Լրահոս
Օրվա լրահոսը

«Ծառուկյանը փորձում է ամեն կերպ ձգձգել ճակատագրական որոշման կայացումը»

Նոյեմբեր 01,2012 11:20

 Նախագահական ընտրություններին մնացել է ընդամենը երեք ամիս, սակայն ԲՀԿ-ում այդպես էլ չեն կարողանում կողմնորոշվել եւ ի վերջո հայտարարել, թե ով է լինելու նախագահի իրենց թեկնածուն։ Դիրքորոշումը հստակեցնելու ցանկացած հարցադրման ԲՀԿ-ականները պատասխանում են, թե իրենք, մարտավարական նպատակահարմարությունից ելնելով իրենց թեկնածուի անունը կասեն, երբ որ ճիշտ կհամարեն։

Ինչ խոսք, յուրաքանչյուր ուժ ազատ է ընտրելու իր մարտավարությունը, սակայն երբ կես միլիոնանոց ընտրազանգվածի եւ հսկայական ազդեցության մասին պարբերաբար հիշեցնող քաղաքական ուժն ամիսներ շարունակ ոչ միայն չի կարողանում կողմնորոշվել իր՝ ընդդիմություն, թե իշխանություն լինելու հարցում, այլեւ միեչեւ վերջին վայրկյանը խուսափում է կայացնել նախագահի թեկնածության հարցով կարեւորագույն որոշումը, ցույց է տալիս, որ իրականում այդ ուժը ոչ միայն ներկայացվածի չափ ազդեցիկ չէ, այլեւ պարզապես անկախ չէ։ ՀՀ նախագահական եռանկյունու բոլոր երեք կողմերին տված իր խոստումներում խճճված Գագիկ Ծառուկյանը փորձում է ամեն կերպ ձգձգել ճակատագրական որոշման կայացումը՝ գուցե նաեւ սպասելով, որ առաջիկա մեկ ամսվա ընթացքում զարգացող գործընթացները հուշեն ճիշտ լուծումը, որը ցանկացած դեպքում էլ կորստաբեր է լինելու ԲՀԿ-ի համար։

Եթե Ծառուկյանը, ի վերջո, որոշի ինքնառաջադրվել կամ առաջադրել Օսկանյանին, ապա կարծես թե տեսանելի է դառնում, որ ՀԱԿ-ից ամբողջական աջակցություն չի լինի, իսկ միայնակ ԲՀԿ-ն դժվար թե հաղթի իշխանական հզոր մեքենային եւ ընդդիմադիր դաշտի թեեւ ոչ ազդեցիկ, սակայն, այդուամենայնիվ որոշակի հակազդեցությունը։ Եթե Ծառուկյանը որոշի սատարել ՀԱԿ-ի թեկնածուին, ապա դրանից էապես կտուժի կուսակցության հեղինակությունը, քանի որ հասկանալի չի լինի, թե ինչու է քաղաքական դաշտի երկրորդ ուժը սատարում իրենից յոթնապատիկ քիչ քվեներ ստացած Կոնգրեսի թեկնածուին։ Էլ չասած, որ դրանով փաստորեն, ԲՀԿ-ն արդեն միանշանակորեն կդասվի ընդդիմադիր ուժերի շարքը եւ Սերժ Սարգսյանի վերընտրվելու դեպքում ստիպված կլինի քաղել դրա դառը պտուղները։

Ինչ վերաբերում է գործող նախագահին սատարելու տարբերակին, ապա այս դեպքում թեեւ պաշտոնների եւ իշխանական կարկանդակի մնացած բարիքների մասով պտուղները կլինեն քաղցր, սակայն դրանցից ԲՀԿ-ն՝ որպես քաղաքական ուժ, կթունավորվի գրեթե մահացու ելքով՝ կիսելով «Օրինաց երկրի» ճակատագիրը։

Իրավիճակը կարող է փրկել միայն ճիշտ ժամանակին ի հայտ եկած որեւէ հույժ վտանգավոր «արտաքին մարտահրավեր», որը հաղթահարելու ազգանվեր մղումից ելնելով՝ Գագիկ Ծառուկյանը «ստիպված կլինի» «կանգնել նախագահի կողքին»՝ այդպիսով պահպանելով թե՛ սեփական ունեցվածքը, թե՛ կուսակցության դեմքը:

«Ժողովուրդ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930