Լրահոս
Օրվա լրահոսը

Այնպես է խոսում, կարծես արտաքին ոլորտում նորելուկ է, Ղարաբաղի հարցով զբաղվելու առիթ չի ունեցել

Նոյեմբեր 01,2012 12:23

ՖՈՏՈԼՈՒՐ

«Երեք քայլ, որ Հայաստանը պետք է անի արտաքին քաղաքականությունում»,- իր հերթական հայտնությունը սոցիալական ցանցերում խճճված հասարակությանը այսպես էր վերնագրել իրեն մեծ դիվանագետ համարող մեկը, որ Ազգային ժողովի պատգամավոր է այլեւս, նաեւ սերնդեսերունդ ադամանդագործ, ուրիշի հաշվին բարերար։
Կարելի էր, թերեւս, զվարճանալ կարդալով ներկայացրած մտքերը` անցումային տարիքի պատանու շարադրության պես հուզաթաթախ, պարզունակ ու մակերեսային, եթե չլիներ սարսափը. այս մարդը, ի վերջո, տասը տարի աշխատել է արտգործնախարար ու մի ահագին էլ` փոխարտգործնախարար` առաջին նախագահի օրոք, երբ ինքը Ղարաբաղի հարցով վեց փորձագետներից մեկն էր։
Կարդում ու մտածում ես` ջղաձգման այս ի՞նչ նոպա կարող է բռնել բանական մեկին՝ երեք քայլանոց այս խեղկատակությունն այդքան իմաստունի տեսք ընդունած շարադրելու համար։
Առաջին միտքն այն է, թե Օսկանյան Վարդանը կամ բոլորին ձեռ է առնում, կամ էլ այս տարիներին Հայաստանում նման մարդ գոյություն չի ունեցել, միրաժ է Վարդանը Օսկանյան, ֆիկցիա, միֆ, ուղեղային մորմոք, սրտի հիվանդություն։
Այնպես է խոսում, կարծես արտաքին ոլորտում նորելուկ է, Ղարաբաղի հարցով զբաղվելու առիթ չի ունեցել, իսկ բուն սաֆարովյան անասնության օրերին առհասարակ բացակայում էր Երկրից, նկատի ունեմ մոլորակից։
Բայց չէ. բացում ու կարդում ես՝ Վարդան Մինասիչ. 94-98թթ. Հայաստանի փոխարտգործնախարար, այնուհետեւ` արտգործնախարար մինչեւ 2008թ. (այս թիվը հիշենք, կարող է՝ պետք գա)։
Երկրորդ միտքը, որ գուցե ավելի մոտ է ճշմարտության, տանում է դեպի պարզ մարդկային նախանձ. դե, մարդը նախկին արտգործնախարար է, չի դիմանում ու ձեռի հետ ցեխ ու թարախ է շպրտում իր հետնորդի վրա։ Չնայած արտգործնախարարի նախկինը ո՞րն է։ Ուզում ես ակամա խորհուրդ տալ մեծ դիվանագետ ֆեյսբուքիստին. ո՛վ իմաստուն, նայիր չորս կողմդ. նորանկախ Հայաստանի բոլոր արտգործնախարարներն Ազգային ժողովի պատգամավոր են՝ մի բացառությամբ։
Տեսե՞լ ես երբեւէ, որ նրանցից որեւէ մեկը մյուսի հասցեին հրապարակավ արտահայտվելիս կոռեկտության սահմանն անցնի ու ամբողջ մաղձն ու ժահրը դուրս տա։ Կամ՝ ներկայիս արտգործնախարարն՝ իր նախորդների հասցեին։
Իսկ ավելի պարզ ճշմարտությունը մակերեսին է, նրա բանալին թաքնված է Վարդան Մինասիչի հեղինակած գրքի վերնագրում, որ նա հրատարակեց այն ցավալի 2008-ին արտգործնախարարի բազկաթոռից դուրս հրավիրվելուց անմիջապես հետո՝ «Անավարտ տասնամյակ»։ Պարզ է, չէ՞. եթե քսան տարի նախարար եղած լիներ, վերնագիրը լինելու էր «անավարտ քսանամյակ»։
Մեկը շուռ գա ու հարցնի. այ քո ոսկերիչ նախնիներին մեռնեմ, այ տասնամյակդ ավարտեմ, այդ ի՞նչն ես անավարտ թողել, այդ ի՞նչ մի բան ես սկսել, որի ավարտելուն տասը տարին չի հերիքել, ի՞նչ ես արել առհասարակ այս տարիներին, լոլո կարդալուց բացի բոլոր մակարդակներում՝ աշխատանքային, անձնական ու պետական։ Ու եթե անելու բան ունեիր, որ չես արել, ինչի՞ չես արել, ո՛վ ոսկեբերան, ի՞նչն է քեզ խանգարել։
Ինչ էլ ասի, ինչ ձեւով էլ ասի, ինչ ցանցում կամ ինչ որոգայթում էլ ասի, մեկ է. «Ուզում եմ պետական բարձր պաշտոն»,- ահա ՎՕ-ի ներքին տենչը, որի ուժը նրան մղում է մերթ առյուծ կտրել ու հոխորտալ՝ աջուձախ բոլորին մեղադրելով գող, անբարոյական ու ավազակ լինելու մեջ, մերթ էլ գողի կերպարանքը թաքցնելով՝ զոհի կերպարանք ընդունել ու շշնջալ հեզանազ. «Գիտե՞ք, ես ինձ խաբված եմ զգում, պարոն Աբրահամյան»։
«Ուզում եմ շարունակել իշխանավոր լինել»,- ահա, ավելին՝ ահավասիկ ՎՕ-ի խորքային ցանկությունը, որի համար նա, ըստ ամենայնի, պատրաստ է իբրեւ իրական ժողովրդավար վարի տալ ժողովրդին էլ, երկրի (մեր) շահերն էլ, ներկայիս կուսընկերներին էլ, իրեն մարդ սարքածներին էլ։
Դառնանք ու հիշենք, թե ինչպես «դղաքները սխալ կողմնորոշվեցին»,- հայտարարեց Վարդան Օսկանյանը 2008-ին արտգործնախարարի բազկաթոռից դուրս հրավիրվելուց անմիջապես առաջ, փուռը տալով մի խումբ դիվանագետների, որոնց մի մասն իր տաքուկ ծոցից ելած հոգեզավակներն էին՝ անսկզբունքային ու անաղուհաց, սակայն որոնց մեջ ենթադրաբար կային նաեւ ոմանք, որոնց երեսը մարդկայնորեն պարզապես չէր բռնել հակառակ գնալու իրենց մարդ սարքած ընդդիմության առաջնորդին։ Բայց այս վերջին մասը՝ պարունակյալ ներքին պարկեշտության բերումով՝ Օսկանյան Վարդանի տեսակին հասու չէր, նրա համար տղերքը պարզապես մոմենտը լավ չէին ընտրել։
Այն ժամանակ շատերը մտածում էին՝ նախարարության մի խումբ աշխատողներին փուռը տալու փոխարեն Օսկանյանն ինքը հրաժարական կտա, մեկ է՝ մի քանի օրից այլեւս նախարար չի լինելու։
Բայց, ո՞նց, երբ «Օսկանյան» եւ «հրաժարական» բառերը չեն կարող նույն նախադասության մեջ լինել, եթե, իհարկե, ինքը չի ուրիշի հրաժարականը պահանջում։
Իրականում՝ իմացողները հո՞ գիտեն, որ հրաժարական չտալու պատճառն այն է, որ մարդը հույս ուներ շարունակել մնալ կառավարության մեջ։ Որովհետեւ հեռվից, շատ հեռվից նման բան էր լսել, թե՝ եթե իրեն լավ պահի, իրեն կպահեն։ Ու հավատացել էր։ Ու իրեն լավ էր պահում։ Անգամ գնաց, կանգնեց հայտնի մի տեղ ու հայտարարեց հատուկ դրություն։ Ու հայտնվեց հատուկ դրության մեջ, ավելի ճիշտ՝ հատուկ դիրքի, թեեւ ամենաճիշտն այստեղ «պոզա» բառն է։
Դրանից առաջ էլ հեռվից, շատ հեռվից նման բան էր լսել, թե՝ եթե իրեն լավ պահի, կարող է նույնիսկ նախագահի հեռանկար լինի… Ու հավատացել էր։ Ու իրեն լավ էր պահում։
Հիմա էլ է նման մի բան լսել։ Ու հավատացել է։ Ու այնպես է հավատացել, որ արաբական գարունը որոշել է հայկական ձմեռ սարքել գլխներիս ու ֆեյսբուքներից դուրս չի գալիս մեծ միջազգայնագետն ու ադամանդագործների հետնորդը։ Հայաստանի ապագան է ուզում կերտել ուրիշի փողերով հումանիստը։ Քայլեր է առաջարկում արտաքին քաղաքականությունում step by step-ի մասնագետն ու գենետիկորեն ոսկեխույզը։
Եվ ամեն առաջարկած նոր քայլի հետ ինքը քայլ առ քայլ, քելե-քելե ու լոլո ասելով հեռանում է, հայտնի չէ` ուր, բայց հայտնի է՝ ինչից. բարոյականությունից, եթե, իհարկե, երբեւէ մեկ` վարդան-բարոյական արտահայտության մեջ կարող են տեղավորվել այդ երկու ոչ այնքան թանձրացական հասկացությունները։

Ս.ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Հայոց աշխարհ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930