Լրահոս
Օրվա լրահոսը

Սմբատ Այվազյան. «Բանակը հարձակման գործիք է»

Նոյեմբեր 01,2012 13:29

Սմբատ Այվազյանը՝ ՀՀ անվտանգության ապահովման նոր հայեցակարգի եւ ներքաղաքական զարգացումների մասին

– Քաղաքականությունից կարծես թե հեռացել եք:

– Քաղաքականությամբ զբաղվելը ինձ համար երբեք նպատակ չի եղել: Դա ինձ համար միշտ եղել է ընդամենը միջոց՝ իմ տեսած, իմ պատկերացրած երկրին հասնելու համար: Իսկ դրան տանող բոլոր ճանապարհները, անկախ նրանից՝ համարվում են քաղաքականություն, թե ոչ, ինձ համար միշտ եղել են ընդունելի ու արժեքավոր: Այսօր ինչ-որ ձեւերով սահմանազատումներ են մտցնում: Ես կասեի՝ արհեստական սահմանազատումներ: Եթե մի բան անում ես հասարակական կազմակերպության միջոցով, դա կոչում են հասարակական աշխատանք: Եթե նույնը անում ես կուսակցության միջոցով, դա քաղաքականություն է… Չե՞ք կարծում, որ նման մոտեցումը այնքան էլ տրամաբանական չի: Այսօր էլ ես եւ իմ ընկերներն անում ենք այն, ինչ ես արել եմ կուսակցական աշխատանքով: Սակայն այսօր ինձ ավելի շատ մտահոգում են անվտանգության հարցերը եւ անվտանգությունը ապահովող տնտեսական համակարգերը, ու ավելի շատ զբաղվում եմ դրանով: Այս ընթացքում ես ու իմ համախոհները մշակել ու պատրաստել ենք  երկրի սահմանամերձ գոտիների ամրացման ու բնակեցման, սահմանամերձ գոտու անվտանգության ապահովման Հայաստանի համար սկզբունքորեն նոր հայեցակարգ: Շուտով մենք այն կդնենք շրջանառության մեջ: Մշակվել է նաեւ ընդհանուր զարգացման հայեցակարգ, որը կարծում եմ՝ շուտով կդրվի լայն քննարկման՝ թե՛ հասարակական, թե՛ քաղաքական, թե՛ այլ շահագրգիռ եւ իրավասու կազմակերպությունների մակարդակով: Իսկ ո՞րն է քաղաքականությունը, եթե ոչ մեր բոլորի բարեկեցության, հզորացման տանող ճանապարհների որոնումն ու ծրագրերի իրագործումը:

– «Սահմանամերձ գոտու անվտանգության համակա՞րգ»… Բայց դրա համար մենք ունենք մարտունակ բանակ:

– Բանակ… Չպետք է մոռանալ, որ բանակը հարձակման գործիք է: Բոլոր պատերազմների ժամանակ հարձակվում է բանակը եւ միայն բանակը: Շատ լավ է, որ մենք մարտունակ բանակ ունենք: Եվ ես համոզված եմ, որ մեր բանակի ապագա գործողությունների արդյունքում զինադադարը դառնալու է կայուն եւ երկարատեւ խաղաղություն: Իսկ այսօր մենք պետք է հասկանանք, որ պաշտպանությունը իրականացվում է ոչ միայն բանակով: Պաշտպանությունը իրականացվում է բանակով, բանակի թիկունքին կանգնած ժողովրդով, ինժեներական համակարգերով ու էլի բազմաթիվ այլ միջոցներով: Այսինքն՝ եթե հարձակման ժամանակ բանակը համարյա միակ գործիքն է, ապա պաշտպանական համակարգերում այն կարեւոր է, բայց ոչ միակը: Ժամանակակից աշխարհում լավագույն պաշտպանական համակարգերից մեկը համարվող շվեյցարական համակարգում բանակը ընդամենը 5000 զինվոր ունի: Իսկ պաշտպանական համակարգը ունի ավելի քան 2 մլն մարդ, քաղպաշտպանության ուժերը ունեն 280 հազար մարդ: Արդյունքում՝ շվեյցարական հողը միշտ խուսափում է պատերազմական տարածք դառնալուց: Շատերը կարծում են, թե Շվեյցարիան պատերազմներից խուսափում է իր դիրքի եւ բանկային համակարգերի միջոցով, բայց ռազմական մասնագետները շատ լավ գիտեն, որ պատերազմների ժամանակ որեւէ պատերազմող կողմ չի ցանկանում գործ ունենալ այդ երկրի պաշտպանական համակարգի հետ:

– Ընդհանուր գծերով կներկայացնե՞ք առաջարկվող համակարգը:

– Ինձ համար իսկական պաշտպանական համակարգի բնութագրերը հետեւյալն են. պաշտպանունակ, ուժեղ, իր հողին կառչած քաղաքացի, ամրացված, ապահով տարածք, ուժեղ բանակ, ուժի պահպանմանն ու բազմապատկմանը միտված տնտեսվարությանը դավանող, ուժի պահպանմամբ ու բազմապատկմամբ բնորոշվող զարգացման հայեցակարգով ընթացող պետություն եւ իշխանություն:

Իհարկե, այս ամենի հետեւում պետք է լինեն ծրագրեր, որոնցով ասածներս դառնում են ռեալություններ: Բոլորս էլ հասկանում ենք, որ եթե քաղաքացին չի կարողանում իր ընտանիքը պահել, նա չի կարող դառնալ հողին կառչած: Եթե քաղաքացին ինքը իր ընտանիքի պաշտպանության իրականացնողն ու երաշխավորը չի, նա չի կարող համարվել ուժեղ: Եթե տարածքը դատարկվում է բնակիչներից, այն չի կարող համարվել ամրացված: Ես, իհարկե, շատ լավ հասկանում եմ, որ այս ամենի իրականացումը պահանջում է մեծ ջանքեր: Բայց այլընտրանք չկա: Ու չի կարող լինել: Մեր պատմությունը դա բազմիցս ապացուցել է:

Ես նաեւ շատ լավ եմ հասկանում, որ այս ճանապարհը մենք միանգամից չենք անցնելու: Պետք է գնանք քայլ առ քայլ: Բայց այս երկրի քաղաքացին պետք է այդ քայլը տեսնի, որ կարողանա իրենից վանել անվստահությունը: Իսկ ի՞նչ է տեսնում այսօր մեր երկրի քաղաքացին: Մեր երկրի քաղաքացին տեսնում է դատարկվող սահմանամերձ գոտի: Տեսնում է սահմանամերձ գոտում ապրող բնակչի, որը իր անձի, ընտանիքի եւ տարածքի պաշտպանության խնդիրների հետ որեւէ առնչություն չունի: Տեսնում է սահմանամերձ գոտում ապրող բնակչի, որը նյութապես բացարձակ անապահով վիճակում է: Տեսնում է, որ չկա որեւէ գործուն ծրագիր, որով այդ տարածքը դառնա գրավիչ, որով այդ բնակիչը դառնա ապահով, որով այդ բնակիչը դառնա մասնակիցը եւ երաշխավորը թե՛ իր եւ իր ընտանիքի, թե՛ այդ տարածքի ու ամբողջ երկրի անվտանգության երաշխավորը:

Ասում ենք, որ ունենք ուժեղ բանակ: Բայց պատմությունը սովորեցնում է, որ հաղթում են այն բանակները, ում թիկունքը ամրացված է մարտունակ ժողովրդով: Հաղթում են այն ժողովուրդները, որտեղ քաղաքացին զինվոր է, որտեղ ժողովուրդը բանակի շարունակությունն է: Այսինքն՝ մեզ պետք է սահմանամերձ գոտում ստեղծել եւ ունենալ ամրացված համայնքներ, որտեղ բոլոր տղամարդիկ աշխարհազորային են, այսինքն՝ զինվոր են, որտեղ բոլոր բնակիչները ապահովված են աշխատանքով, որտեղ գյուղացին չի մտածում իր բերքի եւ արտադրած գյուղմթերքի իրացման մասին, որտեղ ստեղծված է բիզնես-գործունեության համար գրավիչ միջավայր եւ այլն:

Առավել մանրամասն այս հայեցակարգը մոտ ժամանակներս մենք կդնենք շրջանառության մեջ:

– Ի՞նչն է պատճառը, որ Ձեր  գործունեությունը այժմ կարծես թե փոխվում է այլ հարթություն: Ընդդիմադիր, մերժողական կեցվածքը կարծես թե դառնում է առավել կառուցողական:

– Այն, ինչ դուք անվանեցիք ընդդիմադիր, մերժողական, պետք է բացել: Այն ամենը, ինչ ես մերժել եմ, շարունակում եմ մերժել: Շարունակելու եմ մերժել ընտրական կեղծիքների համակարգը, շարունակելու եմ մերժել այս այլանդակ վիճակը, որի արդյունքում շարունակվում է երկրի դատարկվելը, շարունակելու եմ պայքարել այս իրավիճակի փոփոխման համար: Բայց այս ընթացքում տեղի են ունենում իրադարձություններ, որոնք ստիպում են անել նոր քայլեր: Դրանցից ինձ համար ամենակարեւորը Սաֆարովի այլանդակ գործն էր: Իսկ այդ գործը լուրջ մտածելու եւ մեր բոլոր քայլերը խմբագրելու պահանջ է դնում:

Ի՞նչ է եղել իրականում: Բոլորիս համար պարզ դարձավ, որ մեր հարեւան երկրում ժողովրդականություն են վայելում, մեծարանքի են արժանանում եւ ժողովրդի համար հերոսներ են դառնում նրանք, ովքեր հայ են սպանում: Այսինքն՝ հայ սպանելը ոչ միայն պետական եւ իշխանական համակարգի, այլեւ ժողովրդական զանգվածների համար մեծագործություն է: Ուշադրություն դարձրեք՝ ժողովրդական զանգվածների… Ովքեր վերապրել են Սումգայիթը, կհասկանան այս ասածներիս իմաստը: Ովքեր տեսել են Սաֆարովի փառաբանումը, կհասկանան ասածներիս իմաստը:

Ապագան պահանջում է որ մենք իրերը կոչենք իրենց անուններով: Եվ մենք առանց քաղաքակրթական սեթեւեթանքների պետք է հասկանանք ու ասենք, որ մեր հարեւանների մոտ գերիշխում են գիշատիչ բնազդները, որոնք անպայմանորեն գործի են դրվում իրենց համար պատմականորեն նպաստավոր բոլոր պահերին:

Մենք պարտավոր ենք հասկանալ, որ այդ ժողովրդի մեծագործը, հերոսը Սաֆարովն է: Իսկ ժողովուրդը միշտ ձգտելու է նմանվել իր հերոսին ու անցնել նրա ճանապարհով: Մենք պարտավոր ենք հասկանալ, որ այդ ժողովուրդը առաջիկայում իր էությունը չի փոխելու եւ իր գիշատիչ բնազդները չի գործադրի միայն վախի առկայության պարագայում: Չպետք է մոռանալ, որ այդ ժողովրդի 97%-ը սոցհարցման արդյունքում հայերին համարել էր իր թշնամին:

Գուցե իմ գնահատականները եւ մոտեցումները շատ խիստ են, սակայն դրանցում բացակայում է ինքնախաբեությունը: Այն ինքնախաբեությունը, որը մշտապես մեզ կանգնեցրել է կորուստների առաջ, որը մշտապես մեզ խանգարել է սթափ գնահատելուց եւ համեմատաբար երկար ժամանակի համար գործելու ստրատեգիա ունենալուց: Իսկ դա նշանակում է, որ մենք պետք է գործենք առանց ժամանակ կորցնելու, գործենք, որ մենք ու մեզնից հետո եկողները մեզ չմեղադրեն կորուստների, անհեռատեսության ու վախկոտության համար:

– Այնուամենայնիվ՝ առաջիկայում ընտրություններ են, իսկ Ձեր կեցվածքի հարցը ինձ համար մնաց անհասկանալի:

– Այս ընտրության ժամանակ, ի տարբերություն նախորդ ընտրությունների, կարծում եմ՝ պակասելու է ընտրազանգվածի պայքարի պատրաստակամության էլեմենտը: Որովհետեւ հասարակությունը 15-ամյա պայքարի իր փորձով հասկացել է, որ ընտրություններում միշտ իր կամքի դեմ է աշխատում իր պետության նյութական ու ադմինիստրատիվ հիմնական ռեսուրսը: Իսկ առավել մտահոգիչն այն է, որ հասարակությունը չի հավատում, թե այս ընտրության արդյունքում կյանքի որակի փոփոխություն կարող է ակնկալել: Իսկ դա նշանակում է, որ առավել կարծրանալու է անտարբերությունը:

Իսկ իրականում ի՞նչ է ուզում հասարակությունը: Իրականում ժողովրդին պետք է հենց կյանքի որակի փոփոխություն, քաղաքացի-պետություն հարաբերությունների որակի ու սկզբունքների փոփոխություն: Հիմնական սահմանադրական իրավունքների ապահովում եւ էլի շատ ու շատ բաներ, որոնք ոչ այս, ոչ էլ մեկ ուրիշ ընտրությամբ չեն արվելու: Սակայն այդ կարեւորագույն խնդիրները պետք է լուծվեն: Իսկ լուծման ճանապարհ կա: Այդ ճանապարհի մասին ես խոսել եմ նաեւ հունվար ամսին՝ խորհրդարանական ընտրություններից առաջ տրված իմ հարցազրույցներից մեկում: Այն ժամանակ էլ ես ասացի, որ այդ ընտրությունը բան չի փոխելու, որ մեզ ոչ թե ընտրություն, այլ կլոր սեղան է պետք: Այսօր էլ ես համոզված եմ, որ ճանապարհը կլոր սեղանն է: Պետական-քաղաքական-հասարակական ուժերի քննարկում- բանավեճն է: Այն կլոր սեղանը, որին դրվում են երկրի ու ազգի կարեւորագույն խնդիրներն ու մարտահրավերները: Մենք վերջապես պետք է հասկանանք, որ բոլորս մի կաթսայի մեջ ենք: Վերջապես պետք է գնահատենք իրավիճակը ու հասկանանք, որ հասել ենք մի սահմանագծի, որից այն կողմ գնալու տեղ չի մնացել, ու գնանք լրջագույն փոփոխությունների:

Իսկ մեզ այսօր այս այլանդակ իրականությունից կարող է հանել կլոր սեղանը: Ինչո՞ւ հենց կլոր սեղանը: Որովհետեւ դա միակ միջոցն է, որով հնարավոր է հաղթահարել անվստահության, թշնամանքի, ատելության մթնոլորտը: Առանց դրա մենք ոչնչի չենք հասնելու: Իսկ կլոր սեղանի պարագայում ընտրությունը դառնալու եւ դիտվելու է որպես սկսված գործընթացի օրգանական շարունակություն, եւ այդպիսի ընտրությունը արդեն երկրում կարող է վիճակ փոխել:

Կան իրական սպառնալիքներ: Ունենք իրական թշնամիներ ու դիմացը՝ դատարկվող երկիր: Այնպես որ՝ թե իշխանությունը, թե քաղաքական ու հասարակական ուժերը շատ լրջորեն պետք է մտածեն դրա մասին ու պետք է քայլեր ձեռնարկեն դրա իրականացման համար: Համոզված եմ՝ հիմա բոլորն էլ ընկալում են ու բոլորն էլ իրենց մեջ հասկանում են ասածիս ճշմարիտ լինելը: Բայց յուրաքանչյուրը մեծ է այնքանով, ինչքանով կարողանում է իր ամբիցիաներից վեր կանգնել: Երկրի ու ազգի շահը դա է պահանջում:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930