Լրահոս
Օրվա լրահոսը

Իր աշխատանքը սկսեց «Երաժշտությունը եւ երաժշտական գրադարանները 21-րդ դարում» խորագրով միջազգային գիտաժողովը

Նոյեմբեր 01,2012 12:09

«Երեւանը աշխարհի գրքի 12-րդ մայրաքաղաք կոչմանը եւ 500-ամյա հայ տպագրություն իրողությանը համահունչ երաժշտական գրադարանների այս կոնֆերանսը իր հագեցած գիտական ծրագրով հաստատուն քայլերից է դեպի վաղվա զարգացած եւ արժեւորված գրադարանը, դեպի երաժշտություն եւ գրադարան համագործակցություն»,-այսօր երաժշտական գրադարանների միջազգային կոնֆերանսի ժամանակ նշեց Հայկական գրադարանային ասոցիացիայի նախագահ Ռուզաննա Տոնոյանը:

Նրա համոզմամբ գիտաժողովը բացառիկ առիթ է հանրության ուշադրությունը մեկ անգամ եւս սեւեռելու դեպի մշակույթը եւ գրադարանները, գնահատելու նրանց դերն ու նշանակությունը: Համաժողովը կարող է խթան հանդիսանալ բարձրացնելու գրադարանների դերը եւ կարեւորելու գրադարանավարի մասնագիտությունը.

«Սայաթ Նովայի ծննդյան 300 ամյակին նվիրված համաժողովը փաստում է, որ թվայնացման փոփոխվող աշխարհում, տեղեկատվական տեխնոլոգիաների բուռն զարգացման եւ էլեկտրոնային գրադարանների առկայության պայմաններում նույնպես պետք է հաջողությամբ համադրենք համամարդկային հոգեւոր արժեքների պահպանումը գիտության նորագույն ձեռքբերումների հետ: Երաժշտական գրադարանները պետք է փոփոխվեն թվայնացված աշխարհում եւ թվայնացված հնչողությամբ մեղեդիները տարածվեն համացանցի միջոցով»:

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի պնդմամբ՝ նպատակն է ուշադրություն դարձնել այն երեւույթին, որը կոչվում է երաժշտագիտական գրադարան.

«Հասարակության մեջ ընդհանրապես գիտակցություն չկա երաժշտագիտական գրադարանի եւ նրա կարեւորության մասին, մեր օրերում դրանք մեծ գործառույթ ունեն: Միջոցառումը իմաստավորված է այն հանգամանքով, որ նվիրվում է Սայաթ Նովային: Լավագույն առիթ է, որով եւս մեկ անգամ ուշադրություն կդարձվի այն երեւույթին, որը կոչվում է Մեծն Սայաթ Նովա: Այն արեւելքի համն ու հոտին, այն խոսքին, փիլիսոփայությանը, մեղեդու քաղցրությանը եւ այն այժմէականությանը, որը որ ձեւավորվել է դեռեւս 300 տարի առաջ»:

Հայ գրատպության 500-ամյակի եւ Երեւանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակման ծրագրի շրջանակում, նոյեմբերի 1-ին իր աշխատանքը սկսեց «Երաժշտությունը եւ երաժշտական գրադարանները 21-րդ դարում» խորագրով միջազգային գիտաժողովը՝ նվիրված Սայաթ-Նովայի 300-ամյակին:

Գիտաժողովը նպատակ ունի հասարակությանը վերադարձնել իր հոգեւոր արմատներին, նպաստել երաժշտական գրադարանների զարգացմանը, ազգային երաժշտության դերի բարձրացմանն ու երաժշտական արժեքների հանրահռչակմանը, հայ երաժշտական մշակույթի քարոզչությանը, ինչպես նաեւ նոր սերնդի ստեղծագործական ներուժի բացահայտմանը:

Գիտաժողովի աշխատանքային օրակարգում կանցկացվեն «Երաժշտական գրադարանները թվայնացվող աշխարհում. Հիմնախնդիրներ եւ հեռանկարներ» եւ «Երաժշտական գրադարանների ազգային ցանցի ստեղծում» թեմաներով մասնագիտական քննարկումներ:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930