ՀՀ առողջապահության նախարարին կից կոլեգիայի հերթական նիստում քննարկվեց Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված «Առողջապահության ոլորտում պետական վերահսկողության և դեղորայքային քաղաքականության հիմնախնդիրների լուծման ծրագիրը և ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների ցանկը»։
«Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից տրված հանձնարարություններից բխող այս ծրագիրը երկու շաբաթ առաջ հաստատվել է ՀՀ կառավարության կողմից։ Առաջիկա 6-7 ամիսների ընթացքում այն մեր աշխատանքի ուղեցույցն է լինելու»,- բացելով նիստը, ասաց Դերենիկ Դումանյանը։
Կոլեգիայի անդամներին ներկայացնելով ծրագիրը, աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանը նշեց, որ առաջին հերթին խնդիր է դրվել լուծում տալ առողջապահության ոլորտում պետական վերահսկողության և դեղորայքային քաղաքականության հիմնախնդիրներին։ Դրանք են՝ առողջապահության ոլորտում պետական վերահսկողության մեխանիզմների և կառուցվածքների անկատարությունը, դեղերի գրանցման մեխանիզմների բարդության ու վերագրանցման մեխանիզմների բացակայության պատճառով դեղերի ֆիզիկական մատչելիությանն առնչվող խնդիրները, դեղերի շրջանառության բոլոր փուլերում անվտանգության և որակի ապահովման մեխանիզմների անկատարությունը։ Փաստվեց, որ օրենսդրական դաշտի անկատարության արդյունքում 2000 թվականից հետո նախարարությունը դեղերի ոլորտում տեսչական վերահսկողության գործառույթներ չի իրականացրել, ինչի արդյունքում մարդկանց առողջության ու կյանքի համար կարևոր այս ոլորտը դուրս է մնացել պատշաճ վերահսկողությունից։
Բանախոսն ընդգծեց, որ առողջապահության ոլորտում պետական վերահսկողություն իրականացնլու նպատակով ՀՀ նախագահի հանձնարարությամբ ՀՀ ԱՆ հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության բազայի վրա ստեղծվում է առողջապահական տեսչություն՝ նույն հաստիքներով։ Տեսչությունը հանրապետության ողջ տարածքում կապահովի դեղերի, բժշկական օգնության և սպասարկման որակի ու անվտանգության, առողջապահական գովազդի, բուժօգնության պետական պատվերի ծավալների, ֆինանսավորման և նպատակային ծրագրերի կատարման արդյունավետության, դեղերի գների նկատմամբ վերահսկողության, մշտադիտարկման և վերլուծության իրականացումը:
Իսկ մինչ այդ դեղերի շրջանառության նկատմամբ վերահսկողություն կիրականացնի ՀՀ ԱՆ «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնը»։ Ի դեպ, նախատեսվում է նաև այս կենտրոնի հզորացում։
Կարևորվում է դեղերի գների պետական կարգավորման հարցը։ Այս ուղղությամբ նախատեսվում են թե՛ պետական գնումների բաց մրցույցներ, թե՛ անմիջապես արտադրողի հետ բանակցություններ։
Նշվեց, որ մինչև նոյեմբերի 30-ը կմշակվեն և ՀՀ առողջապահության նախարարի հրամանով կհաստատվեն բուժման սխեմաներ այն հիվանդությունների համար, որոնց առկայության դեպքում ամբուլատոր-պոլիկլինիկական, դիսպանսերային և հիվանդանոցային բժշկական հաստատությունների միջոցով դեղերը հիվանդներին տրվում են անվճար:
Դեղերի ֆիզիկական և տնտեսական մատչելության ապահովման նպատակով կդյուրացվի դեղերի պետական գրանցման կարգը, կներդրվի դրանց վերագրանցման պարզեցված մեխանիզմ։
Ներկայացվեցին ծրագրով նախատեսված բազմաթիվ այլ քայլեր, որոնք միտված են ինչպես տրամադրվող բժշկական օգնության և սպասարկման որակի, այնպես էլ դեղերի շրջանառության բոլոր փուլերում դրանց անվտանգության ու որակի ապահովմանը։ Այս ենթատեքստում կարևորվեց նաև պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող 50% և ավելի պետական մասնակցությամբ առևտրային և պետական ոչ առևտրային կազմակերպությունների հետ կնքվող պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման մասին պայմանագրերում նախատեսվող այն դրույթները, որոնք հնարավորություն կնձեռեն վերահսկողություն սահմանել ինչպես գնման գործընթացների կազմակերպման, այնպես էլ բժշկական օգնության և սպասարկման որակի նկատմամբ։ Ավելին՝ 2013-ի պայմանագրում կամրագրվի տվյալ բուժհաստատությունում բուժաշխատողների նվազագույն աշխատավարձ։
Նշվեց նաև, որ նախարարությունը լուրջ աշխատանքներ կտանի պարտադիր բժշկական ապահովագրության ներդրման ուղղությամբ։
Ուշադրության կենտոնում էին նաև բժշկական կադրերի վերապատրաստմանը և շարունակական կրթությանը, մասնագետների լիցենզավորմանը կամ որակավորմանը, արդյունավետ կառավարմանը, ֆինանսավորման մեխանիզսմներին, հանրային առողջապահությանը վերաբերող և այլ հարցեր։
Կոլեգիայի անդամները հանդես եկան նաև առաջարկություններով։ Արա Մինասյանը կարևորեց մարզային առողջապահական ցանցի օպտիմալացման, ինչպես նաև սանավիացիայի վերականգնման հարցերը։
Որոշվեց երկու հարցն էլ ընդգրկել նախարարության ծրագրում։
Արա Բաբլոյանը նշեց, որ բավական լավ ծրագիր է մշակված և ոչինչ չի կարող խանգարել այն կյանքի կոչելուն։ Մանավանդ, որ արդեն իսկ բավական աշխատանքներ արվել են։
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը հավելեց, որ մինչ առողջապահական տեսչությունը կսկսի իր աշխատանքները, նախարարությունը ողջ հանրապետությունում լուրջ ուսումնասիրություններ է իրականացնում բոլոր ոլորտներում։
«Այսօր կարևոր ծրագրի իրականացման սկիզբն է դրվում։ Խնդիրներ կան, որոնց շատ արագ լուծումներ կտրվեն։ Խնդիրներ էլ կան, որոնք տարիների ընթացքում կկարգավորվեն։ Մենք ժամանակ չունենք և համատեղ ուժերով պիտի լծվենք համակարգի առջև ծառացած խնդիրները լուծելուն։ Կոլեգիայի այս նիստին մասնակցում են նաև մարզպետարանների առողջապահության բաժինների պետերը և Երևանի քաղաքապետարանի նորանշանակ վարչության պետը։ Նրանք տեղերում կներկայացնեն մեր այս ծրագիրը։ Երևանը մեր ամենաշատ բուժհաստատություններով համալրված կենտրոնն է, և բարեփոխումների շունչն ամենաշատ մայրաքաղաքում պիտի զգացվի»,- ամփոփելով քննարկումն ասաց Դերենիկ Դումանյանը։
Կոլեգիան հավանության արժանացրեց ներկայացված ծրագիրը և հանձնարարեց կազմել հստակ ժամանակացույց ու պատասխանատուներ` այն անշեղորեն կյանքի կոչելու համար։
Օրակարգում նաև «ՄԻԱՎ/ՁԻԱՀ ներկայի իրավիճակային վերլուծություն և 2012-2015թթ. նոր ազգային ծրագրի ընդունում» հարցն էր։ Կոլեգիան այն ընդունեց։
ՀՀ առողջապահության նախարարություն