«Ամերիկայի ձայն» ռադիոկայան. ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ասել է Միացյալ Նահանգների արևմտյան ափին հարող տարածքներին ուժգին հարված հասցրած գերփոթորիկ «Սենդի»-ի պատճառով տուժած մարդկանց, որ «Ամերիկան իրենց հետ է»:
«Սենդի» փոթորկի հետևանքները վերացնելուն ուղղված աշխատանքները երեքշաբթի օրը սկսվել են Նյու Յորք և Նյու Ջերսի նահանգներում, որոնց հասցվել է ամենամեծ վնասը, ինչպես նաև փոթորկից տուժած այլ նահանգներում:
Միացյալ Նահանգներում փոթորկի զոհ է գնացել 32 մարդ, հասցվել է միլիարդավոր դոլարների վնաս:
ԱՄՆ-ի նախագահը, որը ելույթ է ունեցել մայրաքաղաք Վաշինգտոնում գտնվող Ամերիկյան կարմիր խաչի գլխավոր գրասենյակից, ասել է, որ երկիրը կանգնած է փոթորկից տուժածների թիկունքին և կօգնի նրանց վերականգնել վնասները:
Կարդացեք նաև
«Նահանգապետերին և քաղաքագլուխներին ուղղված և նրանց միջոցով՝ մեծ վնասվածքներ կրած համայնքներին ցանկանում եմ հայտնել, որ կանենք ամեն ինչ, որպեսզի ձեզ հասցնենք անհրաժեշտ ռեսուրսները և ապահովենք, որ բոլոր կարիքներն արձանագրվել և հնարավորին արագ արձագանք են ստացել», – ասել է նախագահը:
Նյու Յորքի քաղաքագլուխ Մայքլ Բլումբերգն ասել է, որ ավելի քան ութ միլիոն բնակիչ ունեցող քաղաքում բնականոն կյանքը վերականգնելու համար կպահանջվի առնվազն մի քանի օր: Քաղաքում փոթորկի պատճառով հեղեղվել է մետրոյի մի քանի թունել, մոտ 750 հազար մարդ մնում է առանց էլեկտրականության:
Ըստ Բլումբերգի, չորեքշաբթի օրը դեռևս փակ կմնան դպրոցները, ինչպես նաև քաղաքի երկու խոշոր օդանավակայաններից մեկը՝ «ԼաԳուարդիա»-ն: Սպասվում է, որ չորեքշաբթի օրը կվերսկսվի Ջոն Քենեդու անվան միջազգային օդանավակայանի աշխատանքը:
Նյու Յորքից դեպի հյուսիս գտնվող Կոնեկտիկուտ նահանգում «Սենդի»-ի հետևանքով առաջացել են ջրհեղեղներ, առանց էլեկտրականության է մնացել մոտ 600 հազար բնակիչ:
Մեծ վնասվածքներ են հասցվել նաև Նյու Ջերսի նահանգին: Ավելի քան 2,4 միլիոն ընտանիք երեքշաբթի օրը մնում էր առանց էլեկտրականության, չէր վերականգնվել երկաթուղային համակարգի աշխատանքը: