Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ի՞նչ կա չհասկանալու կամ ի պատասխան Արամ Աբրահամյանի խմբագրականի

Նոյեմբեր 01,2012 12:03

«Քսան տարի պաշտոնական քարոզչամեքենան պնդում էր, որ ես սոցիալիզմի թշնամին եմ, որ ես ցանկանում եմ վերականգնել կապիտալիզմը, որ ես ծառայում եմ համաշխարհային իմպերիալիզմին, որը դրա համար ինձ առատորեն վարձատրում է: Որ ես, վերջապես, ցանկանում եմ լինել ձեռնարկությունների սեփականատեր ու շահագործել մարդկանց: Այդ բոլոր հայտարարությունները սուտ են, և շուտով կհրատարակվեն գրքեր, որ ակնհայտ կդարձնեն, թե ով եմ ես ու ինչ եմ մտածում»: Սա ասված է 23 տարի առաջ, այն ժամանակ Չեխոսլովակիայի նախագահի թեկնածու Վացլավ Հավելի նախընտրական ելույթից է: Հետո նեխած-փտած ռեժիմի թավշյա տապալումն էր: Ժողովրդավարական պետության կերտման Հավելի ծրագրերը միանգամից կյանքի կոչվեցին: Հեղափոխականների ստեղծած պետությունը, մեղմ ասած, անհամեմատ ավելի լավն էր, քան նախորդը:

Ինչ միտքս թաքցնեմ, հեղափոխություն բառը, որ վերջերս հաճախ եմ տեսնում համացանցում, ինձ ուրախացնում է: Բնականաբար, ինձ միշտ ուրախացրել է նաև ինքը` երևույթը, որը նշանակում է միասնականություն, մտքի էվոլյուցիա, շարժում` ի հակադրումն լճացման, բարեփոխումներ: Անկախ նրանից, թե ինչպիսին է այդ հեղափոխությունը` բուրժուական, դեմոկրատական, պրոլետարական թե գյուղացիական, այն ենթադրում է բնականոն թվացող, իրականում լճացած ու կարծրացած, եթե կուզեք` մեռած կյանքի խաթարում, որքան էլ այդ կյանքը պսևդոպահպանողականների ու կոնֆորմիստների համար թեթև ու հեշտ լինի:

Հատկապես ես չեմ հասկանում, թե ինչպես է հնարավոր 21-րդ դարում չհասկանալ` ինչ ասել է բուրժուադեմոկրատական հեղափոխություն: Որքան դասական քաղաքագիտական սահմանում է հուշում, բուրժուադեմոկրատական հեղափոխությունը հասարակական հեղաշրջում է, որն իրականացնում են ժողովրդական զանգվածները ու դրանց միացած բուրժուազիան: Ընդ որում, ուշ շրջանի բուրժուադեմոկրատական հեղափոխություններում բուրժուազիան հանդես չի գալիս ժողովրդական զանգվածների ղեկավարի դիրքերից: Այդ հեղափոխության արդյունքը լայն դեմոկրատական բարեփոխումների իրականացումն է: Այսօրվա Հայաստանում այդպիսի խնդիր կա՞: Ինձ թվում է` բուրժուադեմոկրատական հեղափոխության միջոցով ավազակապետական ռեժիմի տապալման և լայն դեմոկրատական բարեփոխումների անհրաժեշտություն, այնուամենայնիվ, կա: Զուտ փաստական տեսանկյունից` մեր բոլոր օլիգարխները կամ որ նույնն է թե` խոշոր բուրժուաները, որոնց մի մասը այդպիսին է դարձել հանցավոր ռեժիմի շահերը սպասարկելով, այսօր հայտնվել են զոհի կարգավիճակում. նրանց շահերն այլևս չեն համընկնում հանցավոր ռեժիմի շահերի հետ, նրանք իրենց պաշտպանված չեն զգում այդ ռեժիմի ոտնձգություններից, և նրանց անվտանգության միակ երաշխիքը կարող է լինել լայն դեմոկրատական բարեփոխումների արդյունքում իրավական պետության կայացումը, ինչն էլ ժողովրդական զանգվածներին միանալու նրանց դրդապատճառն է լինելու: Եթե ժողովրդական զանգվածներին միանալ պատրաստվող բուրժուաների մի խումբը հակադրվում է ավազակապետության բրգի գագաթում գտնվող ընտանիքի` իշխանական լծակներն իր ձեռքում կենտրոնացնելու ու պահելու ցանկությանը, դա նշանակում է, որ այդ խումբը ցանկանում է ապրել ոչ այն կանոններով, որոնք գործում են այսօր:

Բուրժուադեմոկրատական հեղափոխությունն, այդպրսով, Հայաստանի, ինչպես նաև, կարծում եմ` երրորդ աշխարհի բոլոր երկրների օրակարգում է: Հայաստանյան օրակարգն, այսպիսով, հայտնի է, ուստի արդեն պետք է ոչ միայն մտածել, այլև` միասնաբար գործել: Հենց այստեղ է մեր գլխավոր խոչընդոտը.  նրանցից ոմանք, որ կոչված են դա անելու, անկախ նրանից՝ պաշտոնապես «գրանցված են» որևէ կուսակցությունում, թե ոչ, հանդես չեն գալիս որպես բուրժուադեմոկրատական հեղափոխություն իրականացնելու պատրաստ ժողովրդական զանգվածների մի մաս, դրա համար էլ խոսում են պատրաստի կլիշեներով, կարգախոսներով:

«Պետք է աշխատել ի բարօրություն հանրության, այլ ոչ որովհետև այն անձնական հաջողության կհանգեցնի»: Վացլավ Հավելի մտքերից:

 

Գ. Հակոբյան

Հ.Գ. Նյութը գրվել է ի պատասխան «Առավոտ»-ի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանի հոդվածի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930