Լրահոս
Օրվա լրահոսը

Դատավճիռը վրեժ չէ

Նոյեմբեր 01,2012 13:25

Պատգամավորների այցելությունը «Երեւան» քրեակատարողական հիմնարկ (ժողովրդական լեզվով ասած՝ «կագեբեի նկուղ») առաջացրեց, իմ կարծիքով, ոչ ադեկվատ հասարակական արձագանք: Որոշ մարդիկ սխալ համարեցին, որ ի թիվս այլ ազատազրկվածների՝ պատգամավորներն այցելեցին նաեւ ցմահ դատապարտված Նաիրի եւ Կարեն Հունանյաններին: Ինձ թվում է՝ այդ դժգոհությունը տեղին չէ՝ շատ ավելի տարօրինակ  կլիներ, եթե նրանք, հայտնվելով այդ ՔԿՀ-ում, այդ երկու հանցագործներին չայցելեին: Այդ դեպքում թերեւս կասկածներ հնչեին, որ «27-ի» գլխավոր ահաբեկիչները «տեղում չեն»: Եթե ամեն մի խնջույքում սեղանի դասավորությունից լրատվամիջոցները հեռու գնացող քաղաքական հետեւություններ են անում, ապա «կագեբեի  նկուղ»  գնալուց եւ ոճրագործներին չտեսնելուց կանեն ու կանեն:

Հիմա պատկերացրեք, որ նորվեգական ստորտինգի պատգամավորները որոշեն այցելել Անդերս Բրեյվիկին եւ ծանոթանալ նրա բանտային պայմաններին: Արդյոք դա կդառնա՞ բուռն քննարկումների առարկա: Դժվար: Որովհետեւ Նորվեգիայում մարդիկ  հասկանում են՝ հանցագործը պետք է մեկուսացվի հասարակությունից՝ դրանում է պատժի իմաստը, ոչ թե նրանից վրեժ լուծելու մեջ՝ անկախ այն հանգամանքից, թե որքան զարհուրելի է նրա հանցագործությունը: Ի դեպ, չեմ լսել, որ Նորվեգիայում հասարակության զգալի մասը բողոքի 77 հոգի սպանած Բրեյվիկին ընդամենը 21 տարվա ազատազրկման դատապարտելու համար:

Դատապարտյալների նկատմամբ սթափ, առողջ վերաբերմունքը ոչ միայն պակասում է հասարակ քաղաքացիների, այլեւ իշխանավորների մոտ: Նկատի ունեմ առաջին հերթին արդարադատության նախարարին, որը պետք է մեզ օրինակ ծառայի եւ, ինչու չէ, նաեւ քարոզի, թե ինչպես պետք է հասարակությունը վերաբերվի պատիժը կրող հանցագործներին: Մինչդեռ լրագրողների հետ նրա երեկվա զրույցում կար որոշակի չարություն եւ արհամարհանք դատապարտյալների նկատմամբ: Պարզվում է, ըստ նախարարի, նրանցից ոմանք հատուկ անցքեր են սարքում շրթունքների վրա՝ ցանկացած պահի անհրաժեշտության դեպքում բերանը կարելու համար: Պարոն Թովմասյանն այս առումով համեմատություն արեց ականջօղերի համար ականջ ծակող կանանց հետ: Մոտիվները՝ թե ինչու են դատապարտյալները հացադուլ անում, ճկույթ կտրում կամ բերան կարում, նույնպես, նախարարի մատուցմամբ, հեռու են արդարության համար պայքարից: Մինչդեռ ո՞վ, եթե ոչ այդ պաշտոնը զբաղեցնող պետական այրը պետք է խորանա դատապարտյալների խնդրի մեջ, փորձի հասկանալ նրանց: Չեմ կարծում, որ նման տրամադրություններով ու մտածելակերպով հնարավոր լինի արդարադատության եւ, մասնավորապես, քրեակատարողական համակարգում «եվրոպամետ» բարեփոխումներ անցկացնել:

Վերջերս իրավաբաններից մեկը ինձ հետ զրույցում բացահայտեց այն հոգեբանական մեխանիզմը, թե ինչու են մարդիկ ավելի մեծ հաճույքով դառնում դատախազ, քան փաստաբան՝ մեղադրելն ավելի հեշտ է:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930