Ձեր 65-ամյակը նշել եք «Օջախ» ռեստորանում, ճի՞շտ է: Այսօր Aravot.am-ի այս հարցին Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը պատասխանեց. «Հա, ի՞նչ կլինի որ»: Մենք մարզպետին հիշեցրինք, թե որքան աշխատավարձ է ինքը ստանում եւ «Օջախում» ինչպիսի գներ են, ուստի հարցին՝ Դուք բազմիցս նշել եք, որ մարզպետ լինելը փողաբեր գործ չէ, իսկ «Օջախում» ծնունդ նշելը բավականին շքեղ ծախս է պահանջում՝ նա պատասխանեց. «Բարեգործական էր ծնունդը»,- ասաց մարզպետն ու սկսեց բարձր-բարձր ծիծաղել:
Նրա խոսքերով՝ «Ես ասել եմ, չէ՞, որ իմ ընտանիքի անդամներն ունեն բիզնես: Ինչի՞ եք կարծում, որ մենք եկամուտ չունենք: Եկամուտ ունենք: Առանց բիզնես ինչպե՞ս կարելի է այս երկրում ապրել: Պիտի ունենաս բիզնես, որը եկամուտ պիտի ապահովի քո ընտանիքի համար: Թե չէ, իհարկե, 190 հազար դրամով ծնունդ չեն անում»: Երբ փորձեցինք մարզպետից հստակեցնել, թե, այնուամենայնիվ, եթե բարեգործական ծնունդ է արել, ո՞վ է ֆինանսավորել ծախսը: Կովալենկո Շահգալդյանը պատասխանեց. «Ես այդ ասեցի հանաքով, այսպես ասած: Ես եմ վճարել ու ասացի, որ մենք բիզնես ունենք»: Մեր հարցին, թե հաշիվը որքան է կազմել՝ մարզպետը պատասխանեց, որ այդքան էլ մեծ չի եղել, քանի որ քիչ մարդ է հրավիրել:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Կարդացեք նաև