ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի Թումանյանի քննչական բաժանմունքում Ախթալա քաղաքի բնակչուհի Ն.Ն.-ի գրավոր հաղորդման հիման վրա քրգործ է հարուցվել ՀՀ փաստաբանական պալատի անդամ, փաստաբան Ալեքսանդր Ծատինյանի նկատմամբ:
Փաստաբանը կասկածվում է 2011 թվականի հունվարից մինչեւ 2012 թվականի հունիսը Ն. Ն.-ից ու վերջինիս ընտանիքի անդամներից խարդախությամբ խոշոր չափերի գումար եւ այլ արժեքներ հափշտակելու մեջ:
Ալեքսանդր Ծատինյանը Aravot.am-ի հետ հարցազրույցում, հերքելով իրեն վերագրվող կասկածները, պնդում է, որ դրանք մտացածին են եւ իրականությանը չեն համապատասխանում: Նա ասում է, որ այս ամենն սկսվեց այն ժամանակ, երբ այս տարվա օգոստոսին քրեական գործ հարուցվեց Ալավերդի քաղաքի բնակչուհի Ա. Գ.-ի դեմ: Վերջինս կասկածվում էր իր դեմ հաղորդում ներկայացրած Ն.Ն.-ի սկեսրայր Փ.Մ.-ին վաշխառությամբ գումարներ տալու մեջ:
Դատարանում գործը ավարտվեց հաշտությամբ, սակայն այս անգամ էլ Ա. Գ.-ի շահերի պաշտպան Ալեքսանդր Ծատինյանը հայտնվեց կասկածյալի կարգավիճակում: «Այդ գործի շրջանակներում ինձ անգամ կանչեցին որպես վկա, բնականաբար չներկայացա, ու քանի որ իմ վրա ոչինչ չգտան, ու հաշվի առնելով, որ փաստաբան եմ ու իմ դեմ չէին կարող այդ առիթով քրեական հետապնդում իրականացնել, այդ քրեական որոշումը ձեւակերպեցին, իրենց պաշտոնեական դիրքը չարաշահելով` մաս առանձնացրին, առանձին դիմում վերցրին այդ դիմումատուներից, որ իբր թե ես խարդախությամբ իրենցից գումար եմ վերցրել ու խարդախւթյան գործը դրեցին վրաս`ինձ ներգրավելով որպես կասկածյալ»,-պատմում է փաստաբանը:
Կարդացեք նաև
Նա նշում է, որ այս ամենը Թումանյանի քննչական բաժնի պետ Ռուդիկ Ստեփանյանի ձեռքի գործն է. իրականում ինքը երբեւէ որեւէ մեկից ոչ մի գումար էլ չի վերցրել: «Տեղեկություններ ունեմ, որ խարդախության մեջ կասկածանքի հետեւում Ռուդիկ Ստեփանյանն է կանգնած, ինքն է դրդել քաղաքացուն իմ դեմ կեղծ հաղորդում ներկայացնելու: Ռուդիկ Ստեփանյանը իմ դեմ հաղորդում ներկայացրած անձի ու նրա ընտանիքի անդամների հովանավորն է, եւ ում որ այդ մարդիկ վերադարձնում են գումարները, նա նրանց հետ հաշվեհարդար է տեսնում: Իսկ դատարանի որոշմամբ ու հաշտության պայմանագրով նրանք պարտավորվել են վերադարձնել պաշտպանյալիս նրանից վերցված գումարները»,-ասում է փաստաբանը` նշելով, որ նախաքննական մարմինը խախտել է «Փաստաբանության մասին օրենքի» 21-րդ հոդվածի 4 –րդ եւ 8-րդ կետերով նախատեսված փաստաբանի գործունեության երաշխիքները` քրեական հետապնդում իրականացնելու, որպես վկա հրավիրելու հանգամանքների հետ կապված:
Ավելին`փաստաբանի խոսքերով` խուզարկել են նաեւ իր բնակարանը, խոչընդոտել մասնագիտական գործունեությունը: «Իրենք չարաշահում են իրենց պաշտոնեական դիրքը, այս ընթացքում անօրինական մեր տուն խուզարկություն էլ են արել, տարբեր ձեւի անհանգստացրել են, խոչընդոտել իմ գործունեությունը, ցանկանում են ցույց տալ, որ ինչ ուզեն, այն էլ կարող են անել»:
Նա նախաքննական մարմնի նմանօրինակ գործողությունների նկատմամբ վերահսկողություն ու միջամտություն իրականացնելու ակնկալիքով դիմումներ է հղել պատկան մարմիններին: «Եթե ես ինչ-որ արդյունքի չհասնեմ, նույն հայտարարությունները անելու եմ Ռուդիկ Ստեփանյանի դեմ: Օրինակ` կարող եմ հայտարարություն անել, որ նա կասկածվում է կաշառքի մեջ է, ով որ տուժել է, թող գա ինձ դիմի, ես էլ իրեն կպաշտպանեմ»,-եզրափակում է Ալեքսանդր Ծատինյանը:
Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ