Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հրաչյա Հարությունյան. «Թատրոնը կենդանի արվեստ է եւ չի կարող մահանալ»

Նոյեմբեր 01,2012 13:51

Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասան Հրաչյա Հարությունյանը բարձր արվեստ է ներկայացնում ոչ միայն բեմում, այլ նաև կյանքում: Դերասան, ռեժիսոր Հրաչյա Հարությունյանը ծնվել է 1961թվականի փետրվարի 14-ին, Երևանում: 1979-1981թթ-ին սովորել է «Հայհամերգ» միավորմանը կից էստրադային-կրկեսային ստուդիայի կրկեսային բաժնում, 1984թ,-ին ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական բաժինը: 1978թ-ից աշխատում է Երևանի Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում: Խաղացել է բազում դերերում, ինչպիսիք են, օրինակ` Համլետ` «Համլետ», Ռոմեո` «Ռոմեո և Ջուլիետ», Հիսուս Նազովրեցի` «Հիսուս Նազովրեցին և նրա երկրորդ աշակերտը», Մարկ Անտոնիոս` «Հուլիոս Կեսար», Գնդապետ` «Գնդապետ թռչուն», Գրիգոր Լուսավորիչ` «Խոր Վիրապ», Սերգեյ` «Իրկուտսկյան պատմություն», Վենսան` «Չաո» և այլն, ինչպես նաև հեռուստաներկայացումներում` «Մի ամիս գյուղում», «Վերելակում», «Սպանել տղամարդուն», «Չարենցի ուղղիչ տունը», «Անհամբեր սիրահարներ», «Ես և նա», «Եղեգնուհի», «Հաղթանակած կինը» և այլն: Ինչպես նաև տարբեր ֆիլմերում` «Ճերմակ անուրջներ», «Հին աստվածներ», «Տեր ողորմեա», «Խաչագողի հիշատակարանը», «Լքյալներ», «Քրմուհի», «Պատանդներ» և այլն: 2006 թվականին արժանացել է ՀՀ վաստակավոր արտիստի կոչմանը, իսկ 2012 թվականին դարձել ՀՀ Պետական մրցանակի դափնեկիր: Հ. Հարությունյանի համար, ինչպես բազմիցս նշել է դերասանը,  շատ կարևոր է այն, թե ում հետ ես խաղում բեմում, իսկ նրա` թե´ ստեղծագործական, թե´ առհասարակ կյանքում առանձնահատուկ տեղ է զբաղեցրել Խորեն Բաբկենիչը (Աբրահամյան), որը, ըստ Հրաչյա Հարությունյանի, խոր, զարմանալի, տաղանդավոր, հետաքրքիր մարդ և արհեստավարժ դերասան էր: Նա բարձր է գնահատում նաև իր առաջին, երկարամյա խաղընկերոջը` Տաթևիկ Ղափլանյանին, Արթուր Ութմազյանին, Լիկային և Լուիզա Ղամբարյանին: Իմանալու համար, թե ինչ վիճակում է այսօր թատրոնը և առհասարակ` արվեստը, փորձեցինք զրուցել հենց նրա` մտավորական դերասան Հ. Հարությունյանի հետ:

 

Պրն. Հարությունյան, ի՞նչ գույն ունի կյանքը Ձեզ համար:

 

Բոլոր գույները: Բնությունը մարդուց շատ ավելի խելացի է: Եվ եթե ստեղծվել են այդ բոլոր գույները, ուրեմն մեկի պակասի դեպքում անպայաման մի երանգ կբացակայի մեր կյանքում, ինչը բոլորովին էլ չեմ ցանկանում:

 

Մի՞թե բնությունը մարդուց խելացի է:

 

Միանշանակ: Չպետք է կասկածել: Այն խելացի է և համբերատար, սակայն, ցավոք, մենք այդկերպ չենք վարվում նրա հետ, որի վատ արդյունքը, իհարկե, տեսնում ենք: Դա հավերժ թեմա է և հավերժ բարձրացվում է շատերի կողմից: Մարդ արարածի փոփոխությունն ինքս եմ նկատում` թե´ մարդկային հարաբերություններում, թե´ առհասարակ կյանքում: Օրինակ` 30 տարի առաջ և այսօր տարբերությունը շատ  մեծ է:

 

Խորհրդային ժամանակաշրջանի թատրոնը որքանո՞վ է փոխվել այսօրվա թատրոնի համեմատ:

 

Թատրոնը կենդանի արվեստ է և անընդհատ փոփոխության է ենթարկվում: Այն մի պահ հիվանդանում է, այնուհետև ապաքինվում, և այդպես շարունակ:

 

Սակայն այն երբեք չի՞ մահանում:

 

          Երբեք: Շատ անգամներ եմ լսել, որ թատրոնն այլևս կենդանի չէ, այն դադարել է գոյություն ունենալ և այլն, սակայն ինձ թվում է, որ դրանք պարզապես նախադասություններ են, որոնք անընդհատ կրկնում ենք: Թատրոնը չի կարող մահանալ: Այն ամենաերկար ապրող արվեստն է, քանի որ այսօր տեխնիկայի աշխարհն այնքան է զարգացել` նոր զարկ տալով հեռուստատեսությանը, համացանցին, որ կենդանի շփումը մնացել է ամենաքիչն ու կարոտածը: Դրա համար էլ կենդանի շփումն ու կենդանի մարդ արարածը գնալով էլ ավելի թանկ են դառնում: 

 

Դերասանի մասնագիտությունը մի՞թե այդքան բարդ է:

 

          Դերասանի մասնագիտությունը շատ ծանր է և խորը ուսումնասիրության կարիք ունի: Հաճախ բողոքում ենք, որ երիտասարդները չգիտեն, թե ինչ է այն իրենից ներկայացնում, սակայն, ցավոք, մեծահասակները նույնպես չգիտեն: Օրինակ` «Խաչագողի հիշատակարանը» ֆիլմում նկարահանվելու համար համապատասխան գիրքը կարդացել եմ 100 անգամ, որպեսզի հասկանամ` արդյո՞ք որևէ միտք բաց չեմ թողել: Իսկ դա ոչ թե հերոսություն է, այլ ընդամենը դերասանի բնականոն աշխատելաոճ:

 

Վերջերս  սերիալները, ֆիլմերն ու դրանցում նկարահանվողներն անընդհատ փնովվում և քննադատվում էին/են: Դա ի՞նչ է, վատ սովորությո՞ւն, թե՞ իրականություն:

 

Խոսում են սերիալ լինելու կամ չլինելու մասին, բայց այդ ժանրը պետք է լինի այնքանով, որքանով այն կա, և անպայման կլինի: Ոչ թե սերիալի, այլ անճաշակության և սիրողականության դեմ պետք է պայքարել: Յուրաքանչյուր ոք, ի վերջո, պետք է զբաղվի իր գործով: Իրականում չկան վատ մասնագիտություններ, թեմաներ, այլ թե ինչպես ես դրանք ներկայացնում: Ինձ համար ամենակարևորը վերաբերմունքն է ստեղծագործական աշխատանքի նկատմամբ: Ուստի, պետք է ավելի լավ սովորել և ավելի արհեստավարժ մոտենալ յուրաքանչյուր աշխատանքին, լինի դա արվեստ, թե այլ բնագավառ:

 

Հ. Հարությունյանը զրույցի վերջում ավելացրեց, որ իր աշխատանքով նա փորձում է մատնանշել այն, ինչ թերի է կամ արժանի է փոփոխման և կատարելագործան` հավելելով, որ եթե իր ձայնը հասանելի լիներ ամբողջ աշխարհին, այն մեծ սիրով կբարձրացներ` արվեստն էլ ավելի լուսավոր ու գունավոր դարձնելու համար:

 

Ելենա Չոբանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930