Ըստ Արման Մելիքյանի՝ Ծառուկյանը չի առաջադրվի, իսկ Օսկանյանի առաջադրվելու պարագայում ԲՀԿ-ն նրան սատարելու մասին հրապարակավ չի հայտարարի:
– Պարոն Մելիքյան, ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի քաղաքական դաշտում տիրող անորոշ մթնոլորտը՝ նախագահական ընտրություններից ընդամենը երեք-չորս ամիս առաջ։ Քաղաքական վերադասավորումներ կարո՞ղ են լինել նախագահական ընտրություններից առաջ, թե՞ ամեն ինչ պարզ է՝ Սերժ Սարգսյանը նշանակալի խոչընդոտների չի հանդիպի գալիք ընտրություններում:
– Ներքաղաքական այս իրավիճակը ձեւավորվել է նախորդող գործընթացների արդյունքում եւ այդ առումով միանգամայն օրինաչափ է: Նախորդ նախագահական ընտրությունների ընթացքում եւ դրանց հաջորդած տարիներին իշխանական կոալիցիա կազմած ուժերն անում էին ամեն հնարավորը ՀԱԿ-ի ուժերը ջլատելու եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցների շարքերը հնարավորինս նոսրացնելու համար: Իմ տպավորությամբ՝ նույն մարտավարությունն էր ընտրել նաեւ ՀԱԿ առաջնորդը՝ ձգտելով սեպ խրել իշխանական ճամբարը կազմող ուժերի արանքում: Նա նախ՝ բանակցությունների մեջ մտավ իշխանական դաշինքի հետ՝ առաջարկելով մի այնպիսի օրակարգ, որը վերջնարդյունքում կարող էր հանգեցնել Ռոբերտ Քոչարյանի համար բավական տհաճ հետեւանքների, ինչն, իր հերթին, անխուսափելիորեն բերելու էր իշխանության ճամբարում ներքին լուրջ հակասությունների, իսկ այդ բանակցությունների տապալվելուց հետո ՀԱԿ-ի համար նոր հնարավորություններ նշմարվեցին ԲՀԿ-ի՝ կոալիցիայից դուրս գալու արդյունքում: Այժմ արդեն ԲՀԿ-ին է համագործակցելու եւ համատեղ ուժերով իշխանափոխություն իրականացնելու հրապարակավ առաջարկ արվում: Այդ ծրագրի իրականացման հավանականությունն այնքանով է իրատեսական, որ խորհրդարանական ընտրությունների ժամանակ գործել է համատեղ նախընտրական շտաբ: Այս աճպարարությունների արդյունքն այն եղավ, որ խորհրդարան մտած բոլոր քաղաքական ուժերի վարկանիշը զրոյացավ:
Կարդացեք նաև
– ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ խորը հակասություններին հավատո՞ւմ եք, դրանք կարո՞ղ են Հայաստանի հետագա քաղաքական գործընթացները փոխել այն աստիճան, որ օրինակ՝ ԲՀԿ-ն դառնա արմատական ընդդիմություն։ Գագիկ Ծառուկյանը Սերժ Սարգսյանին ընդդիմանալու ռեսուրս եւ ցանկություն ունի՞ առհասարակ: Եվ այս առումով՝ քաղաքական դաշտի սպասողական իրավիճակը, թե ինչ կվճռի ի վերջո ԲՀԿ-ն, ո՞ւմ է ձեռնտու՝ Ձեր կարծիքով:
– Ես չեմ կարծում, որ պարոն Սերժ Սարգսյանի եւ պարոն Գագիկ Ծառուկյանի միջեւ գոյություն ունեն անհաղթահարելի հակասություններ: Կարծում եմ՝ սխալված չեմ լինի նաեւ, եթե ասեմ, որ ե՛ւ ՀՀԿ-ի, ե՛ւ ԲՀԿ-ի համար բացառիկ ու որոշիչ են իրենց առաջնորդների մոտեցումներն ու որոշումները. իմ տպավորությամբ՝ դրանք ներկուսակցական շրջանակներում ընդունվում են անվերապահորեն ու միաձայն: Ուստի գտնում եմ, որ դժվար թե իրական եւ առարկայական առճակատում տեղի ունենա. ԲՀԿ-ի համար շահեկան տարբերակը գործող իշխանություններին չհակառակվելով՝ առավելագույն օգուտ ստանալու մեջ է: Ինձ թվում է, որ պարոն Ծառուկյանը չի առաջադրվի, իսկ պարոն Օսկանյանի առաջադրվելու պարագայում էլ ԲՀԿ-ն նրան սատարելու մասին հրապարակավ չի հայտարարի, այդ առաջադրումը կարող է որակվել որպես կուսակցության անդամի անձնական նախաձեռնություն:
– Հայ ազգային կոնգրեսը ժամանակ առ ժամանակ քննարկման թեմա է դարձնում «բուրժուադեմոկրատական հեղափոխության» գաղափարը, ՀԱԿ կենտրոնական գրասենյակի անդամը օրերս նշել է. «Եվս մեկ-երկու խոշոր գործարարի, առավել եւս՝ ԲՀԿ-ի մասնակցությունը ժողովրդական շարժման կողմում, իշխանության ամեն տեսակ կեղծիքներով հանդերձ, առնվազն անհնար կդարձներ մեկ փուլով ընտրությունների ավարտը։ Այսինքն՝ վաղուց ավարտված կլիներ «բուրժուադեմոկրատական հեղափոխությունը»։ Ինչպե՞ս եք վերաբերվում ՀԱԿ-ի կողմից ԲՀԿ-ի ուղղությամբ հնչող այս մեսիջներին, եւ հաջորդը՝ եթե նույնիսկ ԲՀԿ-ն կանգնի ՀԱԿ-ի կողքին, դա այլընտրանք կլինի՞ գործող իշխանությանը:
– ՀԱԿ-ԲՀԿ սիրախաղի էությանն արդեն անդրադարձել եմ՝ ՀԱԿ-ի համար դա իշխանական ճամբարում ներքին անվստահություն հրահրելու միջոց է: Այն պատրանքն է ստեղծվում, որ եթե այդ երկու քաղաքական ուժերը միավորեն իրենց ջանքերը, ապա հնարավոր կլինի ՀՀ-ում իշխանափոխություն իրականացնել: Եթե այս իրավիճակում ՀԱԿ-ի անմիջական քաղաքական օգուտներն ակնհայտ են, ապա նույնը չի կարելի ասել ԲՀԿ-ի մասին՝ վերջինս պետք է լուրջ վտանգի ենթարկի սեփական նյութական եւ մարդկային ռեսուրսները՝ չունենալով հաջողության հասնելու եւ ոչ մի լուրջ երաշխիք: Չմոռանանք, որ ժամանակին բավական մեծ թվով գործարարներ էին աջակցում Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած շարժմանը, իսկ թե ինչ եղավ նրանց ունեցվածքի հետ՝ բոլորս գիտենք: Այս ամենն, ավելի շուտ, կարող է տրոհումների հանգեցնել ԲՀԿ-ի ներսում՝ նրա երեւացող ու աներեւույթ թեւերի միջեւ հակասություններ ու անվստահություն առաջացնելով: Ամեն դեպքում ե՛ւ ՀԱԿ-ի, ե՛ւ ԲՀԿ-ի թուլացումը բխում է ՀՀԿ-ի ու վերջինիս նախագահի շահերից:
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ