Լրահոս
Օրվա լրահոսը

ՕԵԿ-ական պատգամավոր. «ԲՀԿ-ի դիրքորոշումը դարձրել եք հայոց հարց»

Նոյեմբեր 01,2012 12:50

«Ես հարգանքով կընդունեմ ԲՀԿ-ի ցանկացած որոշում»,- այսօր «Ազդակ» մամուլի ակումբում հայտարարեց ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը՝ դիմագրավելով լրագրողների ԲՀԿ-ի կեցվածքի վերաբերյալ եւ ԲՀԿ-ՀՀԿ հարաբերություններին առնչվող հարցերի տեղատարափին: Պարոն Մարգարյանը խորհուրդ տվեց ժամանակից առաջ չընկնել, մի փոքր համբերություն ունենալ եւ սպասել բոլոր կուսակցությունների, այդ թվում՝ նաեւ ԲՀԿ-ի դիրքորոշումների հստակեցմանը: Բանախոսը նկատեց, որ ՕԵԿ-ը՝ իր հարազատ կուսակցությունը «հասել է տեղ» եւ արդեն իսկ հայտարարել է Սերժ Սարգսյանին սատարելու մասին: «ԲՀԿ-ի դիրքորոշումը դարձրել եք հայոց հարց, 3-4 տարի չի առջեւում, նոյեմբեր ամսվա վերջին արդեն բոլոր քաղաքական ուժերը կհստակեցնեն ու կհայտարարեն ընտրություններում իրենց մասնակցության ձեւաչափերի մասին, մենք էլ կիմանանք»,- ասաց Հովհաննես Մարգարյանը:

Դատելով մայիսին կայացած խորհրդարանական ընտրությունների հանդարտ ընթացքից, միակ կանխատեսումը, որն արեց ՕԵԿ-ական պատգամավորը նախագահական ընտրությունների վերաբերյալ, այն էր, որ դրանք եւս հանդարտ ընթացքով են անցնելու: Լրագրողներից մեկի հարցին՝ իրատեսական համարո՞ւմ եք նախագահական ընտրություններից առաջ ՀՀԿ-ԲՀԿ-ՕԵԿ կոալիցիայի ձեւավորումը, պատգամավորը դարձյալ խուսափեց կանխատեսումներից. «Չեմ կարող ասել: Մի քիչ համբերեք՝ կիմանաք»:

Ի դեպ, ի տարբերություն կոալիցիոն գործընկեր հանրապետական պատգամավորների վերջերս հաճախակի բարձրաձայնվող այն համոզմունքի, որ դեռեւս ուժի մեջ է կոալիցիոն նախկին հուշագիրը, որով ԲՀԿ-ն պարտավորվել էր 2013-ի նախագահական ընտրություններում սատարել Սերժ Սարգսյանի թեկնածությունը, ՕԵԿ-ական պատգամավորը այդքան էլ լուրջ չի վերաբերվում այդ հուշագրին եւ առավել էական է համարում առաջիկա ժամանակահատվածում դիրքորոշումների հստակեցումը:

Բանախոսի կարծիքով, առաջիկա ընտրություններում ընդդիմադիրները կարող են արդյունավետ հանդես գալ համախմբման պարագայում: Նրա համոզմամբ՝ ինչքան համախմբված եւ ուժեղ լինի ընդդիմությունը, այդքանով զսպաշապիկ կարող է դառնալ իշխանության համար: Հովհաննես Մարգարյանը նաեւ չպատասխանեց հարցին՝ եթե ընդդիմությունը համախմբվի, Սերժ Սարգսյանը կհաղթի՞ նախագահական ընտրություններում: «Ժողովուրդը կորոշի»,- անորոշ ասաց նա:

Իսկ այն, որ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները անընդհատ պնդում են, թե Սերժ Սարգսյանն այլընտրանք չունի եւ նախագահական մրցապայքար մտնող ցանկացած ոք երկրորդ տեղի համար է պայքարելու, Մարգարյանը շատ բնական է համարում. «Վատ բան չկա, որ քաղաքական ուժը իր առաջնորդին ձգտում է տեսնել հաղթողի դերում: Կարծում եմ՝ այդպես բոլոր քաղաքական ուժերն են վարվում»: Բարձրաձայնելով իր անձնական տեսակետը, Հովհաննես Մարգարյանը նույնպես կարծիք հայտնեց, որ Սերժ Սարգսյանը կվերընտրվի:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930