Սերժ Սարգսյանը մի շարք հանձնարարականներ է տվել իրավապահ մարմիններին, արդարադատության նախարարին, գլխավոր դատախազին, ոստիկանապետին, ՀՔԾ պետին: Վերջին օրերին Սարգսյանն ընդգծված ուշադրություն է ցուցաբերում իրավապահ համակարգի նկատմամբ,և այնպիսի տպավորություն է, թե Սերժ Սարգսյանը պատրաստվում է ինչ-որ խոշորամասշտաբ ակցիայի,ու դրան է պատրաստում նաև իրավապահ համակարգը: Այլ կերպ ասած՝ Սերժ Սարգսյանը, ըստ էության, զորավարժության պես մի բան է անցկացնում իրավապահ համակարգում՝ սրանով փորձելով ինչ-որ մեսիջներ տալ շրջապատին: Այս մեսիջները, անշուշտ, ուղղված են հասարակությանը այն առումով, որ փորձ է արվում ցույց տալ, թե որքան լուրջ է տրամադրված Սերժ Սարգսյանը երկրում իրավականության հաստատման հարցում:
Հասարակությունը կարող էր, իհարկե, տպավորվել այդ լրջությունից, բայց բանն այն է, որ կան անլրջության նախադեպեր, այսինքն` երբ Սերժ Սարգսյանը կրկին ցույց է տվել, որ լուրջ է տրամադրված, սակայն մի քանի ամիս անց ամեն ինչ վերադարձել է ի շրջանս յուր: Նկատի ունենալով այդ նախադեպերը, ինչպես նաև այն հանգամանքը, որ առջևում նախագահական ընտրություններ են,և Սերժ Սարգսյանն ունի ցուցադրական նման ժեստերի կարիք՝ հասարակությունը հազիվ թե այս ամենը լուրջ ընդունի՝ առանց գործնական դրսևորումների:
Իսկ գործնական դրսևորումներ պետք է որ արդեն իսկ լինեին: Օրինակ՝ միայն մի փոքր ցանկությունը բավական էր, որ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը քրեական գործով արդեն ներգրավված լիներ որպես մեղադրյալ՝ հանրապետության երկրորդ քաղաքը ուղղակի սնանկացնելու և պարտքերի տակ գցելու, համայնքային սեփականությունը մսխելու համար: Սակայն Վարդան Ղուկասյանն այսօր նույնիսկ համարձակվում է հայտարարել, որ իրեն պետք է շնորհակալություն հայտնեն Գյումրին լավ կառավարելու համար:
Կոնկրետ գործեր արդեն իսկ պետք է լինեին նաև այլ ուղղություններով, մասնավորապես՝«ատկատների» թեմայով խորհրդակցություններից հետո, երբ հատուկ հանձնարարություններ ստացան նույն իրավապահ մարմինները: Անցել է մեկ ամսից ավելի, սակայն շարունակում են պատասխանատվության ենթարկվել միայն երկրորդ և երրորդ էշելոնի չինովնիկները, իսկ մեծերը, որոնց մասին խոսում և հանձնարարում էր Սերժ Սարգսյանը, չկան ու չկան:
Կարդացեք նաև
Հասարակության համար համոզիչ են սրա՛նք, ո՛չ թե Սերժ Սարգսյանի խոժոռ հայացքն ու նախատինքը, որ հնչում է իավապահների հասցեին, կամ հրամանատարական կոչ հիշեցնող հանձնարարականները, որոնք մնում են անտեսված: Ընդ որում, կոնկրետ գործ սկսելիս Սերժ Սարգսյանը ևս պետք է սկսեր իրավապահներից, բայց ոչ թե հանձնարարականներ տալով, այլ պարզապես ձեռնամուխ լինելով այս համակարգը կոռումպացված մեծամասնությունից ձերբազատելուն:
Այդ դեպքում արդեն հասարակության մոտ կլիներ ոչ թե դեժա-վյու, երբ մարդիկ զգում են, որ այս ամենը ոչ թե մեկ, այլ մի քանի անգամ են նույնիսկ տեսել, այլ կլիներ հաճելի զարմանք և վստահություն Սարգսյանի գործի հանդեպ, ինչը արդեն նրան հնարավորություն կտար շարունակել այդ գործը այլ համակարգերում: Իսկ քանի դեռ այդ համակարգերը շարունակում են մնալ ամենակոռումպացվածներից Հայաստանի պետական բուրգում, միայն անուղղելի լավատեսները կարող են հավատալ, որ դրանք ունակ են լինել երկրում օրինականություն հաստատելու արդյունավետ գործիք: Այստեղ օրինականության հարց չկա, այստեղ կա իրավունքի հարց, ընդ որում՝ ոչ թե քաղաքացիական, այլ ներիշխանական:
«Ժամանակ»