Հատված Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի հետ հարցազրույցից:
– Ի՞նչ կարծիք ունեք ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանի վերջին հայտնի հայտարարությունների վերաբերյալ։ Զուրաբյանը պնդում է, որ ԲՀԿ–ի հետ համագործակցության հարցը քննարկվել է ՀԱԿ քաղխորհրդում և որոշում է կայացվել, որ քաղխորհուրդն այդ հարցում վստահում է Լեւոն Տեր–Պետրոսյանի վարած քաղաքականությանը, բայց ՀԱԿ–ի մի շարք անդամներ (օրինակ՝ Ն.Փաշինյան, Հ. Բագրատյան) համոզված են, որ ՀԱԿ–ում նման որոշում չէր կարող ընդունվել։
– Ավաղ, ՀԱԿ-ից այսօր ոչինչ կախված չէ, և ՀԱԿ-ին այլ բան չի մնում, քան ձայնակցել ԲՀԿ-ին։ ՀԱԿ-ը հրաժարվել է ակտիվ քաղաքական պայքարից, հանրահավաքներից և երթերից, բռնելով իշխանության մեջ սերտաճման ճանապարհը։ Սկզբից՝ երկխոսության միջոցով փորձեց հասնել այդ նպատակին՝ ապավինելով հանրապետականների բարի կամքին։ Մերժվելով՝ այսօր փորձում է նույն նպատակին հասնել ԲՀԿ-ի օժանդակությամբ։ Սակայն ԲՀԿ առաջնորդը կորցնելու շատ բան ունի և ոչ միայն՝ չի արդարացնի ՀԱԿ-ի հույսերը, այլև կօգտագործի ՀԱԿ-ին հանրապետականների հետ սակարկություններում։ Այս առումով Նիկոլի մտահոգությունները միանգամայն տեղին են. որևէ քաղաքական ուժին հավատարմությունը չի կարող վերածվել աբսուրդի և հանգեցնել պայծառ և խոստումնալից գործիչների քաղաքական ինքնասպանության։
Կարդացեք նաև
– Լևոն Զուրաբյանի հայտարարության, թերևս, ամենաուշագրավ մասերից մեկը վերաբերում էր 2013 թ. Սերժ Սարգսյանի «վերարտադրվելու» դեպքում նրա կողմից ֆինանսական և տնտեսական հնարավորություններ ունեցող քաղաքական գործոններին՝ Ռոբերտ Քոչարյանին և Գագիկ Ծառուկյանին քաղաքական դաշտից հեռացնելուն, ինչը դարձավ լայն քննարկման և նաև քննադատությունների առարկա, Լևոն Զուրաբյանն էլ շտապեց բացատրել, որ «Քոչարյանի անունը համագործակցության ենթատեքստում չի կիրառել»։ Ինչպե՞ս եք Դուք վերաբերվում դրան։
– Լևոն Տեր-Պետրոսյանը և Ռոբերտ Քոչարյանը գոնե մեկ հարցում օբյեկտիվորեն բախտակիցներ են. երկուսն էլ պաշտոնաթող նախագահներ են և երկուսն էլ ձգտում են ղեկավար քաղաքական դերակատարություն ստանձնել այս նոր պայմաններում։ Երկուսն էլ այդ հարցում առայժմ հաջողություն չունեն և չեն կարող դրանից դժգոհ չլինել։ Լևոն Զուրաբյանի այդ արտահայտություններն ապացուցում են, որ ՀԱԿ-ն այսօր մեծապես շահագրգռված է Ռոբերտ Քոչարյանի ակտիվությամբ, ինչն ինձ համար միանգամայն կանխատեսելի էր. ես ամիսներ առաջ եմ կարծիք հայտնել, որ Ռ. Քոչարյանի թեկնածության պաշտպանությունը ՀԱԿ-ի կողմից ամենևին էլ անհավանական չէ։ Մենք ապրում ենք այնպիսի ժամանակներում, երբ ընդհանուր նպատակներով կարող են արդարացվել ցանկացած միջոցներ՝ դաշինքներ և ձևաչափեր։
– Ըստ Ձեզ՝ ԲՀԿ–ի վերջնական դիրքորոշումն ինչպիսի՞ն կլինի, միանալ ՀԱԿ–ի՞ն, սատարել Սերժ Սարգսյանի՞ն, թե՞ հանդես գալ սեփական թեկնածուով։
– Ես ԲՀԿ-ի լիդերներին հաճույք չեմ պատճառի՝ ասել այն, ինչ իրենց լեզուն չի պտտվում ասելու, այս անգամ թող շագանակները կրակից հանեն սեփական ձեռքերով։
Արամ ՍԱՐԳՍՅԱՆ
«168 ժամ»