Այս պահին ԱԺ-ում շարունակվում է 2013-ի բյուջեի նախագծի քննարկումը: Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանի հետ պատգամավորները քննարկեցին, թե այս բյուջեին ինչ անուն տան: Պավել Սաֆարյանի խոսքերով՝ «Ընդդիմությունն ասում է գոյատեւման բյուջե է, կառավարությունն ասում է՝ ամենավերջին զարգացման բյուջե է»:
ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանն արձագանքեց. «Վարչապետն ասել է սոցիալական բյուջե է: Սա ենթադրում է, որ սոցիալական վիճակը արդունքում լավանալու է, ես ուզում եմ ինձ ասեք, հիմա 2013-ին բնակչության սոցիալական վիճակը լավանալո՞ւ է, մնալու է նո՞ւյնը, թե՞ մենք հետ ենք գնում»: Փոխնախարարը պատասխանեց. «Ես պաշտպանում եմ վարչապետի տեսակետը, որ այո՛, սա սոցիալական բյուջե է, որովհետեւ ծախսերի մեծ մասն ուղղված է սոցիալական համակարգին»:
Ըստ ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանի, սոցիալական բառը չի կարող լինել բյուջեի ատրիբուտ բառ, բյուջեն այսպես թե այնպես սոցիալական է, որովհետեւ հանրային խնդիրներ է հոգում. «Ոնց որ ասես՝ բյուջեն այն է, որ բյուջե է: Պիտի ասեք՝ զարգացնում է, չի զարգացնում, տեղում է դոփում»: Հրանտ Բագրատյանը նաեւ հարց բարձրացրեց ԱՊՊԱ-ի մասին. «Ո՞նց եք վերաբերվում ԱՊՊԱ-ին, մենք ասում ենք կոպեկ չկա՝ թոշակը բարձրացնելու: Նշանակովի բիզնես է: Պետական, գները որոշում է Կենտրոնական բանկը: Ի վերուստ ինչ-որ մարդկանց շահույթներ են ապահովում: Սա, ըստ էության, պետական բիզնես է, որովհետեւ շուկա չկա»:
Կարդացեք նաև
ՀՀԿ պատգամավոր Արա Բաբլոյանը խնդրեց ուշադրություն դարձնել, որ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվադների համար «Գլոբալ հիմնադրամը» ծրագիր էր իրականացնում, ֆինանսավորում էր, բայց հաջորդ տարի այդ ծրագիրն ավարտվելու է, եւ լուրջ խնդրի առաջ ենք կանգնելու: Անհրաժեշտ է 102 մլն դրամի ֆինանսավորում, որը պետք է ֆիքսվի բյուջեում: Իմունականխարգելման, այսինքն՝ պատվաստումների ծրագիրը նույնպես վտանգվելու է, որովհետեւ մինչեւ հիմա միջազգային ընկերությունները ֆինանսավորել են, հիմա կրճատելու են եւ 360 մլն-ի կարիք ունենք:
Դիալեզով հիվանդների համար էլ պարոն Բաբլոյանը նշեց, որ 300 մլն դրամի կարիք կա:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ