղղություններով եղել են ավելացումներ: 3 մլրդ 345 մլն դոտացիա ենք ստացել, 345 մլն-ը ավելացել է: Ընդհանուր լավ է, նախորդ տարվա համեմատությամբ՝ բոլոր կետերով էլ կառավարությունը գումարներ է հատկացրել: Այն անգամ էլ եմ ես գոհ եղել: Այս տարի 16,7 մլն-ից ավելի է աշխատավարձի ֆոնդի գումարը: Կապի ծառայության համար 326 հազար դրամ ավելացել է, այս անգամ 11 մլն 950 հազար դրամ են տվել: Տեղեկատվական ծառայության համար՝ 2,6 մլն, կոմունալ ծառայության համար՝ 225 հազար, եւ այդպես շարունակ»:
Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը նշեց, որ 2012-ին իրենց հատկացվել է 4 մլրդ 717 մլն դրամ, իսկ 2013-ի բյուջեի նախագծով՝ 4 մլրդ 826 մլն դրամ, այսինքն՝ 109 մլն-ով ավելի, քան նախորդ տարի: Նախատեսված է եւս 641 մլն դրամ, որի պատվիրատուները հանդիսանում են տարբեր նախարարություններ՝ քաղաքաշինության, տրանսպորտի եւ կապի նախարարությունները: Մարզպետը մանրամասնեց, թե հաջորդ տարի որտեղ են ծախսելու այդ գումարները. մարզպետարանի աշխատակազմի համար՝ 263 մլն դրամ, նախադպրոցական կրթությանը 41 մլն դրամ ավելացումներ են կատարվել, դպրոցաշինության համար հատկացվել է 90 մլն դրամ, մարզային նշանակության ճանապարհների պահպանման համար՝ 97 մլն դրամ, 1.7 մլն էլ՝ տրանսպորտային ծառայությունների համար:
ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ