Լրահոս
Օրվա լրահոսը

Խաչատուր Սուքիասյան. «Իմ պահանջը երկրում բաց, թափանցիկ, վստահելի, արժանահավատ, կանխատեսելի համակարգեր տեսնելն է»

Նոյեմբեր 01,2012 10:37

Հատված «ՍԻԼ գրուպ» ընկերության նախագահ Խաչատուր Սուքիասյանի հետ հարցազրույցից:

 Ի՞նչ եք կարծում՝ հանրությունն իր մեջ ուժ կգտնի՞ ինչոր բան փոխել նախագահական ընտրությունների ընթացքում, թե՞ ամեն ինչ կանխորոշված է իշխանության վերարտադրման տեսքով։

– Եկեք անձերից վերանանք ու համակարգերից խոսենք։ Հիմա մեր քաղաքականության ներկապնակում, իշխանությունից բացի, բավականին ուրիշ գույներ կան։ Ընդդիմության մեջ կա ՀԱԿ-ը, որն իր ներսում բազմաթիվ խնդիրներ ունենալով հանդերձ, վերջապես բազմակարծության հնարավորություն է ստեղծել երկրում։ Խելոք իշխանությունը, իմիջիայլոց, սա պիտի գնահատի, նույնիսկ օգտագործի ընդդիմության մոտեցումները, որովհետեւ այնպես չէ, որ ընդդիմությունը թշնամի է մեր երկրին, կամ միայն իշխանության ներսում մտածող մարդիկ կան։ Նրանք, ովքեր քաղաքականության մեջ են, ֆունկցիոներներ են, պետք է հասկանան սա ու, հարկ եղած դեպքում, երկրի շահերից ելնելով, գնան կոնսենսուսի, համաձայնության։ Առհասարակ բոլոր հարաբերություններն է պետք բերել նորմալ, քաղաքակիրթ դաշտ։ Ինչ վերաբերում է ընտրություններին, իհարկե, ընտրողն իր կենսամակարդակի լավացման ուղղակի կապը ոչ թե խորհրդարանական, այլ նախագահական ընտրությունների հետ է միշտ տեսնում, իսկ դրանք իրենց հերթին միշտ անակնկալային են ստացվում։ Դու կարող ես միտումները, զարգացումները տարբեր գործիքներով չափել, բայց երբեք մինչեւ վերջ չես կարող վստահ լինել, թե քվեախցում ընտրողն իրեն ինչպես կպահի, արդյունքներն ինչպիսին կլինեն։

Բայց իշխանությունների նկատմամբ պահանջներն ավելի մեծ պիտի չլինե՞ն։

– Քանի որ կառավարման եւ որոշումների ընդունման պատասխանատուն իշխանությունն է, արդեն պարզ է, որ նրանից պահանջներն ավելի շատ են։ Կոնկրետ իմ պահանջը երկրում բաց, թափանցիկ, վստահելի, արժանահավատ, կանխատեսելի համակարգեր տեսնելն է։ Բաց մարդը, բաց հասարակությունը վտանգավոր չէ, բաց համակարգը ոչ մի դեպքում չի կարող լճացում թույլ տալ։ Միայն այդ դեպքում կարող ես ամբիցիաներդ զոհաբերել, բայց ընդհանուր առաջընթացը կայացնել։ Ուրիշ բան ասեմ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ հիմա մամուլի ազատություն կա ինչ-որ չափով, նաեւ՝ երկիրն է փոքր, մարդիկ ամեն ինչից տեղեկացված են։ Ոչ մեկին ոչինչ պետք չէ համոզել, խոստանալ։ Ընդամենը պետք է աշխատել, ու բոլորը դա կտեսնեն։ Վերջ։

Քանի որ քաղաքականությունից խոսեցինք, հետաքրքրվեմ՝ Դուք հեռացե՞լ եք քաղաքականությունից։ Վերջերս նշել էիք, թե շատ մեծ ոգեւորությամբ բարձր տեխնոլոգիաներով եք զբաղվում

– Իսկապես բարձր տեխնոլոգիաներով եմ զբաղված ու մեծ բավականություն եմ ստանում դրանից։ Բացի այդ, ինձ համար հնարավորություն է ստեղծվել տնտեսական վերլուծություններ, հետազոտություններ անել, տարբեր երկրների փորձը համադրել, մեր բացերը տեսնել, դրանց

պատճառները հասկանալ։ Այնպես որ՝ խոշոր հաշվով քաղաքականության մեջ եմ, իհարկե։ Եվ այն փորձը, որ ունեմ, այն դժվարությունները, որի միջով անցա, միշտ էլ հնարավորություն են տալիս խոսել իմ երկրին պիտանի լինելու ու իմ փորձը փոխանցելու մասին։ Ես վերեւում ոնց որ թե

քաղաքականության համար էլ իմ պահանջը ձեւակերպեցի, երբ բաց համակարգերի մասին էի խոսում։ Հիմա կարող եմ մի քիչ էլ բացել, մենք պետք է մրցունակ լինենք։ Վերջին հաշվով, սա է աշխարհի պահանջը, եւ սա նաեւ իմ պահանջն է իշխանություններից։ Ես դրա իրավունքն ունեմ, որովհետեւ այդ պահանջն ամեն օր ինքս իմ առաջ ու իմ միջավայրի առաջ եմ դնում։ Եվ ՀԱԿ-ի կողքին էլ ես սկզբունքորեն նույն պահանջով կանգնեցի։ Հիմա եթե սա քաղաքականության մեջ չլինել է նշանակում…

– Իսկ բիզնեսի մարդն առհասարակ ի՞նչ չափով պիտի քաղաքականության մեջ լինի, եւ ինչո՞ւ մեզ մոտ այդպես էլ չաշխատեց գործարար աշխարհի ցանկությունները որեւէ քաղաքական խմբի պատվիրակելը, ենթադրենք՝

նույն Ազգային ժողովում։

– Համագործակցությունը բիզնես մարդու եւ քաղաքական ֆունկցիոներների միջեւ հենց նույն փակ, միմյանց չվստահող համակարգերի պատճառով չի կայանում։ Իսկ ընդհանրապես՝ ես մտածում եմ, որ բիզնեսի մարդը պետք է քաղաքականությունից տեղյակ լինի անպայման։ Մանավանդ խոշոր բիզնեսմենը, որի գործը մեծ ռիսկերի հետ է կապված։ Դուք ինքներդ էլ լավ գիտեք, որ ցանկացած ներդրում հավասար պայմաններ եւ ազատ մրցակցություն, օրինականություն, կայունություն, կանխատեսելիություն է պահանջում։ Սա քաղաքականություն է, հետեւաբար, բիզնեսի մարդը չի կարող ուշադիր չլինել քաղաքականության նկատմամբ եւ չարձագանքել այստեղ ընդունվող որոշումներին։ Իսկ բիզնեսի համար հավասար դաշտ ստեղծող իշխանությունը հաջողության կհասնի նաեւ մնացած բոլոր ոլորտներում։ Նման իշխանության համար առանց կաշառքի ու կարուսելի էլ հեշտ կլինի վերարտադրվել…

Գոհար ՍԻՄՈՆՅԱՆ

«Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930