«Խորությամբ չմտածված ու չտրամաբանված քայլ էր: Քայլ, որ լուրջ ու վտանգավոր հարցեր է ծնում բոլորի մոտ, ովքեր շփվում են Հայաստանի հետ: Ես համոզված եմ, որ այդ հարցերը իրականության հետ կապ չունեն, սակայն այդ հարցերը կան եւ ուղեկցելու են Հայաստանի Հանրապետությանը»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Սմբատ Այվազյանը՝ նկատի ունենալով ԲՀԿ-ական պատգամավոր, ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի շուրջ ծավալվող իրադարձությունները: Պարոն Այվազյանը նշեց իրականության հետ կապ չունեցող, սակայն մեր երկրին պիտակավորող մի քանի այդպիսի հարց եւս. «ՀՀ դիվանագիտական կորպուսի ղեկավարները դիվանագիտական կապերը օգտագործում են անձնական շահերը սպասարկելու համար… ԱԳՆ տանիքով ստեղծում են ֆոնդեր եւ հիմնադրամներ, որոնք հետագայում օգտագործում են անձնական նպատակներով: ՀՀ դիվանագիտական կորպուսի ղեկավարները բարեգործության անվան տակ Հայաստան են բերում կեղտոտ փողեր: Եվ այդ կեղտոտ փողերը լվանում են անձամբ ՀՀ արտգործնախարարները: Լվանում են կեղտոտ փողը: Սա արդեն հնչում է որպես վտանգ եւ զգուշացում Հայաստան բոլոր փող ուղարկողներին… Այսինքն՝ քաղաքական նկատառումներից ելնելով, ինչ-որ անձանց հարցերը լուծելու համար՝ ՀՀ դիվանագիտական կորպուսին կպցվում է հանցագործ կառույցի պիտակ: Դա այլ կերպ չի կարող մեկնաբանվել, քանի որ թե Ա. Արզումանյանին, թե Վ. Օսկանյանին նույն հանցանքի մեջ մեղադրեցին հենց ընտրությունների ժամանակ»: Այս ամենից մեր զրուցակիցը մեկ եզրակացություն է անում. «Գործող նախագահը իրեն շրջապատել է շատ թույլ խորհրդականներով, այնպիսի խորհրդականներով, որոնք ի վիճակի չեն առաջադրված խնդիրների խորքային վերլուծության: Արդյունքում կայացվում են որոշումներ, որոնցում պետական շահը ստորադասվում ու վտանգվում է»:
«Առավոտ» օրաթերթ
Կարդացեք նաև